Հոդված 153. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
Հոդված 153. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:
2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝
1) արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.
2) արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.
3) աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց վեց ամիս հետո.
4) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում թույլ տալը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո.
5) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 72-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի իր համար սահմանված պարտականությունները չկատարելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից խախտումը կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում.
6) սույն օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումից մեկ տարի հետո:
3. Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն:
4. Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:
5. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում, սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ժամկետները հաշվարկվում են տվյալ դատական ակտը կայացնելու պահից:
(153-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-12-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-51-Ն, 10.06.14 ՀՕ-47-Ն)