Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 88.
Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը
1. Հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե՝
ա) հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.
բ) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին չի ներկայացվում սույն օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետով սահմանված հաշիվ-ապրանքագիրը կամ այլ փաստաթղթերը.
գ) մաքսային մարմինները բավարար հիմքեր ունեն հայտարարատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում տրված տեղեկություններն անարժանահավատ համարելու համար, և հայտարարատուն չի ներկայացնում մաքսային մարմինների կողմից հաշիվ-ապրանքագրում տրված տեղեկությունների իսկությունը հաստատելու նպատակով պահանջվող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
ապրանքների գնման պայմանագրի պատճենը,
գնված ապրանքի համար գումարի վճարման վերաբերյալ փաստաթղթերը, եթե պայմանագրով նախատեսված չէ վճարումն իրականացնել ավելի ուշ, քան հայտարարագրման պահը,
վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով լրացված մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը.
դ) եթե ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն ունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.
ե) ապրանքի ձեռքբերման գինը պայմանավորված է որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.
զ) ապրանքներ տեղափոխող անձի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջացած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» ենթակետին համապատասխան լրացում կատարել.
է) գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը գնորդի և վաճառողի փոխկապակցվածության պատճառով ակնհայտ ցածր է:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«է» ենթակետերով նախատեսված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 89-94 հոդվածների համաձայն:
4. Սույն հոդվածի նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն կետի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: