Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«Հոդված 5.1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը
1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում է էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն էներգետիկայի բնագավառում՝
ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններն ու պահանջները.
գ) համագործակցում է հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
դ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
ե) համաձայնություն է տալիս հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
զ) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին.
է) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.
ը) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.
թ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:»: