Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը
Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
3) նա մահացել է.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝
1) խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները.
2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ.
3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի.
4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.
5) կատարել է էական կարգապահական խախտում:
3. Էական կարգապահական խախտում է`
1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը.
2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը.
3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Սահմանադրական դատարանի դատավորը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին:
5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո` մեկօրյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը և Վճռաբեկ դատարանի նախագահին: