Հոդված 12. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը
Հոդված 12. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը
1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
2. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքները կիրառվում են`
1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնման դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:
(12-րդ հոդվածը խմբ. 07.12.11 ՀՕ-329-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-251-Ն)