Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը
Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունն անցկացվում է՝
1) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման դեպքերում՝ նրա լիազորությունների դադարման մասին Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում.
2) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման կամ Սահմանադրական դատարանի նոր դատավոր չընտրվելու դեպքերում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
2. Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
3. Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:
5. Սահմանադրական դատարանի դատավորի միաժամանակ թափուր երկու և ավելի տեղերի համար թեկնածուների առաջադրումները կատարվում են Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցողների կողմից:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 29.03.19 ՀՕ-5-Ն, փոփ., լրաց. 22.06.20 ՀՕ-311-Ն)