Հոդված 16. Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը
Հոդված 16. Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը
1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ
3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:
2. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:
3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:
4. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:
5. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
6. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, և այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, ապա այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:
7. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:
8. Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից: