Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը.
1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:
3. Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը:
4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
7. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:»: