Հոդված 7. Վարչապետը
Հոդված 7. Վարչապետը
1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:
2. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
3. Վարչապետը հետևում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը:
4. Վարչապետն ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը:
5. Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ:
5.1. Վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունած տարբերակն է:
6. Վարչապետն իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտները:
7. Վարչապետն իրավասու է ընդլայնելու նախարարության գործունեության ոլորտները:
8. Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և սահմանում է աշխատողների քանակը:
9. Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում` Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում վարչապետի աշխատակազմի հանրային ծառայության այլ պաշտոններում և ազատում այդ պաշտոններից:
10. Վարչապետի աշխատակազմը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Վարչապետի աշխատակազմն ստեղծվում և վերակազմակերպվում է վարչապետի որոշմամբ: Վարչապետի աշխատակազմը գործում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր կանոնադրության հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
11. Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը:
11.1. Վարչապետն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ պետական վերահսկողական ծառայության միջոցով:
12. Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:
13. (մասն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
14. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
15. Վարչապետն իրավասու է օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների որոշումները:
16. Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին:
16.1. Վարչապետն իրավասու է ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքով հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:
17. Վարչապետի նստավայրը Երևան քաղաքում է:
(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.05.19 ՀՕ-31-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-335-Ն, 13.07.23 ՀՕ-252-Ն, 29.05.25 ՀՕ-191-Ն)