Հոդված 25. Քվեարկության նախապատրաստումը
Հոդված 25. Քվեարկության նախապատրաստումը
1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝
1) հանրաքվեի դրված հարցի տեքստը,
2) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը,
3) հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը:
3. Հանրաքվեի ժամանակ քվեարկության սենյակի կահավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Քվեարկության համար հատկացվում են քվեարկության խցիկներ` յուրաքանչյուր 750 քաղաքացու հաշվարկով առնվազն մեկ խցիկ: Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ քաղաքացին կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, և տեղադրված լինի գրիչ:
5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:
(հոդվածը 05.12.24 ՀՕ-512-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)