Հոդված 74. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները
Հոդված 74. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
1. Դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև ուսումնական հարցերի հանձնաժողովները:
2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորությունները:
3. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 անդամ, որոնցից երկուսը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, երկուսը՝ Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից: Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
4. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 5 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, մեկը՝ վերաքննիչ դատարաններից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից:
5. Դատավորների ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով:
6. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` 4 տարի ժամկետով:
7. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ դատարանների բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ:
8. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված 5 անդամից, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով:
9. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
(74-րդ հոդվածը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)