Անցնել բովանդակությանը

Հոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

...

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի [ներկայացուցչի] չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը [ներկայացուցիչը] և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:»:

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ

Տարեկան զեկույց. 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին

39. Սույն Զեկույցի 3.10 գլխում, որը վերաբերում է անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցի անթույլատրելիությանը, ներառված է դիմումատուի մասնավոր դեպքի ընդհանուր նկարագիրը: Համապատասխան քաղվածքով նախատեսվում է`

«Օրինակ, Լավրենտի Կիրակոսյանի հանրահայտ գործով պաշտպանության կողմը միջնորդել է անթույլատրելի ճանաչել իրեղեն ապացույց համարվող թմրանյութը: Միջնորդության հիմքում եղել է այնպիսի ապացույց, որը հայտնաբերվել է բնակարանում օրենքի խախտմամբ իրականացված խուզարկությամբ, մասնավորապես չեն ապահովվել պահանջվող թվով ընթերականեր, խուզարկություն կատարողները դուրս են մնացել մասնակցող երկու ընթերակաների տեսադաշտից:

Միջնորդության քննարկումը դատարանն հետաձգել է, իսկ հետագայում այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել:

Այսպիսի մոտեցումը հակասում է օրենքի իմաստին և պահանջին, քանի որ ապացույցն անթույլատրելի ճանաչելու իմաստը հենց նրանում է, որ այն կարող է հանգեցնել վարույթի կարճմանը, խափանման միջոցի փոփոխման հիմքերի առաջացմանը, գործը լրացուցիչ քննության վերադարձնելուն և նաև հետագա դատաքննության անհրաժեշտության բացառմանը:»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

40. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ խուզարկություն կատարելու մասին որոշմամբ և դրա կատարման եղանակով խախտվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքները, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»:

Ա. Ընդունելիությունը

Կառավարության առարկությունը չսպառման և վեցամսյա ժամկետի կանոնի չպահպանման մասով

ա) Կողմերի փաստարկները

(i) Կառավարությունը

41. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները և չի ներկայացրել իր բողոքները վերջնական որոշումը կայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 1–ին կետով։

42. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն վերաքննիչ բողոք չի ներկայացրել Արմավիրի մարզային դատարանի կողմից 2004 թվականի ապրիլի 20-ին կայացված՝ խուզարկություն կատարելու մասին որոշման դեմ: Նա իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող դատարաններ բողոք է ներկայացրել միայն խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի և կատարման եղանակի առնչությամբ: Դիմումատուն նաև խուզարկություն կատարելու մասին որոշման և դրա կատարման եղանակի դեմ առանձին վարույթներ չի սկսել՝ Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 290-րդ հոդվածի համաձայն: Եթե դիմումատուն խուզարկություն կատարելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած լիներ կամ առանձին վարույթներում վիճարկած լիներ դրա օրինականությունը, դատարանները հնարավորություն կունենային կարգադրելու նախաքննության մարմնին, այս պարագայում՝ ոստիկանությանը, վերացնել դիմումատուի իրավունքների խախտումները, եթե պարզվեր, որ այդպիսի խախտումներ տեղի են ունեցել: Այն հանգամանքներում, երբ դիմումատուն Վերաքննիչ դատարանում չի վիճարկել խուզարկություն կատարելու մասին որոշումը և դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթով բավարար հնարավորություն չի ընձեռվել որոշելու [խուզարկություն կատարելու մասին] որոշման կամ դրա կատարման եղանակի օրինականությունը, վեցամսյա ժամկետը պետք է սկսված համարել 2004 թվականի ապրիլի 20-ից՝ այն օրվանից, երբ կայացվել է խուզարկություն կատարելու մասին որոշումը:

(ii) Դիմումատուն

43. Դիմումատուն նշել է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը բողոքարկելու կամ դրա դեմ առանձին վարույթներ սկսելու իրավունքից օգտվելն իր համար չէր կարող իրավական պաշտպանության արդյունավետ միջոց լինել: Խուզարկությունը կատարելուց հետո որոշման հիմնավորվածությունը վիճարկելը կարող էր ավելորդ լինել և չէր կարող վերաբերել դրա կատարման եղանակին: Դիմումատուն իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող ներպետական դատարաններում վիճարկել է խուզարկություն կատարելու մասին որոշման և դրա կատարման օրինականությունը և այդպիսով սպառել է իր համար հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ, իր կարծիքով, այս ճանապարհով կարող էր իր համար ապահովվել դատական պաշտպանություն ենթադրյալ խախտումների առնչությամբ: Համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը՝ նրա դեմ քրեական վարույթով վերջնական որոշումը, վեցամսյա ժամկետի մեկնարկային կետն է եղել:

բ) Դատարանի գնահատականը

44. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ մինչև իր սեփական իրավական համակարգի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը։ Այս կանոնը պահպանելու համար դիմումատուն պետք է օգտվի իրավական պաշտպանության միջոցների նորմալ հնարավորությունից, որոնք հասանելի են և բավարար՝ ենթադրյալ խախտումների դիմաց փոխհատուցում ստանալու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վուսկովիչը և այլոք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլք, § § 70 և 71, 2014 թվականի մարտի 25, Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 85, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VIII)։

45. Պետք է սպառվեն իրավական պաշտպանության միայն այն միջոցները, որոնք արդյունավետ են։ Չսպառելու մասին պնդող Կառավարությունը պարտավորվում է Դատարանում ապացուցել, որ իրավական պաշտպանության այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` այն հասանելի է եղել, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար։ Այն դեպքում, երբ այս ապացուցման պարտականությունը կատարված է, դիմումատուն պարտավորվում է ապացուցել, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են այդ պահանջի կատարումից (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Kalashnikov v. Russia (dec.)], թիվ 47095/99, ՄԻԵԴ 2001‑XI (քաղվածքներ) և Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի [Melnik v. Ukraine], թիվ 72286/01, § 67, 2006 թվականի մարտի 28)։

46. Դատարանն այնուհետև նշում է, որ եթե իրավական պաշտպանության միջոցները հասանելի չեն, կամ եթե դրանք համարվում են անարդյունավետ, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետը, ըստ էության, սկսվում է բողոքարկված ակտի ամսաթվից (տե՛ս Բայրամը և Յիլդիրիմն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Bayram and Yıldırım v. Turkey (dec.)], թիվ 38587/97, ՄԻԵԴ 2002‑III): Այսպիսով, ժամկետը սկսվում է միայն իրավական պաշտպանության այն միջոցների սպառման արդյունքում ստացված վերջնական որոշումը կայացնելուց հետո, որոնք պատշաճ և արդյունավետ են բողոքարկվող հարցի կապակցությամբ փոխհատուցում տրամադրելու համար: Այս առնչությամբ սպառելու պահանջը և վեցամսյա ժամկետի կանոնը փոխկապակցված են:

47. Սույն գործով խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացվել է 2004 թվականի ապրիլի 20-ին Արմավիրի մարզային դատարանի կողմից: ՔԴՕ-ի 289-րդ հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև դրանց մի տեսակը հանդիսացող՝ խուզարկություններ կատարելու մասին դատական որոշումները ենթակա են Վերաքննիչ դատարանի կողմից վերանայման: Ըստ երևույթին, նման վերաքննիչ բողոքները կարող են վերաբերել միայն դատական որոշման էությանը, այլ ոչ դրա կատարման եղանակին: Չնայած խուզարկություն կատարելու մասին որոշմամբ սահմանվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար տասնհինգօրյա ժամկետ, ՔԴՕ-ի համապատասխան դրույթներով այդպիսի բողոքներ ներկայացնելու ժամկետներ չեն սահմանվում: Դիմումատուն ոչ թե խուզարկություն կատարելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, այլ ավելի շուտ իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող դատարաններում վիճարկել է դրա օրինականությունը և կատարման եղանակը:

48. Այն հանգամանքներում, երբ 8-րդ հոդվածի համաձայն բերված բողոքը վերաբերում է խուզարկության հիմքերին և դրա կատարման եղանակին, Դատարանը համարում է, որ բողոքը սպառման մասով անհրաժեշտ է տարբերակել երկու տեսանկյունից, քանի որ առաջ են գալիս տարբեր նկատառումներ:

49. Ինչ վերաբերում է խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերին, Դատարանը նշում է, որ խուզարկությունը կատարվել է խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացնելու օրը: Ավելին, խուզարկությունը կատարվել է վարչական կալանքի վերջին օրը՝ դիմումատուին իր տուն տեղափոխելուց անմիջապես հետո, և խուզարկության արձանագրության մեջ առկա չէ նշում այն մասին, որ խուզարկությունը սկսվելուց առաջ դիմումատուն ծանոթացել է որոշմանը: Սա ինքնին կասկած է առաջացնում այն մասին, թե արդյոք գործնականում դիմումատուի համար հնարավոր է եղել որոշման հիմքերը վիճարկելու համար վերաքննիչ բողոք ներկայացնել: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ, չնայած այն փաստին, որ Կառավարությունը չի տրամադրել իրավական պաշտպանության միջոցի կիրառման՝ հաջող թե անհաջող որևէ օրինակ, որի վրա նրանք հիմնվել են, Վերաքննիչ դատարանը ուներ խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի մասով լրացուցիչ դատական վերանայում իրականացնելու իրավասություն: Ամեն դեպքում Դատարանը ցանկություն չի հայտնում ենթադրություններ անելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին կարող էին լինել բողոքարկման վարույթի արդյունքները, և արդյոք իրավական պաշտպանության այս միջոցը կարող էր իսկապես արդյունավետ լինել սույն գործի հատուկ հանգամանքներում, քանի որ դեռևս պետք է հաստատվի՝ արդյոք դիմումատուի դեմ դատական վարույթի ընթացքում խուզարկություն կատարելու մասին որոշման օրինականության վիճարկումը այս տեսակի բողոքների համար սպառման համապատասխան եղանակ է եղել: Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ դիմումատուի գործը քննող ներպետական դատարանները կոչված էին լուծելու նրա դեմ մեղադրանքի հարցը, այլ ոչ խուզարկություն կատարելու մասին որոշման օրինականությունը: Դատարանն այնուհետև դիտարկում է, որ դիմումատուի բողոքների մեծ մասն առնչվել է խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակին, և ամեն դեպքում քրեական գործը քննող դատարաններն այն վերացնելու իրավասություն չեն ունեցել: Այս հանգամանքներում, Դատարանը համարում է, որ չի հաստատվել այն հանգամանքը որ դիմումատուի դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը քննող դատարաններում խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի ենթադրյալ անվավերության հարցը բարձրացնելը եղել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, որը պետք է սպառվեր: Համապատասխանաբար և այն հանգամանքներում, երբ դիմումատուն ինքը պնդում է, որ բողոքարկման իրավունքի օգնությանը դիմելն արդյունավետ միջոց չէր, խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի առնչությամբ բողոքի մասով վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2004 թվականի ապրիլի 20-ից՝ որոշումը կայացնելու և այն իրականացնելու օրվանից: Գանգատը Դատարան ներկայացնելով 2005 թվականի հունվարի 14-ին, դիմումատուն իր բողոքի տվյալ մասի առնչությամբ չի բավարարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

50. Անդրադառնալով խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակին՝ Դատարանը նշում է, որ, ինչպես նշվել է վերևում, ՔԴՕ-ի 289-րդ հոդվածի համաձայն բերված բողոքը չէր կարող կիրառելի լինել այդ հարցի նկատմամբ: Դատարանն այնուհետև նշում է, որ, այնուամենայնիվ, ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով նախատեսվում է հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական գործողությունների առնչությամբ դատարաններ բողոքներ ներկայացնելու հնարավորություն՝ այդ գործողությունների վերաբերյալ բողոքը դատախազի կողմից չբավարարվելուց հետո: Նույն դրույթի համաձայն՝ դատարաններ բողոք կարող է ներկայացվել այն օրվանից հետո 2 ամսվա ընթացքում, երբ բողոքը ներկայացվել է դատախազին և պատասխան չի ստացվել: Գործից պարզ է դառնում, որ դիմումատուն այս կապակցությամբ դատարաններ որևէ բողոք չի ներկայացրել:

51. Այսպիսով, դիմումատուն խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման առնչությամբ բողոք է ներկայացրել դատախազին 2004 թվականի ապրիլի 23-ին և 27-ին, մայիսի 7-ին և հունիսի 9-ին (տե՛ս վերևում՝ 24-րդ, 26-րդ և 27-րդ պարբերությունները), բայց ինչպես պարզվում է, նրա բողոքների առնչությամբ որևէ պաշտոնական որոշում չի կայացվել: Դատարանի դիտարկմամբ դիմումատուի գործն Արմավիրի մարզային դատարան է ներկայացվել 2004 թվականի հունիսի սկզբին, մինչդեռ դիմումատուն պետք է դատարաններ դիմեր դատախազին բողոքներ ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Դատարանն այնուհետև դիտարկում է, որ խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի հարցը սերտորեն և անքակտելիորեն կապված է դիմումատուի դեմ ներկայացված ապացույցների գնահատման և թույլատրելիության, այդ թվում խուզարկության արդյունքների հետ: Հետևաբար կարող ենք ընդունել, որ քննության ավարտին մի շարք բողոքներ ներկայացնելով և դրանք անպատասխան մնալուց հետո՝ նախքան գործն ըստ էության քննության համար քննող դատարանին փոխանցելը, դիմումատուի համար անհիմն չէր լինի այս հարցը քննող դատարանում բարձրացնելը (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ռոմանովան ընդդեմ Ռուսաստանի [Romanova v. Russia], թիվ 23215/02, § 172, 2011 թվականի հոկտեմբերի 11): Այսպիսի հանգամանքներում պայմաններում, չնայած այն փաստին, որ մարզային դատարանը որևէ կերպ չի անդրադարձել խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի առնչությամբ դիմումատուի փաստարկներին, չի կարող համարվել, որ դիմումատուն, իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը քննող դատարաններում սույն հարցը բարձրացնելով, օգտվել է իրավական պաշտպանության անարդյունավետ միջոցներից: Համապատասխանաբար և սույն գործի հատուկ հանգամանքներում կարող է համարվել, որ դիմումատուն կատարել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր պարտականությունները՝ խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի առնչությամբ իր բողոքների մասով:

52. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Գործի ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

53. Դիմումատուն նշել է, որ իր բնակարանի խուզարկությունը կատարվել է ներպետական օրենսդրության բազմաթիվ դատավարական խախտումներով: Նրան մասնավորապես չի ընձեռվել պատշաճ հնարավորություն՝ ծանոթանալու խուզարկություն կատարելու մասին որոշմանը, ինչը հակասում է ՔԴՕ-ի 228-րդ հոդվածին: Ընթերակաները, որոնք երկուսն էլ տարեց էին, ներկա չեն գտնվել, երբ հիմնական տունը, որտեղ կանեփը հայտնաբերվել է, կրկին խուզարկվել է, և նրանց մեկնաբանությունները չեն նշվել խուզարկության արձանագրության մեջ՝ խախտելով ՔԴՕ-ի 227-րդ հոդվածի պահանջները: Վերջապես, դիմումատուն ներկա չի գտնվել գույքի բոլոր հատվածների խուզարկությանը և դիմումատուի դիտողությունները չեն ընդգրկվել խուզարկության արձանագրության մեջ՝ ՔԴՕ-ի 230-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

54. Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուի բնակարանի խուզարկությամբ միջամտություն է կատարվել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին: Նրանք նշել են, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն այն արդարացված է, քանի որ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ անկարգությունների կամ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Կառավարությունն այնուհետև նշել է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը կատարվել է ՔԴՕ-ի 227-րդ, 228-րդ, 230-րդ հոդվածներով սահմանված դատավարական պահանջներին համապատասխան:

2. Դատարանի գնահատականը

55. Դատարանը նշում է, որ վիճարկելի չէ այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից դիմումատուի բնակարանի խուզարկությունը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, դիմումատուի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտություն է: Հիմնական հարցն այն է, թե արդյոք այս միջամտությունն արդարացված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, հատկապես, արդյոք այն «օրենքին համապատասխան է» և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»՝ տվյալ պարբերությունում թվարկված նպատակներից մեկի համար:

56. Հղում կատարելով իր նախորդ եզրահանգումներին (վերը նշված՝ 49-րդ և 51-րդ պարբերություններ)՝ Դատարանը միայն կքննի խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման հարցը:

57. Դատարանը կրկին նշում է, որ «օրենքին համապատասխան» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է, որպեսզի վիճարկվող միջոցառման համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված լինեն հիմքեր. երկրորդ՝ այն վերաբերում է համապատասխան օրենքի որակին՝ պահանջելով, որ այն հասանելի լինի համապատասխան անձին, որը, ավելին, պետք է կարողանա կանխատեսել դրա հետևանքներն իր համար, ինչպես նաև ինչքանով է այն համատեղելի օրենքի գերակայության հետ: Դրանով նաև պահանջվում է, որ քննվող միջոցը համապատասխանի միջամտություն նախատեսող ներպետական օրենքով սահմանված պահանջներին (տե՛ս Փերրին ընդդեմ Միացյալ Թագավորության [Perry v. the United Kingdom], թիվ 63737/00, § 45, ՄԻԵԴ 2003‑IX (քաղվածքներ)):

