Հոդված 118. Դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների ընդգրկման կարգը
Հոդված 118. Դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների ընդգրկման կարգը
(վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն)
1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղակետ դադարացվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքով (այսուհետ` նախկին դատավորներ), և որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղակետ դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, կարող են դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղակետ դադարեցնելու հիմք ծառայած հանգամանքները:
2. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հուլիսի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
4. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի։
5. Դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան բաժնի լրացման նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նա ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների թեկնածությունների ցուցակը, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված:
6. Արդարադատության խորհրդի կողմից թեկնածությունը չառաջարկելու կամ Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունը մերժելու դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք զրկվում են մերժման պահից երեք տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար կրկին դիմելու հնարավորությունից:
7. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր և բավարարում է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կամ 138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջները, ապա իր ցանկության դեպքում թեկնածությունների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում նաև համապատասխան ծառայողական առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկվելու հարցը: Այդ անձը Արդարադատության խորհրդին պարտավոր է հայտնել առաջխաղացման ցուցակի այն բաժինը, որում ցանկանում է ընդգրկվել:
8. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)
(118-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-211-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն)