Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Արյան ազգային ծառայությունը
1. Արյան ազգային ծառայությունը ներառում է`
1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.
2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները.
3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:
2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններն իրականացնում են`
1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա.
2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով.
3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում:
3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որևէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա:»: