Հոդված 5
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ հոդվածներով.
«Հոդված 5.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը
1. Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:
2. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների և համայնքի ղեկավարներն առաջարկությունը վարչապետին ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան նախարարի միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առաջարկությունը պետք է համապատասխանի սույն օրենքի 5.2-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը ներկայացվող պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի:
4. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին` մատնանշելով համապատասխան թերությունները:
5. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:
6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունները վարչապետին ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երկու ամիս առաջ:
7. Վարչապետը նախաձեռնություն դրսևորելու նպատակով կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալու դեպքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դիմում է վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
8. Հանձնաժողովը խորհրդատվական եզրակացությունը տալիս է երկշաբաթյա ժամկետում:
9. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կարող է մեկշաբաթյա ժամկետում միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին: Սահմանված ժամկետում միջնորդությամբ չդիմելու դեպքում համապատասխան առաջարկությունը համարվում է մերժված, որի մասին առաջարկություն ներկայացնող մարմինը կամ անձն իրազեկվում է:
10. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական պարգևով կամ պատվավոր կոչումով պարգևատրման առաջադրվող անձի կամ կոլեկտիվի մատուցած ծառայության բնույթը և կարևորությունը` բացառիկ դեպքերում վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ Հանրապետության նախագահին կարող է դիմել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:
11. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հանձնաժողովը, և հաստատվում է Հանձնաժողովի աշխատակարգը: