Հոդված 14. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները
Հոդված 14. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները
(վերնագիրը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)
1. Ընտրատարածքային հանձնաժողովը`
1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում օրինականության ապահովման, սույն օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ.
2) սահմանում է տեղական հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանած կարգին համապատասխան և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.
3) իր և տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.
4) քննարկում է տեղամասային հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին հակասող որոշումները.
5) ըստ հանրաքվեի տեղամասերի` տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.
6) հետևում է տեղական հանրաքվեի մասնակիցների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.
7) վերահսկում է տեղամասային կենտրոնների` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սույն օրենքի պահանջներին համապատասխան կահավորումը.
8) վերահսկողություն է իրականացնում տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.
9) անվավեր է ճանաչում տեղամասում քվեարկության արդյունքները.
10) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(14-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-225-Ն)