Հոդված 23. Քարոզչության ֆինանսավորումը
Հոդված 23. Քարոզչության ֆինանսավորումը
1. Նախաձեռնող խումբը կարող է քարոզչության ֆինանսավորման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով բացել բանկային միասնական հաշիվ (այսուհետ՝ քարոզչության հաշիվ): Քարոզչության նպատակով նախաձեռնող խմբի կողմից ֆինանսավորման այլ աղբյուրներից ծախսեր կատարելն արգելվում է:
2. Տեղական ինքնակառավարման մարմնի նախաձեռնությամբ անցկացվող տեղական հանրաքվեի քարոզչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:
4. Քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք չունեն՝
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
դ) քաղաքացիություն չունեցող անձինք.
ե) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.
զ) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:
5. Քարոզչության հաշվից ծախսեր կարող է կատարել նախաձեռնող խմբի կողմից դրա համար լիազորված անձը: Նախաձեռնող խումբը մինչև քարոզչության ավարտը, եռօրյա պարբերականությամբ, ընտրատարածքային հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում քարոզչության հաշվից կատարվող ֆինանսական գործողությունների վերաբերյալ:
6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված անձանց կողմից քարոզչության հաշվին մուծված գումարները, ինչպես նաև քարոզչության ավարտից հետո քարոզչության հաշվի մնացորդը երկու բանկային օրվա ընթացքում փոխանցվում են համապատասխան համայնքի տեղական բյուջեի ֆոնդային մաս:
7. Քարոզչության ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, նախաձեռնող խումբը ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացնում քարոզչության հաշվի միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որին կցվում են կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:
8. Քարոզչության հաշվի միջոցների տնօրինման սահմանված կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:
(23-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)