Հոդված 8
Հոդված 8
«Յուրաքանչյուր ոք ունի իր ... բնակարանի ... նկատմամբ հարգանքի իրավունք:
Չպետք է լինի պետական մարմինների կողմից որևէ միջամտություն այդ իրավունքի իրականացմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
28. Կառավարությունը վիճարկել է այդ հայտարարությունները։
29. Հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի դիրքորոշումներն ու դիմումատուներին բնակարանից զրկելու մասով թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը խախտված համարելու մասին իր որոշումը՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը։ Հետևաբար, այն եզրակացնում է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուների գանգատներով առանձին վճիռ կայացնելու անհրաժեշտություն չկա՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների (տե՛ս mutatis mutandis, Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30. Դիմումատուները նաև մի շարք այլ պահանջներ են ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի։
31. Իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը հաշվի առնելով և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատազորության ներքո՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք։ Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
32. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»։
Ա. Վնաս
33. Դիմումատուները պնդել են, որ, որպես փոխհատուցում, իրենք պետք է ստանան բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար, ինչն իրենց խոստացվել էր Կառավարության՝ չիրագործված միակողմանի հայտարարությամբ։ Խնդրո առարկա բնակարանի մակերեսը կազմել է 117.7 քառակուսի մետր, և մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմել է 3,000 ԱՄՆ դոլար։ Դիմումատուները հետագայում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջել են 140,000 եվրո։
34. Կառավարությունն առարկություն է ներկայացրել նյութական վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար առաջարկված մեթոդի դեմ և նշել, որ նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի բացահայտված խախտման, այլ ոչ թե Կառավարության` միակողմանի հայտարարության մեջ արված առաջարկի վրա։ Կառավարությունն այնուհետև, պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է եղել:
35. Դատարանը համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ նյութական վնասը պետք է հաշվարկվի բացահայտված խախտման հիման վրա: Այն նշում է, որ համանման իրավիճակում նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանը գտնում է ամբողջությամբ կիրառելի սույն գործում։ Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերի հիման վրա՝ Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 40,000 եվրո։ Ավելին, քանի որ օգտագործման իրավունքի արժեքն այդ պահի դրությամբ համարժեք է եղել բնակարանի՝ դրա նկատմամբ իրավունք ունեցող անձի համապատասխան մասնաբաժնի շուկայական արժեքին (նույն տեղում, § 20), Դատարանը որոշում է այս գումարը տրամադրել բոլոր դիմումատուներին համատեղ (տե՛ս նաև վերոհիշյալ Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործերը)՝ մերժելով նրանց պահանջի մյուս մասը։ Այնուհետև, այն որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 6,000 եվրոյի չափով։
Բ. Ծախսեր և ծախքեր
36. Դիմումատուները չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման որևէ պահանջ, իրավաբանական ծառայությունները նրանց տրամադրվել են անվճար հիմունքներով։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
37. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուներին բնակարանից զրկելու վերաբերյալ պահանջն ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
3. Վճռում է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուների` Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների շրջանակներում ներկայացրած գանգատներով առանձին վճիռ կայացնելու անհրաժեշտություն չկա, և գանգատի մնացած մասը հայտարարում է անընդունելի,
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին գործող փոխարժեքով.
(i) նյութական վնասի դիմաց՝ 40,000 եվրո (քառասուն հազար եվրո) բոլոր դիմումատուներին համատեղ՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
(ii) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6,000 եվրո (վեց հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուի՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]
Քարտուղարի տեղակալ Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]
Նախագահ