Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները
Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում, իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող`
1) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը.
2) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
1.1. Սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում են արտոնագրային վճար վճարողներ` հաշվի առնելով սույն հոդվածի 1.2-րդ մասի պահանջները: Սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտները, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը և ժամկետները սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 8 հավելվածով:
1.2. Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են շրջանառության հարկ վճարողներ, սույն օրենքի 8-րդ հավելվածով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում համապատասխան գործունեության մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ:
2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 9,0 մլն դրամը:
3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
2) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
3) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
5) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.
7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը):
4. Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում ֆիզիկական անձի գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները:
5. Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:
(4-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-243-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-67-Ն)