Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում
Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում
1. Տեղական հանրաքվեն նախապատրաստվում և անցկացվում է հրապարակայնորեն:
2. Կենտրոնական հանձնաժողովի որոշումները հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, քվեարկության օրվա, քվեարկության և տեղական հանրաքվեի արդյունքների մասին:
4. Քվեարկության օրը տեղամասային հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը ընտրատարածքային հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ տեղամասում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը: Ընտրատարածքային հանձնաժողովները այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են կենտրոնական հանձնաժողով:
5. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա լինելու դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով քվեարկության գաղտնիության իրավունքը:
6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:
(16-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն, 17.12.14 ՀՕ-225-Ն)