Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ հոդվածներով.
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ հոդվածներով.
«Հոդված 7.1. Չհիմնավորված բարձր գինը
1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների, պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`
1) սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.
2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն՝ այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից: