Հոդված 5
Հոդված 5.
Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը և գործառույթները
1. Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում վերահսկողական գործառույթների իրականացումն է:
2. Վերահսկիչ պալատի գործառույթներն են`
ա) բյուջետային ելքերի, այդ թվում` պետության կողմից տրվող դոտացիաների, սուբսիդիաների և սուբվենցիաների նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ` բյուջետային մուտքերն ապահովող լիազորված մարմիններին պետական բյուջեից կատարվող հատկացումների արդյունավետությունը գնահատելու նպատակով բյուջեի մուտքերի հավաքագրմանն ուղղված գործառույթների նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
բ) պետական բյուջեի և մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` կենտրոնական բանկ) տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների կազմումը և տրամադրումը.
գ) պետական պարտքի կառավարման, այդ թվում` արտաքին վարկային միջոցների ներգրավման, սպասարկման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
դ) պետական արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պետական պարտքի սպասարկման մասով կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ ֆինանսական, կատարողական և համապատասխանության վերահսկողության իրականացումը, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով պետական բյուջեն և պետական պարտքը սպասարկող առևտրային բանկերի սպասարկման գործունեության նկատմամբ ֆինանսական և համապատասխանության վերահսկողության իրականացումը.
զ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի ելքերի նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև բյուջեի մուտքերն ապահովող լիազորված մարմնի գործառույթների կատարման նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
է) համայնքների բյուջեի ելքերի նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև համայնքային բյուջեի մուտքերն ապահովող մարմինների գործառույթների կատարման նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
ը) Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի կողմից իրագործվող խնդիրների օրինական և արդյունավետ կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`
- պետական և համայնքային դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման և ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարման նկատմամբ,
- օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների համակարգման ու հսկման նկատմամբ.
թ) պետական ու համայնքային սեփականության (ներառյալ` մտավոր սեփականությունը, մշակութային արժեքները) կառավարման, օգտագործման` օտարման, մասնավորեցման, վարձակալության և անհատույց օգտագործման, հողամասի կառուցապատման, հավատարմագրային կառավարման, կոնցեսիայի նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`
- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, օգտագործման, մասնավորեցման և ապապետականացման ծրագրերի կատարման նկատմամբ,
-կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորված մարմինների կողմից բաժնեմասի կառավարման գործունեության նկատմամբ կատարողական վերահսկողության իրականացումը,
- պետական և համայնքային հիմնարկների, կազմակերպությունների լուծարման գործընթացների նկատմամբ,
- պետական լիազորված մարմնի և համայնքների կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողերի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև կառուցապատման, անհատույց (մշտական կամ ժամանակավոր) և վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման և հողի հետ կապված այլ գործարքների օրինական և արդյունավետ իրականացման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի (որպես պետության բացառիկ սեփականություն) օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման նկատմամբ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական ու համայնքային գույքի հաշվառման, ինչպես նաև դրանց կողմից այդ գույքի սեփական սպառման (սեփական կարիքների համար օգտագործման) նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների պետական գանձարանի միջոցների և թանկարժեք մետաղների պետական ֆոնդի օգտագործման նկատմամբ.
ժ) վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և պարբերականների կազմումը և հրապարակումը: