Հոդված 201.4. Դատական ակտը
Հոդված 201.4. Դատական ակտը
1. Գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող հետևյալ դատական ակտերը.
1) դիմումը բավարարելու և պաշտպանական որոշումը կայացնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին.
3) դիմումը մասնակի բավարարելու և դիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.
4) դիմումը մասնակի բավարարելու և դիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:
2. Դիմումի քննության ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:
3. Դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Պաշտպանական որոշումը դրանում նշված ժամկետից շուտ կարող է վերացվել դատարանի կողմից` ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված հաշտության դեպքում: Ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը պաշտպանական որոշումը վերացնելու նպատակով դատարան է ներկայացնում դիմում և աջակցության կենտրոնի մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը: Պաշտպանական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է առանց նիստ հրավիրելու:
5. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:
6. Որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը: Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝
1) ընտանիքում բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտությունը.
2) ընտանիքում բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնարարի կողմից:
7. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե դիմումը ներկայացվել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից, ապա նաև այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում որոշման պատճենները տրամադրվում են ոստիկանությանը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Լիազոր մարմնին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե որոշումն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմին:»: