Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-08-ից մինչև 2024-05-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 83. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը

գործել է մինչև 2024-05-13Բացել ARLIS-ում

Հոդված 83. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում և սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը:

4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:

6. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավազորությունները:

11. Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին.

2) դիմումը մերժելու մասին։

12. Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։