Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը
Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը.
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:
Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ռեզիդենտ ընկերությունների կողմից ստացման ենթակա` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:
(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128, 11.06.09 ՀՕ-153-Ն, փոփ. 27.10.10 ՀՕ-152-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-189-Ն, 22.12.10 ՀՕ-265-Ն, 29.11.11 ՀՕ-301-Ն)