Հոդված 62. Փորձագետի եզրակացությունը
Հոդված 62. Փորձագետի եզրակացությունը
1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
1) նշում` կիրառված մեթոդների մասին.
2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:
Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:
4. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
5. Եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
6. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ:
(62-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)