Հոդված 34. Հաշվեքննության իրականացման կարգը
Հոդված 34. Հաշվեքննության իրականացման կարգը
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունը կազմակերպում և իրականացնում է սույն օրենքի պահանջներին համապատասխան: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու հիմնարկներում իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է եզրակացություն կամ ընթացիկ եզրակացություն։ Իրավաբանական անձանց մոտ իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է հաշվեքննության արձանագրություն։
2. Հաշվեքննությունն իրականացվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաստատված հաշվեքննության առաջադրանքի հիման վրա:
3. Հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին` հավանության: Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամը հաշվեքննության առաջադրանքի նախագիծը ներկայացնում է հաշվեքննիչ պալատի հաստատմանը:
4. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի 2-րդ մասի ծրագրային կետի կատարումն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ գործունեության ծրագրում ավելացված նոր ծրագրային կետի դեպքում՝ ծրագրային կետի ավելացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հաշվեքննությունն սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձևով տեղեկացնում է հաշվեքննության անցկացման, դրա տեսակների, ընթացակարգերի, ժամկետների, հաշվեքննվող ժամանակաշրջանի մասին:
5. Հաշվեքննության խմբի աշխատանքները ղեկավարում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Հաշվեքննության առաջադրանքի մեջ չնշված անձինք չեն կարող մասնակցել հաշվեքննությանը:
6. Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման և դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է մինչև 24 աշխատանքային օր, որը հաշվեքննության ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 24 աշխատանքային օրով` հաշվեքննիչ պալատի որոշմամբ:
7. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հաշվեքննության ընթացքում հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:
(34-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-81-Ն)