Հոդված 13.8. Ռոյալթիի վճարման կարգը
Հոդված 13.8. Ռոյալթիի վճարման կարգը
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:
2. Նախքան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիների վճարումը վճարողները յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ, սույն հոդվածով սահմանված կարգով, կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ տվյալ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով:
3. Մինչև նախորդ տարվա ռոյալթիի գումարի հաշվարկումը (մինչև ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումը) վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս:
Նախորդ տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումից հետո հաշվարկ-հաշվետվության ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկ-հաշվետվության ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով, ելնելով սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված չափից:
4. Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի ցածր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողները կարող են մինչև տվյալ եռամսյակի համար կանխավճարի կատարման ժամկետը իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և հայտարարության հիման վրա տվյալ եռամսյակի կանխավճարը պակաս վճարել` խտանյութի գնի նվազման գործակցով պակաս չափով:
Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի բարձր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողների տվյալ եռամսյակի ռոյալթիների կանխավճարների գումարներն ավելացվում են խտանյութի գնի բարձրացման գործակցով ավել չափով:
Սույն կետի կիրառման առումով միջազգային շուկայական միջին գինը որոշելու համար հիմք է ընդունվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարած գինը:
5. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը վճարվում է պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը:
6. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
7. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավելի վճարված գումարները, այդ թվում` տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարի` ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված ռոյալթիի պարտավորության գերազանցող մասը, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում է դիմումն ստանալու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում:
(13.8-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)
(13.8-րդ հոդվածը 24.11.15 ՀՕ-163-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2018 թվականին)