58. Դատարանը նշում է, որ ՔԴՕ-ի 227-րդ, 228-րդ, 230-րդ և 231-րդ հոդվածներով սահմանվում են դատավարական կանոններ՝ խուզարկություններ և առգրավումներ կատարելու համար: Հետևաբար, ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է միջամտության համար իրավական հիմք: Փաստորեն, դիմումատուն չի վիճարկում, որ միջոցառումները, որոնց մասով բողոք է ներկայացվել, հիմնված է եղել ներպետական օրենսդրության վրա, այլ բողոք է ներկայացնում այն մասին, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը կատարվել է դատավարական իրավունքի խախտմամբ: Դատարանի դիտարկմամբ դիմումատուն ներպետական դատարաններում բողոք է ներկայացրել խուզարկության իրականացման ընթացքում դատավարական խախտումների առնչությամբ, որոնք, թերևս առանց մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու, եկել են այն եզրակացության, որ դիմումատուի կողմից նշված դատավարական խախտումները չէին կարող էական համարվել՝ խուզարկությունը ներպետական օրենսդրության համաձայն դարձնելով անօրինական (տե՛ս վերևում՝ 33-րդ և 37-րդ պարբերությունները): Դատարանը չի կարող հանգել այլ եզրակացության: Այն կրկին հիշեցնում է, որ ներպետական օրենսդրության հետ համապատասխանությունն ուսումնասիրելու հարցում Դատարանի իրավասությունը սահմանափակ է, քանի որ առաջին հերթին ազգային իշխանությունները, հատկապես դատարանները պետք է մեկնաբանեն և կիրառեն այդ օրենքը (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Բարթհոլդն ընդդեմ Գերմանիայի [Barthold v. Germany], 1985 թվականի մարտի 25, § 48, Շարք Ա, թիվ 90): Դատարանը, հետևաբար, գտնում է, որ դիմումատուի կողմից բերված հիմքերը բավարար չեն, որպեսզի հաստատվի, որ միջամտությունը չի համապատասխանել Հայաստանի օրենսդրությանը: Այն կանդրադառնա այս հարցերին ստորև՝ միջամտության անհրաժեշտության մասով իր քննության ժամանակ: Դատարանը վերջապես նշում է, որ ինչ վերաբերում է համապատասխան իրավական դրույթների ընդունելիությանն ու կանխատեսելիությանը, որևէ հարց չի առաջանում, որոնց մասով, ավելին, դիմումատուի կողմից հարց չի ներկայացվել:

59. Դատարանը նշում է, որ դիմումատուի տունը խուզարկվել է, քանի որ հետախուզական տեղեկությունների հիման վրա ենթադրվել է, որ այդտեղ կարող էր պահված լինել զենք՝ մեկ այլ խումբ քրեական վարույթներով կասկածյալների կողմից: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուի բնակարանի խուզարկությունն այնպիսի նպատակ է հետապնդել, որը համահունչ է Կոնվենցիային՝ հատկապես «անկարգության կամ հանցանքի կանխումը»: Դեռևս պետք է ուսումնասիրվի՝ արդյոք խուզարկություն կատարելու եղանակը համաչափ է եղել այդ իրավաչափ նպատակին:

60. Դիմումատուն պնդել է, որ խուզարկության կատարումը սխալ է ընթացել՝ կապված հետևյալ գործոնների հետ.

ա) ինքը խուզարկություն կատարելու մասին որոշմանը ծանոթանալու պատշաճ հնարավորություն չի ունեցել,

բ) ընթերակաները, որոնք երկուսն էլ տարեց էին, ներկա չեն գտնվել, երբ հիմնական տունը, որտեղ կանեփը հայտնաբերվել է, կրկին խուզարկվել է,

գ) իր դիտողությունները և ընթերակաների կողմից արված մեկնաբանությունները չեն նշվել խուզարկության արձանագրության մեջ,

դ) դիմումատուն ներկա չի գտնվել գույքի բոլոր հատվածների խուզարկությանը:

61. «ա» գործոնի առնչությամբ Դատարանը նշում է, որ ՔԴՕ-ի 228-րդ հոդվածով պահանջվում է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը ներկայացվի այն անձին, որի մոտ կատարվում է խուզարկությունը, ինչը հաստատվում է ստորագրությամբ: Դիմումատուն չի ստորագրել որոշումը, բայց խուզարկության արձանագրությունից երևում է, որ նա հրաժարվել է այն ստորագրել՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու (տե'ս վերևում՝ 14-րդ պարբերությունը):

62. «բ» գործոնի առնչությամբ Դատարանը դիտարկում է, որ համաձայն ՔԴՕ-ի 227-րդ հոդվածի 1-ին մասի՝ խուզարկությունը պետք է կատարվի ընթերակաների ներկայությամբ: Դատարանը նշում է, որ դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ իր բնակարանի խուզարկությունը վերահսկվել է երկու հարևանների կողմից, որոնցից մեկը տարեց էր, իսկ մյուսը՝ պատերազմի վետերան, որը կոնտուզիա էր ստացել: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ օրենքով չի սահմանվում, թե ով կարող է հանդես գալ որպես ընթերակա, ինչպես նաև չի երևում, որ դիմումատուն առարկել է Գ.Գ.-ի և Մ.Ս.-ի՝ խուզարկության գործընթացին մասնակցությանն այն հիմքով, որ նրանք չեն համապատասխանել որպես ընթերակա իրենց պարտականությունների արդյունավետ կատարման համար: Ավելին, ոչինչ չի վկայում այն մասին, որ տարեցներ Մ.Ս.-ի և Գ.Գ.-ի առողջական վիճակը նրանց թույլ չի տվել նկատել ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր չարաշահման դեպքերը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ընթերակաները վիճարկելի ապացույցի հայտնաբերման ժամանակ ներկա չեն գտնվել տանը, դիմումատուի դեմ վարույթների ընթացքում այդ փաստը չի հաստատվել: Ընդհակառակը, և Բ Մ.Ս.-ն, և Բ Գ.Գ.-ն քննող դատարանում նշել են, որ նրանք անձամբ ականատես են եղել նախասենյակում դրված ջրի եռուցիչի միջից պոլիէթիլենային տոպրակի հայտնաբերմանը (տե'ս վերևում՝ 30-րդ պարբերությունը):

63. Ինչ վերաբերում է «գ» գործոնին, Դատարանը դիտարկում է, որ այնքանով, որքանով վերաբերելի է ընթերականերին, երկուսն էլ քննող դատարանում նշել են, որ չեն կարողանում հիշել՝ արդյոք ոստիկանության՝ խուզարկություն կատարող ծառայողները նրանց տեղեկացրել են այն մասին, որ իրենք իրավունք ունեն խուզարկության արձանագրության մեջ ներառելու իրենց առարկությունները՝ դրանց առկայության դեպքում (տե'ս վերևում՝ 30-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրանք չեն նշել, որ ունեցել են առարկություններ, որոնք չեն արձանագրվել: Այնքանով, որքանով վերաբերելի է դիմումատուին, նա պնդել է, որ հայտարարել է հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակի վերաբերյալ իր անտեղյակության մասին, և նշել է, որ այն դրվել է ոստիկանության կողմից: Դատարանը նշում է, որ քննող դատարանում Գ.Գ.-ն հաստատել է, որ դիմումատուն, իրոք, արել է այդպիսի հայտարարություն (նույն տեղում): Միևնույն ժամանակ Դատարանը նկատում է, որ չնայած խուզարկության արձանագրության մեջ նշվել է, որ դիմումատուն չի ստորագրել այն՝ առանց ներկայացնելու հրաժարվելու պատճառները, այդուհանդերձ, դիմումատուի հայտարարությունն այն մասին, որ ինքը տեղյակ չի եղել հայտնաբերված առարկաների մասին, դրանում արձանագրվել է (տե'ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, չի կարող բացառվել, որ դիմումատուն կարող էր այլ առարկություններ ունենալ, որոնք չեն արտացոլվել խուզարկության արձանագրության մեջ, և այդ փաստը Դատարանի համար մնում է անհայտ:

64. Վերջապես, ինչ վերաբերում է «դ» գործոնին, դիմումատուն հատկապես այս հարցն իր դեմ հարուցված վարույթների ընթացքում չի բարձրացրել: Ամեն դեպքում, ինչպես նշվել է վերևում, Մ.Ս.-ն և Գ.Գ.-ն քննող դատարանում հաստատել են, որ ականատես են եղել նախասենյակում դրված եռուցիչի միջից պոլիէթիլենային տոպրակի հայտնաբերմանը (տե'ս վերևում՝ 62-րդ պարբերությունը):

65. Վկայակոչելով նախորդ չորս պարբերություններում արված իր դիտարկումները, Դատարանը նշում է, որ դիմումատուն կարող էր միայն սահմանափակ հնարավորություն ունենալ ծանոթանալու խուզարկություն կատարելու մասին որոշմանը, և հնարավոր է, որ նրա առարկությունները ամենայն ճշգրտությամբ չեն արտացոլվել խուզարկության արձանագրության մեջ: Այս գործոնները, այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով բավարար ծանրակշիռ չեն անհամաչափության եզրահանգումը հիմնավորելու համար:

66. Վերոգրյալի լույսի ներքո՝ Դատարանն այն կարծիքին է, որ որոշման կատարումը այս գործի հանգամանքներում չի կարող դիտվել որպես հետապնդվող իրավաչափ նպատակին անհամաչափ:

67. Որպես եզրահանգում՝ սույն գործի հանգամանքներում 8-րդ հոդվածի խախտում չի հայտնաբերվել:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

68. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ ինքը դատապարտվել է ապօրինի խուզարկության արդյունքում ձեռք բերված ապացույցի հիման վրա: Նա որպես հիմնավորում նշել է Կոնվենցիայի 6–րդ հոդվածի 1-ին կետը, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը՝

«Յուրաքանչյուր ոք, ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի ... դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք»։

Ընդունելիությունը

1. Կողմերի փաստարկները

69. Դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցի վրա, և որ քննող դատարանը չի արձագանքել ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար ներկայացված իր դիմումին:

70. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի բնակարանի խուզարկության արդյունքները որպես ապացույց ընդունելը չի ազդել քննության արդարության վրա:

2. Դատարանի գնահատականը

71. Դատարանը կրկին նշում է, որ իր պարտականությունն է, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, ապահովել պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, ազգային դատարանի կողմից փաստական կամ իրավական ենթադրյալ սխալների ուսումնասիրությունը նրա գործառույթը չէ, քանի դեռ [չեն խախտվել] և այնքանով, որքանով որ դրանցով խախտվել են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներն ու ազատությունները։ Թեև 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդարացի դատաքննության իրավունքը, այն, որպես այդպիսին, չի սահմանում ապացույցի ընդունելիության վերաբերյալ որևէ կանոն, ինչը, հետևաբար, ի սկզբանե ներպետական օրենքով կարգավորվող հարց է (տե'ս Շենկն ընդդեմ Շվեյցարիայի [Schenk v. Switzerland], 1988 թվականի հուլիսի 12, «« 45-46, Շարք Ա թիվ 140 և Տեիքսերիա Դ» Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի [Teixeira de Castro v. Portugal], 1998 թվականի հունիսի 9, § 34, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-IV):

72. Հետևաբար, սկզբունքորեն Դատարանի խնդիրը չէ որոշելը, թե արդյոք ապացույցների որոշակի տեսակները, օրինակ՝ ներպետական օրենսդրության իմաստով անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցը թույլատրելի են, թե՝ ոչ, կամ արդյոք դիմումատուն իրականում մեղավոր է, թե՝ ոչ։ Հարցը, որին պետք է պատասխան տրվի, այն է, թե արդյոք վարույթները՝ որպես ամբողջություն, ներառյալ՝ եղանակը, որի միջոցով ձեռք է բերվել ապացույցը, արդարացի են եղել, թե՝ ոչ։ Սա ներառում է վիճարկվող, անօրինականության հարցի և, եթե խոսքը գնում է Կոնվենցիայով սահմանված այլ իրավունքի խախտման մասին, հայտնաբերված խախտման բնույթի ուսումնասիրություն (տե'ս, inter alia, Բիկովն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Bykov v. Russia [GC]], թիվ 4378/02, § 89, 2009 թվականի մարտի 10, Յալլոհն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jalloh v. Germany [GC]], թիվ 54810/00, § § 94-95, ՄԻԵԴ 2006-IX, Խանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Khan v. the United Kingdom], թիվ 35394/97, § 34, ՄԻԵԴ 2000-V և ՓԻ.ՋԻ.-ն և ՋԵՅ.ԷՅՉ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [P.G. and J.H. v. the United Kingdom], թիվ 44787/98, § 76, ՄԻԵԴ 2001-IX):

73. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի հայտնաբերված խախտման ուսումնասիրությանը, Դատարանը դիտարկում է, որ հատկապես Խանի (վերևում հիշատակված՝ § § 25-28) և ՓԻ.ՋԻ.-ի և ՋԵՅ. ԷՅՉ.-ի (վերևում հիշատակված՝ § § 37-38) գործերով պարզվել է, որ գաղտնալսիչ սարքերի օգտագործումն իրականացվել է 8-րդ հոդվածի խախտմամբ, քանի որ նման սարքերի օգնությանը դիմելու համար ներպետական օրենսդրությամբ իրավական հիմքեր ապահովված չեն եղել, և դիմումատուի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը չի կատարվել «օրենքին համապատասխան»: Այնուամենայնիվ, այդ ձևով ձեռք բերված տեղեկությունները որպես ապացույց ընդունելը սույն գործերի հանգամանքներում չի հակասում 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդարացիության պահանջներին (տե'ս Յալլոհի գործը՝ վերևում հիշատակված, § 98):

