Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։

40. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

Ա. Ընդունելիությունը

1. Կառավարության նախնական առարկությունները

41. Կառավարությունը նշել է, որ ըստ դիմումատուի՝ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի հարկադիր կատարողի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշման օրվանից։ Այնուամենայնիվ, Վարչական շրջանի դատարանի վճռի կատարումն ապահովելու համար մի շարք վարույթներ են իրականացվել սույն գանգատը Դատարան ներկայացնելուց հետո։ Գանգատը ներկայացնելուց հետո ընդամենը երկու օր անց Վարչական դատարանը դիմումատուի օգտին վճիռ է կայացրել, հարկադիր կատարողի որոշումն անվավեր է ճանաչվել, և կատարողական վարույթը վերսկսվել է։

42. Հետևաբար, Կառավարությունը պնդել է, որ գանգատը վաղաժամ է եղել, քանի որ դիմումատուն իր գանգատը Դատարան ներկայացնելուց առաջ Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը կատարելու մասով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք հասանելի են եղել դիմումատուին, արդյունավետ են։ Չնայած դրանց արդյունավետությանը և հասանելիությանը՝ դիմումատուն քայլեր չի ձեռնարկել հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը ներպետական դատարաններում վիճարկելու համար։ Այսպիսով, ներպետական դատարանները հնարավորություն չեն ունեցել անդրադառնալու դիմումատուի իրավունքների ենթադրյալ խախտման հարցին և այդ մասով հնարավոր հատուցում տրամադրելու։ Հետևաբար, դիմումատուն չի գործել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։

43. Դիմումատուն պնդել է, որ ինքը սպառել է բոլոր այն հնարավոր իրավական պաշտպանության միջոցները, որոնց միջոցով ինքը կարող էր փոխհատուցում ստանալ։ Նա հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վիճարկել է Վարչական դատարանում։ Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես էր հնարավոր կատարողական թերթը Վարչական շրջանի դատարան վերադարձնելու միջոցով փոխհատուցում ստանալ՝ չկատարման մասին հարցի մասով։ Նույնիսկ եթե վճիռը կայացվեր իր օգտին, դա միայն կնշանակեր ունենալ մեկ այլ կատարողական թերթ՝ հարկադիր կատարման համար։ Ավելին, դիմումատուն նշել է, որ իրեն մեկ այլ պաշտոն չէր առաջարկվի, եթե ինքը գանգատ ներկայացրած չլիներ Դատարան, որն այնուհետև ուղարկվել է Կառավարություն։

2. Դատարանի գնահատականը

44. Դատարանը նշում է, որ սույն գանգատը Դատարան է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այդ ժամանակ հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին 2011 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ դիմումատուի բողոքը դեռևս քննվում էր Վարչական դատարանում։ 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով այդ բողոքը պետք է համարվի «արդյունավետ», քանի որ Վարչական դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 5-ին նրա օգտին վճիռ է կայացրել և անվավեր է ճանաչել հարկադիր կատարողի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։ Այն փաստը, որ կարող էին լինել հարկադիր կատարողի որոշումը վիճարկելու իրավական պաշտպանության մի քանի այլ միջոցներ, չի նշանակում, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Հետևաբար Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի:

45. Դատարանը, հետևաբար, նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

46. Դիմումատուն պնդել է, որ ներպետական մարմինները Վարչական շրջանի դատարանի վճիռը կատարելու համար չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, քանի որ մինչ այդ պահը նա չէր վերականգնվել իր պաշտոնում, և նրա հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մի մասը դեռևս մնում էր չվճարված։ Վճիռը չկատարելու՝ հինգ տարի տևողությամբ ժամանակահատվածից հետո նրան 2013 թվականի նոյեմբերի 8-ին նոր պաշտոն է առաջարկվել՝ պայմանով, որ նա իր գանգատը հետ վերցնի Դատարանից։ Դիմումատուն մերժել է ընդունել այն, քանի որ առաջարկը չի կատարվել պատշաճորեն, այլ միայն իրեն ու Դատարանին շփոթեցնելու նպատակով։ Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճռից պարզ է դառնում, որ անձնակազմի կրճատման հիմքով դիմումատուին իր աշխատանքից ազատելուց հետո Կոմիտեն հայտարարել է մրցույթ՝ նույն ստորաբաժանումում երկու թափուր հաստիքի համար։

47. Վարչական դատարանն իր 2011 թվականի դեկտեմբերի 5-ի վճռով հաստատել է, որ հարկադիր կատարողը կարող էր ձեռնարկել մի շարք այլ միջոցներ, որոնց արդյունքում վճիռը կկատարվեր, և որ Կոմիտեն հնարավորություն է ունեցել դիմումատուին իր նախկին պաշտոնում վերականգնելու՝ 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը 2009 թվականի դեկտեմբերի 9-ին օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Նույնիսկ եթե նա չէր կարող վերականգնվել իր նախկին պաշտոնում, կամ եթե ոչ մի այլ հաստիք թափուր չէր, Կոմիտեն պարտավոր էր նրան առաջարկել նմանատիպ պաշտոն, բայց այդ նա դիտավորյալ չի արել։ Վերականգնումը երբեք անհնարին չի եղել, ոչ էլ վճիռը կատարելու համար նոր պաշտոն ստեղծելու անհրաժեշտություն է եղել։ Ընդհակառակը, հարկադիր կատարողը կարող էր, inter alia (ի թիվս այլնի), Կոմիտեին պարտավորեցնել կատարել վճիռը և դա անելու համար վերջնաժամկետ սահմանել, կամ կարող էր հարկադրանքի միջոցները չկատարելու համար Կոմիտեի նկատմամբ տուգանք նշանակել։

48. Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, դիմումատուն պնդել է, որ իրեն պետք է փոխհատուցում տրամադրվի իր հարկադիր պարապուրդի համար՝ հաշվարկած մինչև 2013 թվականի նոյեմբերի 8-ը՝ այն օրը, երբ անհնարին է դարձել կատարել 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը. փոխհատուցման գումարը կազմել է 10 506 871 ՀՀ դրամ։ Այսպիսով, տեղի է ունեցել իր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում։

բ) Կառավարությունը

49. Կառավարությունը պնդել է, որ տեղական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադիր ուժ ունեցող վճիռը կատարելու համար: Դիմումատուն ազատվել է աշխատանքից՝ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով, ինչը ներպետական օրենսդրությամբ համարվում է իրավաչափ հիմք՝ աշխատանքային պայմանագրի լուծման համար: Կատարողական թերթը [Դատական ակտերի] հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելուց հետո հարկադիր կատարողը անմիջապես կատարողական վարույթ է հարուցել և պահանջել, որ Կոմիտեն կատարի վճռի պահանջները: Սակայն դիմումատուին հնարավոր չի եղել վերականգնել իր նախկին աշխատանքում, քանի որ Կոմիտեի կառուցվածքը փոփոխվել էր և դիմումատուի պաշտոնն այլևս գոյություն չուներ: Սա եղել է դիմումատուին իր պաշտոնում չվերականգնելու հիմնական պատճառը: Եթե նույնիսկ ենթադրվի, որ Կոմիտեի կառուցվածքում կարող էին լինել նման պաշտոններ, վճիռը միևնույն է հնարավոր չէր լինի կատարել, քանի որ այդ պաշտոնները թափուր չէին: Նույնիսկ այս իրավիճակում տեղական դատարաններն անվավեր են ճանաչել հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը և պահանջել, որ նա վերսկսի վարույթը: Կատարողական վարույթը վերսկսելուց հետո հարկադիր կատարողը կրկին պահանջել է, որ Կոմիտեն կատարի Վարչական շրջանի դատարանի վճիռը, սակայն վերջինս դա կրկին անհնար է համարել: Այդ մասին Կոմիտեի պատասխանից հետո միայն Վարչական դատարանն ուժի մեջ է թողել հարկադիր կատարողի որոշումը: Միևնույն ժամանակ Վարչական դատարանն իր 2012 թվականի հոկտեմբերի 16-ի վճռով որոշել է, որ դիմումատուի հարկադիր պարապուրդը պետք է հաշվարկվի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը՝ այն օրը, երբ «Քանաքեռ-Զեյթուն» հարկային տեսչությունը դադարեցրել է իր գործունեությունը:

50. Կառավարությունը պնդել է, որ Դատարանը չպետք է գործատուների նկատմամբ սահմանի պարտավորության այնպիսի փաստացի կատարում, ինչն օբյեկտիվորեն անհնար է: Հակառակ դեպքում գործատուները ստիպված կլինեն ստանձնել լրացուցիչ հանձնառություններ, այն է՝ ստեղծել նոր կառուցվածքային միավորներ և պաշտոններ: Նման պարտավորությունների ստեղծումը կխախտի գործատուների սահմանադրական իրավունքներն ու կհանգեցնի նրանց օրինական իրավունքների սահմանափակման: Կատարողական վարույթի տևողությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել սույն գործի հանգամանքները, քանի որ այդ վարույթի ընթացքում պատասխանատու պետական մարմինը՝ Հարկադիր կատարման ծառայությունը, ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը՝ Վարչական շրջանի դատարանի վճիռը կատարելու համար: Վճռի կատարումն անհնար է եղել միայն օբյեկտիվ և էական փաստերի առկայության պատճառով: Ավելին, Կառավարությունն ընդգծել է, որ դիմումատուին առաջարկվել է իր նախկին պաշտոնին նման մեկ այլ պաշտոն ինչպես բանավոր, այնպես էլ գրությամբ, սակայն նա չի ընդունել այդ առաջարկները: Դիմումատուի՝ այդ առաջարկները մերժելու պատճառները վերաբերելի չէին: Եթե դիմումատուն ընդուներ Կոմիտեի առաջարկը, ապա նրա՝ նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը կարող էր լուծվել: Փաստորեն Վարչական շրջանի դատարանի վճիռը չի կատարվել նաև դիմումատուի՝ վճիռը կատարելու ցանկության բացակայության պատճառով:

51. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտմանը, Կառավարությունը պնդել է, որ 2010 թվականի ապրիլի 20-ին դիմումատուին վճարվել է 937 114 ՀՀ դրամ՝ իր հարկադիր պարապուրդի համար: Ինչ վերաբերում է վճարման անհրաժեշտ գումարի մնացած մասին, վճարման ուշացումը կապված է եղել Վարչական շրջանի դատարանի վճռի ձևակերպման հետ, քանի որ վճռով սահմանվում էր, որ համապատասխան ժամանակահատվածը պետք է հաշվարկվի ընդհուպ մինչև դիմումատուի վերականգնումը պաշտոնում: Քանի որ այս հարցը երկար ժամանակ քննարկվում էր տեղական դատարաններում, վճարման ենթակա գումարի հստակ չափը երկար ժամանակ անորոշ էր: 2013 թվականի նոյեմբերի 8-ի գրության մեջ Կոմիտեն ցանկություն է հայտնել վճարելու դիմումատուի հարկադիր պարապուրդի համար հասանելիք ամբողջ գումարը: Սակայն մերժելով Կոմիտեի՝ նրան իր նախկին պաշտոնին նման պաշտոնում վերականգնելու առաջարկը, դիմումատուն ակնհայտորեն մտադրված է եղել երկարաձգել այն ժամանակահատվածը, որի համար նա կարող էր ստանալ փոխհատուցում, և հետևաբար նաև անուղղակիորեն խոչընդոտել է Վարչական շրջանի դատարանի վճռի կատարումը՝ վճարման այդ մասով: Ավելին, չնայած Վարչական դատարանն իր 2012 թվականի հոկտեմբերի 16-ի վճռով որոշել էր, որ դիմումատուի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը պետք է հաշվարկվի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը, և որ այդ ժամանակահատվածի համար հասանելիք գումարը կազմում էր 4 017 860 ՀՀ դրամ, Կոմիտեն պատրաստակամություն էր հայտնել քննարկելու դիմումատուի կողմից պահանջվող 9 975 970 ՀՀ դրամը վճարելու հնարավորությունը, եթե վերջինս ներկայացներ հիմնավորող հաշվարկներ:

52. Հետևաբար, ըստ Կառավարության՝ Հարկադիր կատարման ծառայությունն ու Կոմիտեն մտադրված չէին ուշացնել հօգուտ դիմումատուի կայացված վճռի կատարումը: Ընդհակառակը, նրանք արել են ամեն ինչ՝ ապահովելու համար Վարչական շրջանի դատարանի վճռի կատարումը, և պատրաստակամություն են հայտնել վճարել նրան առատաձեռն փոխհատուցում, երբ նրան իր նախկին պաշտոնում վերականգնելն օբյեկտիվորեն անհնար էր դարձել: Տուգանք նշանակելու հնարավորությունը միայն կիրառելի էր այն իրավիճակների նկատմամբ, երբ առկա էր հարկադիր կատարողի որոշումները չկատարելու միտումնավոր մերժում, սակայն սա այդ դեպքը չէ: Ուստի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքները չեն խախտվել:

2. Դատարանի գնահատականը

53. 6-րդ հոդվածով պաշտպանվող՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող՝ ի վնաս կողմերից մեկի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, §40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑II): Դատարանի մատչելիության արդյունավետությունը ներառում է դատարանի որոշման՝ առանց անհարկի ձգձգումների կատարման իրավունքը:

54. Նույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն՝ ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետի առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Ուստի պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումն անհիմն երկար ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002‑III; Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 թվական և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):

55. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի վճռով, որն օրինական ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, Վարչական շրջանի դատարանը վճիռը կայացրել է դիմումատուի օգտին: 2010 թվականի հունվարի 27-ին Վարչական շրջանի դատարանն այդ վճռի կապակցությամբ տվել է կատարողական թերթ: 2010 թվականի փետրվարին հարկադիր կատարողը հարուցել է համապատասխան հարկադիր կատարման վարույթ՝ պահանջելով Կոմիտեից երկու շաբաթվա ընթացքում կատարել կատարողական թերթի պահանջները: Դիմումատուին իր հարկադիր պարապուրդի համար վճարվել է 937 114 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է 2009 թվականի փետրվարի 27-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի համար՝ մինչև այն օրը, երբ վճիռն օրինական ուժի մեջ է մտել (տես վերևում՝ 11-րդ և 15-րդ պարբերությունները): 2010 թվականի մարտին Կոմիտեն տեղեկացրել է հարկադիր կատարողին, որ դիմումատուի վերականգնումը հնարավոր չէ: Արդյունքում 2011 թվականի հուլիսի 18-ին հարկադիր կատարողը որոշում է կայացրել հարկադիր կատարման վարույթն այս հիմքով ավարտելու մասին: Այնուամենայնիվ, 2011 թվականի դեկտեմբերի 5-ին Վարչական դատարանն այդ որոշումն անվավեր է ճանաչել: 2012 թվականի հոկտեմբերի 16-ին Վարչական դատարանն անփոփոխ է թողել հարկադիր կատարողի` հարկադիր կատարման վարույթն ավարտելու մասին երկրորդ որոշումը, և 2013 թվականի մարտի 27-ին այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել (տե՛ս վերևում՝ 17-19-րդ, 24-րդ և 28-րդ պարբերությունները): 2013 թվականի նոյեմբերի 8-ին Կոմիտեն դիմումատուին առաջարկել է վերականգնել իր նախկին պաշտոնին նման պաշտոնում, սակայն նա մերժել է առաջարկը: 2015 թվականի հունիսին դիմումատուին վճարվել է 4 017 860 ՀՀ դրամ լրացուցիչ հատուցում (տե՛ս վերևում՝ 32-34-րդ պարբերությունները):

