Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 20-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականության մշակմանը և ապահովում է դրա իրականացումը, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը, գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը և համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը՝
1) իրականացնում է գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցում.
2) կազմում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշիռը.
3) ստեղծում է անշարժ գույքի կադաստրային և տեղագրական քարտեզներ, կազմում է թվային կադաստրային և տեղագրական քարտեզներ.
4) իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, մասնակցում է բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը.
5) մշակում և ներդնում է անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգը, պետական գրանցման ծածկագրերը.
6) կազմակերպում և իրականացում է անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումներ (մոնիտորինգ), հրապարակում է անշարժ գույքի շուկայի վերլուծությունը և տեղեկատվությունը.
7) ստեղծում և կառավարում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկը, պահպանում է կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերը.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» որակավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.
9) իրականացնում է համակարգում ավտոմատացված կադաստրի ներդնում.
10) ապահովում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում.
11) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակմանը` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով.
12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը կազմելու համար տրամադրում է տեղեկատվություն անշարժ գույքի մասին, կազմված նախագծերի և դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություններ.
13) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակմանը.
14) մշակում է բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծեր, նորմատիվ փաստաթղթեր (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլն).
15) հրապարակում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.
16) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա ստեղծում և կառավարում է պետական քարտեզագրական ֆոնդը.
17) իրականացնում է պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և պարբերաբար թարմացման աշխատանքներ, ապահովում է կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորումը.
18) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է թույլտվություններ և այդ աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
19) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողություն:»: