Հոդված 20. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
Հոդված 20. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը: Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25 000-ապատիկը: Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից համապատասխանաբար 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` երրորդ օրը:
2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով կամավոր մուծում: Կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից կամ կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում:
3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:
4. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցների ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
5. Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
6. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
7. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:
8. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: