Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
գ.1) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
գ.2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
դ) սույն օրենքով նախատեսված ամփոփիչ գնահատմանը երեք անգամ չներկայանալը.
ե) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-104-Ն)
զ) հաստիքների կրճատումը.
է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
ը) քաղաքական, կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
թ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ.
ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժգ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.
ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.
ժե) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
ժէ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
ժթ) համապատասխան մարմնի լուծարումը.
ի) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը.
իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.
իբ) սույն օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:
2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետի «բ-իա» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:
5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» և «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:
(33-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-50-Ն, խմբ., լրաց. 04.12.08 ՀՕ-199-Ն, խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-104-Ն)