Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում`
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով.
«6. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենսգրքով սահմանված դեպքերում առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:
7. Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը (այսուհետ` Երեխայի լավագույն շահեր):
8. Եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը:»։