Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2015-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 8

գործել է մինչև 2015-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Վերահսկիչ պալատի նախագահը

1. Վերահսկիչ պալատի նախագահը վերահսկիչ պալատի ղեկավարն է։

2. Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով։ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:

3. Իր գործունեության ընթացքում վերահսկիչ պալատի նախագահը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, իրավական այլ ակտերով, վերահսկիչ պալատի կանոնակարգով:

4. Վերահսկիչ պալատի նախագահը`

ա) կառավարում է վերահսկիչ պալատի գործունեությունը և ապահովում է նրա բնականոն աշխատանքը.

բ) հրավիրում և նախագահում է վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը.

գ) սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում վերահսկիչ պալատի խորհրդի անդամների թեկնածությունների առաջարկություններ, ինչպես նաև նրանց պաշտոնազրկման վերաբերյալ վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկներ.

դ) որոշում է վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգման բաշխվածությունը վերահսկիչ պալատի խորհրդի անդամների միջև.

ե) օրենքով սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում վերահսկիչ պալատի աշխատակիցներին.

զ) օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ և կնքում է պայմանագրեր, իրականացնում է վերահսկիչ պալատին հատկացված բյուջետային միջոցների կարգադրիչի լիազորությունները.

է) ներկայացնում է վերահսկիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, հանդես է գալիս վերահսկիչ պալատի անունից, գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.

ը) լսում է վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցների գործողությունների (կազմված արձանագրությունների) դեմ բերված վարչական բողոքները.

թ) իրականացնում է սույն օրենքով և վերահսկիչ պալատի կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունները:

5. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`

ա) վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում.

բ) վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

գ) վերահսկիչ պալատի նախագահի ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա:

6. Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին։ Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

7. Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովի նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

8. Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում, ինչպես նաև նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։