Հոդված 23. Հարկային ծառայության հատուկ կոչումները
Հոդված 23. Հարկային ծառայության հատուկ կոչումները
1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.
- Հարկային ծառայության գեներալ-մայոր,
- Հարկային ծառայության գնդապետ,
- Հարկային ծառայության փոխգնդապետ,
- Հարկային ծառայության մայոր,
- Հարկային ծառայության կապիտան,
- Հարկային ծառայության ավագ լեյտենանտ,
- Հարկային ծառայության լեյտենանտ:
2. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է վարչապետը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում չնշված հատուկ կոչումները, աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կոչում կամ դասային աստիճան ունենալու դեպքում` կոչումները, աստիճանները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը:
3.1. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների:
4. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները.
- Հարկային ծառայության լեյտենանտի համար` 1 տարի,
- Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի,
- Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:
5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:
6. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում:
Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:
(23-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն)