Հոդված 11. Կառավարության որոշումները
Հոդված 11. Կառավարության որոշումները
1. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:
2. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Կառավարության որոշումն ընդունվում է Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կամ կողմ, կամ դեմ, կամ ներկայացնել առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ: Վարչապետին նման առաջարկություն ներկայացվելու դեպքում սույն մասում նշված Կառավարության որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է Կառավարության նիստում՝ ընդհանուր կարգով:
3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում Կառավարության բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կողմ կամ դեմ:
4. Վարչապետին փոխարինող փոխվարչապետի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես վարչապետի ձայն:
5. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարության որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը Կառավարության նիստում ընդունված տարբերակն է:
6. Կառավարության որոշումների նախագծեր կարող են ներկայացնել Կառավարության անդամները:
7. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները Կառավարության որոշումների նախագծեր կարող են առաջարկել վարչապետին, իսկ այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Կառավարության համապատասխան անդամին:
8. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին և արտաքին քաղաքականությունը մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ և դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր, ինչպես նաև կարող է հավանության արժանացնել ոլորտային ներդրումային ծրագրեր: Սույն մասի իմաստով՝ ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված, պետական օժանդակության կարիք ունեցող և նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը:
(11-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն, 09.06.22 ՀՕ-275-Ն, 12.07.24 ՀՕ-304-Ն)