Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Ավիացիայի և օդային տրանսպորտի պետական կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը:

2. Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):

3. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

4. Կոմիտեն `

1) իրականացնում է ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.

2) վերահսկողություն է իրականացնում սահմանված պահանջների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

3) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը, համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին.

4) սույն օրենքի համաձայն` տրամադրում է առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր և թույլտվություններ` ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար.

5) իրականացնում է օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրություն և վերլուծություն.

6) վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրը.

7) սահմանում է քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջները, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

8) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.

9) մշակում և հաստատում է քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջները.

10) ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, այդ նպատակով մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը.

11) ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, այդ նպատակով մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 և այլն).

12) սահմանում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերի սահմանումը.

13) սահմանում է ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ և պահանջներ պարունակող հատուկ կարգերը.

14) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերն ու ցանկը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը.

15) սահմանում է ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունների և վկայականների տրամադրման կարգը.

16) սահմանում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության և ճանաչման կարգը.

17) սույն օրենքի համաձայն` վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.

18) սույն օրենքի համաձայն` տրամադրում է ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ և դադարեցնում է դրանց գործողությունը` անհրաժեշտության դեպքում փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

19) իր սահմանած կարգով`

ա. կատարում է ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունը և տրամադրում է վկայականներ,

բ. իրականացնում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրությունը և ճանաչումը.

20) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննություն, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում.

21) օդանավերի` երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում համակարգում է որոնողափրկարարական աշխատանքները.

22) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության.

23) ներկայացնում է Կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում.

24) հաստատում է օդանավակայանների և օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը.

25) տրամադրում է թույլտվություններ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին.

26) տրամադրում է վկայականներ ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների կազմին), երկարաձգում, կասեցնում և դադարեցնում է վկայականների գործողության ժամկետները.

27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի ստուգումներ.

28) հսկողություն իրականացնելու նպատակով ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին կոմիտեի համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցությունը:

5. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` կոմիտեի լիազորությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:

6. Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Կոմիտեն ունի արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Կառավարության սահմանած աղբյուրներից՝ Կառավարության որոշմամբ: Կոմիտեի արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, կոմիտեի աշխատակիցների պարգևատրումը (այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների), ինչպես նաև սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:

7. Կոմիտեն իր լիազորությունների իրականացման նպատակով ընդունում և ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:

8. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Կառավարության լիազորած մարմին է (այսուհետ՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

9. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը և վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի ձևավորած մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից։

10. Ավիացիոն պատահարն օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն է, որը օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում սկսած այն պահից, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից շարժվել մինչև թռիչքի ավարտին նրա կանգառի պահը և հիմնական ուժային կայանքի անջատումը, և որի ընթացքում`

1) որևէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի իմաստով` լուրջ մարմնական վնասվածք տվյալ օդանավում գտնվելու կամ օդանավի ինչ-որ մասի, ներառյալ` տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման կամ ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների հետևանքով, հասցվել է ինքն իրեն, կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից, կամ երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղևորներին, որոնք թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղևորների և անձնակազմի անդամների համար.

2) օդանավն ստանում է վնասվածքներ, կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական և թռիչքային բնութագրերը, և սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում, բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ` դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թևի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ` ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ և վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ՝ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները), կամ

3) օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալը բացարձակապես անհնար է:

11. Լուրջ միջադեպը իրադարձություն է, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում՝ սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվել մինչև թռիչքի ավարտին նրա կանգառը և հիմնական ուժային կայանքի անջատումը:

12. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ նրա ստեղծած` պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազորված մարմնից և այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործառույթներին: Իր գործառույթներն իրականացնելիս ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը որևէ այլ մարմնից չի ստանում ցուցումներ և չի ղեկավարվում ստացած ցուցումներով և ունի Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված լիազորություններ քննությունների անցկացման նկատմամբ: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովն իրավունք ունի`

1) անարգել մուտք գործելու պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.

2) հետազոտելու պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ՝ օդանավային ինքնագրերը և օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները, պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաև օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները և ստանալու անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:

13. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կազմակերպում է օդանավի, նրա մասերի և պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանությունը՝ տվյալ տարածքներ կողմնակի անձանց մուտքն ու հափշտակության դեպքերը կանխելու և օդանավի ու նրա մասերի ֆիզիկական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով:

14. Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի օդերևութաբանական ապահովման լիազորված մարմինը Կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ԻԿԱՕ) նշանակված Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմին է (այսուհետ՝ օդերևութաբանական լիազորված մարմին):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։