56. Դատարանը նշում է, որ կողմերը կարծես համաձայն են, որ Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը մի քանի տարի մնացել է չկատարված. Կոմիտեն առաջարկել է վերականգնել դիմումատուին իր նախկին պաշտոնին նման պաշտոնում միայն 2013 թվականի նոյեմբերի 8-ին, և դիմումատուն ստացել է իր հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման հիմնական մասը 2015 թվականի հունիսին: Այսպիսով, հարկադիր կատարման վարույթներն ավարտվել են միայն գանգատը 2011 թվականի նոյեմբերի 17-ին Կառավարություն ուղարկելուց հետո:

57. 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը, որը կայացվել էր ի օգուտ դիմումատուի, մնացել է չկատարված 2010 թվականի մարտից մինչև 2015 թվականի հունիսը, այսինքն՝ գրեթե հինգ տարի և չորս ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ այդ ուշացումը հիմնավորելու համար: Ուստի Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ վերջնական վճիռը կատարելու համար, զրկել են 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժից:

58. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

59. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

Ա. Վնասը

60. Դիմումատուն պահանջել է 10 988 323 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 385 000 եվրո (ЕUR)` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

61. Ինչ վերաբերում է նյութական վնասին, Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի տրամադրել իր կրած նյութական վնասը հաստատող որևէ ապացույց: Բացի այդ, խնդիրը կարող էր լուծված լինել, եթե դիմումատուն ընդուներ 2013 թվականի նոյեմբերի 8-ին առաջարկված վերականգնումը: Ուստի նյութական վնասի մասով նրա պահանջը հիմնավորված չէ և չափազանցված է և պետք է մերժվի: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի պահանջը պետք է մերժվի, քանի որ նա չի ներկայացրել իր կրած տագնապը, անհանգստությունն ու հիասթափությունը հաստատող որևէ ապացույց: Ամեն դեպքում, 2011 թվականի օգոստոսի 11-ի վճիռը չկատարելու համար պահանջվող գումարը, մասնավորապես 190 000 ՀՀ դրամը չափազանց մեծ է: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հետ կապված պահանջի մնացած մասին, Կառավարությունը պնդել է, որ դա չի առնչվում այս գործին, ուստի այն պետք է մերժվի:

62. Դատարանը համաձայն է Կառավարության հետ, որ այլևս չկա դիմումատուին նյութական վնասի համար վճարման ենթակա հատուցման չկատարված մաս, քանի որ այն արդեն վճարվել է նրան: Ուստի նա մերժում է դիմումատուի պահանջը՝ նյութական վնասի մասով: Մյուս կողմից, նա գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի գումարի չափով ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, որոշում է դիմումատուին շնորհել 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Բ. Ծախսերը և ծախքերը

63. Դիմումատուն նաև պահանջել է 950 000 ՀՀ դրամ՝ որպես տեղական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում։

64. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի տրամադրել տեղական դատարաններում կրած որևէ ծախսի և ծախքի վերաբերյալ ապացույց: Ինչ վերաբերում է Դատարանում կրած ծախսերին ու ծախքերին, դիմումատուն չի ներկայացրել ոչ մի մանրամասն հաշիվ-ապրանքագիր: Ամեն դեպքում իրավաբանական ծախսերի և փոստային ծախքերի համար պահանջված գումարը չափազանց մեծ է:

65. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի մասով պահանջը` մանրամասն տեղեկությունների բացակայության պատճառով:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

66. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:0

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է բողոքն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`

ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի մայիսի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Ռենատա Դեգեներ

Քարտուղարի տեղակալ Լեդի Բիանկու

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։