Հոդված 33. Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը
Հոդված 33. Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը
1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով (բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված դեպքերի), իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների նկատմամբ 0.01 տոկոս դրույքաչափով:
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի (այսուհետ սույն մասում՝ հարկ վճարողների խումբ) շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է սույն մասով նախատեսված դրույքաչափով, եթե հարկ վճարողների խումբը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմանները՝
1) հարկ վճարողների խմբում չկան մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) վերամշակման, թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և (կամ) իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության և (կամ) իրացման ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ.
2) հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ: Ընդ որում, արտահանման ծրագրի իրականացման տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խումբն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող նվազագույն մեծությունը.
3) հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից հանրագումարային հաշվարկով մուտքագրվել է առնվազն 40 մլրդ դրամին համարժեք արտարժույթ.
4) հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողները հաշվետու տարվա ընթացքում չունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից, բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի ստացման ենթակա եկամուտներ:
Սույն մասով նախատեսված բոլոր պայմանները միաժամանակ բավարարող՝ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է՝
1) 5 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ.
2) 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 50 մլրդ դրամ:
Սույն մասով նախատեսված՝ արտահանման ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով, եթե վերջին(ներ)ս գործունեություն է (են) իրականացնում շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
Սույն մասով նախատեսված ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)
(33-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 22.12.10 ՀՕ-265-Ն, 03.03.15 ՀՕ-4-Ն, փոփ., լրաց. 07.05.15 ՀՕ-37-Ն)