74. Դատարանն այնուհետև դիտարկում է, որ դատավարության ժամանակ առանց պատշաճ իրավական հիմքերի կամ անօրինական միջոցներով ձեռք բերված նյութի օգտագործումն ընդհանուր առմամբ չի խախտում 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացիության չափորոշիչն այն դեպքում, երբ առկա են պատշաճ դատավարական երաշխիքներ, ինչպես նաև նյութի բնույթը և աղբյուրը չեն խախտվել, օրինակ, որևէ ճնշմամբ, հարկադրանքով կամ դրդմամբ, ինչը քրեական մեղադրանքի հարցը լուծելիս դրանց վրա հիմնվելը կդարձնի ոչ արդարացի: Նման տեղեկությունների ձեռքբերումն ավելի շուտ առաջ է բերում պայմանավորվող պետությունների՝ 8-րդ հոդվածի համաձայն անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը պատշաճ կերպով ապահովելու պարտականության հարցը (տե՛ս Չելկլին ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Chalkley v. the United Kingdom (dec.)], թիվ 63831/00, 2002 թվականի սեպտեմբերի 26): Սույն մոտեցումը վերջերս վերահաստատվել է Մեծ պալատի կողմից Բիկովի գործով (վերևում հիշատակված՝ § § 94-105):

75. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուի բնակարանում կանեփը հայտնաբերվել է դատական որոշման համաձայն կատարված խուզարկության արդյունքում: Դատարանը նաև նշում է, որ խուզարկության ժամանակ կատարվել են ներպետական օրենսդրության դատավարական խախտումներ:

76. Դատարանն այնուհետև նշում է, որ չնայած այլ ապացույցներ` ինչպես, օրինակ՝ դիմումատուի մեզի նմուշի քննության և փորձագիտական եզրակացությունների արդյունքները, նշվել են քննող դատարանի վճռում, վիճարկվող ապացույցը, փաստորեն, թմրանյութ պահելու մեղադրանքի առնչությամբ դիմումատուի դեմ միակ ապացույցն էր: Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ ապացույցների առկայության հիմնավորվածությունը, ի տարբերություն վիճարկվող հարցի, պայմանավորված է գործի հանգամանքներով (տե՛ս Խանի գործը՝ վերևում հիշատակված, § 37):

77. Ճշմարիտ է, որ զարմանալիորեն ներպետական դատարանները մանրամասն չեն գնահատել խուզարկությունն անօրինական ձևով կատարելու վերաբերյալ դիմումատուի պնդումները, մի փաստ, որը մատնանշվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ դիմումատուն բավականաչափ հնարավորություն է ունեցել քննելու ընթերականեր Գ.Գ.-ին և Մ.Ս.-ին, որոնք երկուսն էլ ներկա են գտնվել դատաքննությանը, բայց պնդել են իրենց նախնական հայտարարություններն այն մասին, որ իրենք անձամբ ականատես են եղել խուզարկության ժամանակ կանեփի հայտնաբերմանը: Չնայած դիմումատուն ներկայացրել է ընթերակաների կողմից արված հայտարարություններն այն մասին, որ ոստիկանության ծառայողները նրանց համոզել և սպառնացել են՝ ստորագրել խուզարկության արձանագրությունը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը), այս պնդումներն առաջին անգամ են բարձրացվել Դատարանում: Ընթերակաները նմանատիպ հայտարարություններ չեն արել քննող դատարանում: Այսպիսի հանգամանքներում և հակառակն ապացուցող ծանրակշիռ ապացույցների բացակայության պարագայում Դատարանը չի կարող համարել, որ դիմումատուի դեմ վարույթը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին՝ կապված վիճարկելի ապացույցների օգտագործման և դրանից հետևող եզրահանգումների հետ:

78. Վերջապես, Դատարանը չի կարող անտեսել ներպետական օրենսդրության խախտված դրույթների բնույթը և շրջանակը (տե՛ս mutatis mutandis, Փարրիսն ընդդեմ Կիպրոսի (որոշում) [Parris v. Cyprus (dec.)], թիվ 56354/00, 2002 թվականի հուլիսի 4) և այն փաստը, որ վիճարկվող ապացույցը ձեռք չի բերվել հարկադրանքի կամ ճնշման միջոցով (տե՛ս, a contrario (հակառակ դիտանկյունից), Յալլոհի գործը՝ վերևում հիշատակված, § § 103-108):

79. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

80. Դիմումատուն այնուհետև մի շարք այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի 3–րդ, 5–րդ, 6–րդ, 10-րդ, 11-րդ, 13–րդ և 14-րդ հոդվածների և թիվ 7 Արձանագրության 2–րդ հոդվածի մասով։

81. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Այստեղից հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտորեն անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է 8-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքը խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի մասով ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ Կոնվենցիայի 8–րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի փետրվարի 4-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Անդրե Ուամպաշ

Քարտուղարի տեղակալ Միրյանա Լազարովա Տրայկովսկա

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։