Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-20-ից մինչև 2020-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 23. Նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2020-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 23. Նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

3. Նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համար ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, քան նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու համար: Եթե նորմատիվ իրավական ակտի որոշակի մասով այլ ժամկետում ուժի մեջ մտնելու համար նորմատիվ իրավական ակտը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում մասնակի: Այս դեպքում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնելու այլ ժամկետում:

4. Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:

5. Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

6. Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

7. Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ ակտերի, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող ներքին ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։