Հոդված 7. Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց պարտականությունները
Հոդված 7. Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց պարտականությունները
Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`
ա) իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում.
բ) կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու և կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը և պահպանումը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան և տրամադրել սույն պարբերությունում նշված փաստաթղթերը:
դ) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:
2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են կամավոր հարկային մարմին ուղարկել հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ցանցային կապի միջոցներով: Սույն պարբերությունում նշված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներ անցկացվում են միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա` հարկ վճարողի գործունեությունը ռիսկային դիտարկելու դեպքերում:
Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`
- 2013 թվականի հունվարի 1-ից` ամսական ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,
- 2014 թվականի հունվարի 1-ից` եռամսյակային ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,
- 2015 թվականի հունվարի 1-ից` ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի.
ե) մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով:
2011 թվականի մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող և օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
(7-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն)