Հոդված 11.1. Հարկային մարմնի (վերադաս հարկային մարմնի) ղեկավարը
Հոդված 11.1. Հարկային մարմնի (վերադաս հարկային մարմնի) ղեկավարը
(վերնագիրը լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)
Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար.
2) հարկային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով տալիս է հանձնարարագրեր, հրամաններ, կայացնում է որոշումներ.
3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ.
4) սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը՝ սույն օրենքից ելնելով.
5) սահմանում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները.
6) հաստատում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և հաստիքացուցակը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը.
8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները.
9) վերահսկողություն է իրականացնում հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման նկատմամբ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը.
11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները.
12) տնօրինում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.
13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր՝ ըստ անհրաժեշտության.
14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար.
15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
- եզրակացությունը թողնել անհետևանք,
- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,
- վերանայել պատասխանատվության ձևը,
- արձակել հրաման՝ հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար:
(11.1-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն)