Հոդված 24. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը և քվեատուփը
Հոդված 24. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը և քվեատուփը
1. Հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և նմուշը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովելու քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը ներառում է ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
3. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկական քվեաթերթիկ և քվեարկության ծրար: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում մասնակիցներին տրվում են հանրաքվեի դրված հարցերին համապատասխան քվեաթերթիկներ և ծրարներ: Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
4. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:
Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են քվեարկության տարին, ամիսը, ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:
5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան երեք օր առաջ` լիազոր մարմնի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:
6. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը:
7. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
8. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պարունակում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:
9. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքները, քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները և մյուս պարագաները հատկացվում և վերադարձվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: