Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 87.

Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում՝ ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև առաքման պայմաններով նախատեսված լինելու դեպքում՝ առանձին տողերով՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված և ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝

ա) մաքսային մարմինները չունեն բավարար հիմքեր սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթուղթն անարժանահավատ ճանաչելու համար.

բ) ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն չունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.

գ) վաճառքը կամ վաճառքի (ձեռքբերման) գինը պայմանավորված չէ որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.

դ) գնորդի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջ եկած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի անցնում վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել.

ե) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա հայտարարատուն հիմնավորում է, որ գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը մոտ է հետևյալ արժեքներից մեկին՝

վաճառողի հետ ոչ փոխկապակցված գնորդին Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում վաճառված նույն կամ համանման ապրանքների գործարքի գնին,

սույն օրենսգրքի 91 հոդվածի համաձայն՝ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում որոշված նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին,

սույն օրենսգրքի 92 հոդվածի համաձայն՝ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում որոշված նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին:

Սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի հիմնավորումն իրականացվում է հայտարարատուի նախաձեռնությամբ միայն համեմատություն կատարելու ճանապարհով հայտարարագրված մաքսային արժեքը հիմնավորելու նպատակով: Հիմնավորման ընթացքում ուշադրություն պետք է դարձնել առևտրային և քանակական մակարդակների տարբերությունների, սույն օրենսգրքի 83 հոդվածում թվարկված տարրերի, ինչպես նաև գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության բացակայության դեպքում՝ վաճառողի կամ գնորդի կրած ծախսերի վրա, որոնք բացակայում են այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք են.

զ) հայտարարագրված մաքսային արժեքն էականորեն ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ընդունված նույն կամ համանման ապրանքների համար գործարքի գնի մեթոդով որոշված համապատասխանաբար ամենացածր կամ ամենաբարձր մաքսային արժեքից:

3. Հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո մաքսային մարմինները, եթե չեն կարող ընդունել գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը, պարտավոր են հնարավորություն ընձեռել ապրանքը տեղափոխող անձին՝ տրամադրելու այնպիսի մանրամասն տեղեկատվություն, որը կարող է անհրաժեշտ լինել վաճառքին (գործարքին) առնչվող հանգամանքները քննության առնելու համար: Այդ նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմիններին ներկայացնել վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով լրացված մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը, որով հայտարարագրված տեղեկությունները մաքսային մարմնի պահանջով պետք է հիմնավորվեն համապատասխան փաստաթղթերով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։