Հոդված 22. Քարոզչությունը տեղական հանրաքվեի ընթացքում
Հոդված 22. Քարոզչությունը տեղական հանրաքվեի ընթացքում
1. Տեղական հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով իրականացվում է քարոզչություն:
2. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:
3. Քարոզչությունն սկսվում է տեղական հանրաքվեի նշանակման օրվանից և ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
4. Քվեարկության և դրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:
5. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.
2) Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.
3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
4) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին:
6. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձևով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հավաքներ), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:
7. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական տպագիր այլ նյութեր:
8. Համայնքների ղեկավարները քարոզչական պաստառները փակցնելու համար, հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:
9. Տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցումն անցկացնելու ժամանակը, հարցման ենթարկվածների թիվը (ընտրանքի ձևը), տեղեկատվության հավաքման միջոցը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր անճշտությունների վիճակագրական գնահատականը: Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա հեռուստաընկերություններով, տպագիր մամուլով տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, քվեարկողների հարցման արդյունքները հրապարակելը:
10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման (հրապարակման) համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
11. Անանուն քարոզչական նյութեր տարածելն արգելվում է: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններ՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:
12. Քարոզչության փուլում արգելվում է քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
13. Քվեարկության և դրան նախորդող օրն արգելվում է տեղամասային կենտրոնում և դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վրա բանավոր կամ գրավոր ձևով ազդեցություն գործելը՝ երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ այլ եղանակներով քարոզչություն կատարելը:
14. Արգելվում է մինչև քվեարկության ավարտը հրապարակել տեղական հանրաքվեին մասնակցած անձի քվեարկության արդյունքը:
15. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերի հավաքվելը:
16. Տեղական հանրաքվեի հանձնաժողովները հսկում են քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Դրա խախտման դեպքում հանձնաժողովները կարող են դրանք կանխելու համար դիմել իրավասու մարմիններ, ինչպես նաև դատարան՝ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
(22-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն, 14.04.11 ՀՕ-80-Ն, խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-225-Ն)