Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց: Այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:
3. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2018 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-333-Ն