Հոդված 230. Խուզարկության և առգրավման արձանագրությունը
Հոդված 230. Խուզարկության և առգրավման արձանագրությունը
«1. Խուզարկությունը և առգրավումն ավարտելիս քննիչը կազմում է համապատասխան արձանագրություններ, որոնց մեջ պետք է նշվեն` քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, արդյոք կամովին են հանձնվել որոնվող առարկաները և անձինք, խուզարկություն կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակաների անունները, ազգանունները և հասցեները, ինչպես նաև քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները և դատավարական կարգավիճակը:
2. Ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրանց քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները:
3. Եթե քննչական գործողությունները կատարելիս փորձեր են եղել ոչնչացնելու կամ թաքցնելու հայտնաբերված առարկաները կամ փաստաթղթերը, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել քննչական գործողության բոլոր մասնակիցներին, որոնք [մասնակիցները] ծանոթանալուց հետո ստորագրում են արձանագրությունը և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:»: