Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը
Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը
«1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկ չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարին ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարին ժամկետով։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս ժամկետով։»
Դ. Ներպետական դատարանների դատական ակտերը
37. 2001 թվականի մայիսի 22–ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անձին մեղավոր է ճանաչել նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածով` մասնավոր ձեռնարկության կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու համար։
38. 2003 թվականի հունվարի 20–ի դատավճռով Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անձանց մեղավոր է ճանաչել, inter alia, նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածով` Իսպանիայում բնակվելու թույլտվությունը կեղծելու համար։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
39. Դիմումատուն բողոքել է, որ իր մինչդատական կալանքը եղել է երկարաժամկետ և անհիմն։ Նա վկայակոչել է ընդունել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որ սահմանում է հետևյալը.
«3. Սույն Հոդվածի 1–ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով։»
Ընդունելիություն
Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում
(ա) Կողմերի փաստարկները
40. Կառավարությունը պնդել է, inter alia, որ դիմումատուն սույն գանգատով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Նախ և առաջ, նա 2003 թվականի մայիսի 2–ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ չի ներկայացրել վճռաբեկ բողոք։ Երկրորդ, նա չի օգտվել ՔԴՕ–ի 136րդ հոդվածի 2–րդ կետով սահմանված իր իրավունքից՝ գործի դատական քննության ընթացքում ներկայացնելու իրեն կալանքից ազատ արձակվելու մասին միջնորդություն: Մասնավորապես, չնայած նա 2004 թվականի դեկտեմբերի 15–ի դատական նիստի ընթացքում ներկայացրել է նման միջնորդություն, սակայն հետ է վերցրել այն հաջորդ նիստի ընթացքում, ինչի արդյունքում էլ այն չի քննվել առաջին ատյանի դատարանի կողմից։ Վերջապես, դիմումատուն չի բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին երկու որոշումները։.
41. Դիմումատուն պնդել է, inter alia, որ ՔԴՕ–ն չի սահմանում մինչդատական կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները բողոքարկելու ընթացակարգ։ Տվյալ ժամանակահատվածում գործող ՔԴՕ–ի 288–րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ մինչդատական կալանքի վերաբերյալ դատարանի որոշումների օրինականության դատական ստուգումը պետք է իրականացվի Վերաքննիչ դատարանի կողմից։
42. Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում կալանքից ազատ արձակվելու հնարավորությանը, դիմումատուն նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի սահմանում դատաքննության ընթացքում կալանքի ժամկետի որևէ սահմանափակում, և դատավորները սովորաբար չեն սահմանում որևէ ժամկետ նման կալանքի համար։ Stašaitis Stasaitisv. Lithuania (թիվ 47679/99, §§ 21, 67–68, 21 Մարտ 2002) և Nakhmanovich v. Russia (թիվ 55669/00, §§ 44, 70–71, 2 Մարտ 2006) գործերով Դատարանը գտել է, որ նման գործելակերպը, Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին կետի իմաստով հակասում է օրինականության սկզբունքին։ Նույնը տեղի է ունեցել նաև իր դեպքում, քանի որ դատավոր Ա.–ն իր գործը դատական քննության նշանակելու մասին որոշման հետ մեկտեղ դատաքննության ընթացքում երկարացրել է իր կալանքը` առանց ժամկետ նշելու։ Ինչ վերաբերում է իր՝ 2004 թվականի դեկտեմբերի 15–ին ներկայացրած կալանքից ազատ արձակվելու մասին միջնորդությանը, ապա, նախ և առաջ Դատավոր Ա.–ի՝ դրա քննությունը մինչև հաջորդ նիստը հետաձգելու մասին որոշումն անհիմն է եղել։ Երկրորդ, 2004 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած հաջորդ դատական նիստի ժամանակ ինքը չի խնդրել հետ վերցնել այդ միջնորդությունը, այլ դատարանի դահլիճում ծագած վիճաբանության ընթացքում հանդես է եկել հուզական հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, դատավոր Ա.–ն իր հայտարարությունն ընդունել է որպես բացահայտ խնդրանք և որոշել է իրեն ազատ արձակվելու մասին միջնորդությունը թողնել առանց քննության։ Երրորդ, նա լուրջ կասկածներ է ունեցել դատավոր Ա.–ի իրական անկողմնակալության վերաբերյալ։ Մասնավորապես, այն ժամանակահատվածում, երբ ընթանում էր իր գործի դատական քննությունը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը` դատախազ Տ.-ի գլխավորությամբ, որը նաև դատարանում իր դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն էր, վարում էր դատավոր Ա.–ի կայացրած դատավճիռներից մեկի ենթադրյալ անօրինականության վերաբերյալ հարուցված քրեական գործը։ Վերջապես, առաջին ատյանի դատարանի թերությունները անհնար էր վերացնել, քանի որ դատաքննության ընթացքում կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ ոչ մի բողոք չի ներկայացվել։
(բ) Դատարանի գնահատականը
43. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պարտավորեցնում է միջազգային իրավական մարմնի առջև պետության դեմ գանգատ բերել ցանկացողներին օգտագործել, առաջին հերթին, ներպետական իրավական համակարգով նախատեսված պաշտպանության միջոցները` այդ կերպով ազատելով պետություններին միջազգային մարմնի առջև իրենց արարքների համար պատասխանելու պարտականությունից, քանի դեռ իրենք չեն ունեցել հնարավորություն ուղղակի լուծել խնդիրը իրենց սեփական իրավական համակարգում: Այս կանոնին համապատասխանելու համար, դիմումատուն պետք է օգտվի այնպիսի իրավական պաշտպանության միջոցներից, որոնք հասանելի և բավարար են ենթադրյալ խախտման փոխհատուցում տրամադրելու համար (տե՛ս, այլ գործերի շարքում, Assenov and Others v. Bulgaria, թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999–VIII)։ Ինչ վերաբերում է 5–րդ հոդվածի 3–րդ կետին, դատարանը կրկնում է, որ 5–րդ հոդվածի 3րդ կետի ներքո ներպետական դատարանները պարտավոր են վերանայել անձանց շարունակական կալանավորման հարցը գործի դատական քննության ընթացքում՝ նպատակ ունենալով ազատ արձակել նրանց այն դեպքում, երբ այլևս հիմքեր չկան շարունակելու կալանքը (տե՛ս McKay v. the United Kingdom [ՄՊ], թիվ 543/03, § 45, ՄԻԵԴ 2006–X, և Kaszczyniec v. Poland, թիվ 59526/00, § 51, 22 մայիս 2007)։
44. Դատարանը նշում է, որ Հայաստանի քրեական օրենքը տարբերակում է նախաքննության ընթացքում կիրառվող կալանքը դատաքննության ընթացքում կիրառվող կալանքից։ Ի տարբերություն նախաքննության ընթացքում կիրառվող կալանքի, որը նշանակվում և երկարացվում է դատարանի որոշմամբ` յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով և չի կարող գերազանցել որոշակի ժամանակահատվածը, դատաքննության ընթացքում կալանքի առավելագույն ժամկետ չի սահմանվում։ Ավելին, երբ առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում մեղադրյալի կալանավորման մասին որոշում է կայացնում, այն պարտավոր չէ այնուհետև իր նախաձեռնությամբ վերադառնալ այդ հարցին ։ Այնուամենայնիվ, ՔԴՕ–ի 136–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է մեղադրյալի կալանքը փոխարինել գրավով (տե´ս վերևում` § 34)։ Ոչնչով չի մատնանշվում, որ դատաքննության ընթացքում մեղադրյալի կամ նրա իրավական ներկայացուցչի կողմից նման միջնորդություն ներկայացնելը չէր կարող ապահովել Կոնվենցիայի ենթադրյալ խախտումների ուղղում։ Հետևաբար, նման միջնորդություն ներկայացնելը պետք է դիտարկվի որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց 5–րդ հոդվածի 3–րդ կետի ենթադրյալ խախտումների դեպքում։
45. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ դատարանը նշում է, որ դիմումատուի մինչդատական կալանքը տևել է 2003 ապրիլի 1–ից` այն օրից, երբ նա ձերբակալվել է, մինչև 2005 թվականի նոյեմբերի 14–ը` այն օրը, երբ առաջին ատյանի դատարանը դիմումատուի վերաբերյալ կայացրել է դատավճիռ։ Այսպիսով, այն ընդհանուր առմամբ տևել է երկու տարի, յոթ ամիս և երկու շաբաթ։ Սակայն, այդ ժամանակահատվածի մեծ մասը, այսինքն՝ 2003 թվականի դեկտեմբերի 8–ից մինչև 2005 թվականի նոյեմբերի 14–ը դիմումատուն գտնվել է կալանքի տակ գործի դատական քննության ընթացքում։ Հետևաբար, նա և իր պաշտպանը հնարավորություն ունեին պահանջել դիմումատուի գրավով ազատ արձակումը դատական վարույթի ընթացքում, ինչ նրանք չեն արել։
46. Այն, որ 2004 թվականի դեկտեմբերի 15–ին կայացած դատական լսման ընթացքում դիմումատուն կալանքից ազատ արձակվելու մասին միջնորդություն է ներկայացրել, որի քննությունը հետաձգվել է մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27ին կայանալիք հաջորդ դատական նիստը, համապատասխանում է իրականությանը։ Սակայն, հաջորդ դատական նիստի ընթացքում նա հետ է վերցրել իր միջնորդությունը։ Դիմումատուն պնդել է, որ նա առաջին ատյանի դատարանին ոչ թե խնդրել է հետ վերցնել այդ միջնորդությունը, այլ դրա վերաբերյալ հուզական հայտարարություն է արել իր և դատավորի միջև տեղի ունեցած բուռն վիճաբանության ընթացքում։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ նման բան իսկապես եղել է, և դատավոր Ա.–ն օգտագործել է դիմումատուի հուզական հայտարարությունը՝ այն ընդունելով որպես բացահայտ հայտարարություն, Դատարանը գտնում է, որ դիմումատուն կարող էր նման միջնորդություն կրկին ներկայացնել հաջորդ դատական նիստի ընթացքում, ինչը նա ակնհայտորեն չի արել։ Ինչ վերաբերում է դիմումատուի մեղադրանքին, որ դատավոր Ա.–ն կողմնակալ է եղել, գործի նյութերում ոչինչ չկա, որը ցույց կտա, որ դիմումատուն նման հարց է բարձրացրել ներպետական դատարաններում կամ Դատարանին ուղղված իր ներկայիս գանգատում։ Հետևաբար, Դատարանը չի կարող ընդունել այս փաստարկը։
47. Վերջապես, ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում դիմումատուի նկատմամբ կիրառված կալանքին, Դատարանը նշում է, որ այն երկու անգամ երկարացվել է Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ մասնավորապես 2003 թվականի մայիսի 23–ին և հուլիսի 23–ին (տե´ս վերևում` §§ 16 և 17)։ Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ դիմումատուն այս երկարացման վերաբերյալ բողոք չի ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և, հետևաբար, չի օգտվել ՔԴՕ–ի 137–րդ հոդվածի 5–րդ մասով, 150–րդ հոդվածի 2–րդ մասով և 288–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված միջոցից (տե՛ս վերևում` §37)։
48. Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ պաշտպանի կողմից ներկայացվող դիմումատուն, իր կալանքը երկարացնելու մասին դատարանի երկու կարգադրությունների դեմ բողոք չներկայացնելով, պատշաճ կերպով հետամուտ չլինելով կամ կալանքից ազատ արձակվելու մասին իր միջնորդությունը առաջին ատյանի դատարան կրկին չներկայացնելով, չի սպառել ներպետական օրենսդրությամբ նախատեսված իր համար հասանելի իրավական պաշտպանության միջոցները։
49. Հետևաբար, գանգատի այս հատվածը Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 1–ին և 4–րդ կետերին համապատասխան պետք է մերժել` իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու պատճառաբանությամբ։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 7–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
50. Դիմումատուն բողոքել է նաև, որ նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածը, որով ինքը դատապարտվել է, չունի իրավական հստակություն` ի տարբերություն նախկին ՔՕ–ի, մասնավորապես՝ դրա 213–րդ հոդվածի, որը պարունակում է «պետական և հասարակական կազմակերպություններ» բառերը։ Հետևաբար, իր դեպքում 325–րդ հոդվածի մեկնաբանությունը և կիրառելիությունը գերազանցել է իր ողջամիտ կանխատեսումները։ Այս կապակցությամբ նա վկայակոչել է Կոնվենցիայի 7–րդ հոդվածը, որը նախատեսում է հետևյալը.
«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։
2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձին դատի տալը կամ պատժելը որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան համարվել է քրեական հանցագործություն։»
Ա. Ընդունելիությունը
51. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 3–րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Գործի ըստ էության քննություն
1. Կողմերի փաստարկները
52. Կառավարությունը պնդել է, որ նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածի համաձայն դիմումատուի դատապարտումը համապատասխանում է Կոնվենցիայի 7–րդ հոդվածի պահանջներին։ Մասնավորապես, փաստաթղթերի կեղծումը համարվում էր նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածով արգելված արարք այն ժամանակ, երբ դիմումատուն կատարել է հանցագործությունը։ Ինչպես երևում է դրա ձևակերպումից, իրավունք վերագրող կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթը չի սահմանափակվում պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հաստատությունների կամ կազմակերպությունների շրջանակով, քանի որ անհատը կամ իրավական անձի ներկայացուցիչը կարող է կեղծել իրավական նշանակություն ունեցող տարբեր փաստաթղթեր։ Հետևաբար, 213–րդ հոդվածը հստակ սահմանում է հանցագործությունը, իսկ նրա դրույթները համապատասխանում են կանխատեսելիության և մատչելիության նորմերին, ինչը պահանջվում է Կոնվենցիայով։ Ավելին, 213–րդ հոդվածի մեկնաբանության և կիրառության վերաբերյալ դատական պրակտիկան չի բացառել սույն հոդվածով պետական կամ հասարակական հաստատությունների հետ կապ չունեցող անհատների դատապարտումը։ Հետևաբար, հանցանքը, որի համար դիմումատուն դատապարտվել է, համապատասխանում է նախկին ՔՕ–213–րդ հոդվածի հանցակազմին։ Որպես իր պնդումների հիմնավորում՝ Կառավարությունը ներկայացրել է նախկին ՔՕ–ի դեռևս ուժի մեջ գտնվելու ընթացքում ներպետական դատարանների կողմից կայացրած երկու որոշում, որոնցով անհատները դատապարտվել են 213–րդ հոդվածով։
53. Ինչ վերաբերում է նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածին, Կառավարությունը պնդել է, որ այն լիովին համապատասխանում է իրավական հստակության սկզբունքին։ Մասնավորապես, 2006 թվականի հունիսի 1–ի իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությունը համապատասխանում է 213–րդ հոդվածում նշված «իրավունք վերագրող կամ պատասխանատվությունից ազատող այլ փաստաթուղթ» հասկացությանը։
54. Դիմումատուն պնդել է, որ հանցանքը, որի համար նա դատապարտվել է, չի համապատասխանում 213–րդ հոդվածի հանցակազմին։ Սա հաստատվել է այն փաստով, որ սույն Հոդվածով նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել այն ժամանակահատվածում, երբ նախկին ՔՕ–ն դեռևս ուժի մեջ էր։ Առևտրային կազմակերպություններն արգելված էին Սովետական սոցիալիստական իրավական և քաղաքական կարգերով, քանի որ Սովետական տոտալիտարական համակարգը թույլատրում էր միայն պետական, կոլեկտիվ և հասարակական հաստատություններ, կազմակերպություններ կամ ձեռնարկություններ։ Առևտրային կազմակերպություններն ի հայտ են եկել միայն այն բանից հետո, երբ փոփոխվել է քաղաքական կարգը և Հայաստանը ձեռք է բերել անկախություն։ Այնուամենայնիվ, Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո տարիներ շարունակ նախկին ՔՕ–ն մնացել է ուժի մեջ և միայն մի քանի հոդվածներ են փոփոխվել։ 213–րդ հոդվածը չի պատկանել փոփոխված հոդվածների շարքին։
55. Այնուհետև դիմումատուն նշել է, որ 213–րդ հոդվածի կիրառելիության համար վճռորոշ պայման է հանդիսանում այն հանգամանքը, թե արդյոք փաստաթուղթը տրամադրվել է «Պետության կամ հասարակական ձեռնարկության, հաստատության կամ կազմակերպության» կողմից։ Սա նշանակում է, որ եթե անհատը կամ պաշտոնատար անձը կեղծել է փաստաթուղթ, որը տրված չի եղել պետության կամ հասարակական ձեռնարկության, հաստատության կամ կազմակերպության կողմից, ապա 213–րդ հոդվածը չի կարող կիրառվել, քանի որ այդ հոդվածի առարկան և նպատակն է քրեականացնել պետական կարգի դեմ ուղղված գործողությունները։ Դա հաստատվում է այն փաստով, որ 213–րդ հոդվածը ներառված է նախկին ՔՕ–ի 10–րդ գլխում և ունի «Վարչակարգի դեմ ուղղված հանցագործություններ» վերնագիրը։ Սովետական Հայաստանում վարչակարգը վարում էր բացառապես պետությունը։ Հետևաբար, վարչակարգի դեմ ուղղված ցանկացած գործողություն ուղղված էր պետության դեմ։ Այդ կանոնի համար միակ բացառությունը նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածում հատուկ նշված հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված գործողություններն էին։ Այսպիսով, հանցանքը, որի համար նա դատապարտվել է, չէր համապատասխանում 213–րդ հոդվածի հանցակազմին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանի՝ նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածում ընդգրկված «պաշտոնական փաստաթուղթ» հասկացության մեկնաբանությունը չէր համապատասխանում նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածով այդ հասկացության մեկնաբանությանը։ Չնայած նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածը հստակ սահմանում էր դրա կիրառության շրջանակը, ներպետական դատարանները հաճախ այն կիրառում էին լայն իմաստով և կամայականորեն այն անձանց նկատմամբ, ովքեր կեղծել են առևտրային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերը։ Այդ իմաստով էական տարբերություն կա օրենքով սահմանված նորմի և նախադեպային իրավունքի միջև։ Արդյունքում, տվյալ իրավական դրույթը չի համապատասխանել կանխատեսելիության պահանջին։
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
56. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 7–րդ հոդվածով նախատեսված երաշխիքը օրենքի գերակայության կարևորագույն բաղադրիչն է։ Այն պետք է մեկնաբանել և կիրառել նրա առարկային և նպատակին համապատասխան, այնպես, որ կամայական քրեական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ ապահովվի արդյունավետ պաշտպանություն (տե՛ս Scoppola v. Italy (թիվ 2) [ՄՊ], թիվ 10249/03, § 92, 17 Սեպտեմբեր 2009 կամ Huhtamäki v. Finland, թիվ 54468/09, § 41, 6 Մարտ 2012)։ 7–րդ հոդվածը չի սահմանափակվում քրեական օրենքի՝ ի վնաս մեղադրյալի հետադարձ կիրառության արգելքով։ Այն նաև ընդհանուր առմամբ ներառում է այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և նշանակել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է հիմնականում մեկնաբանվի լայնորեն ի վնաս մեղադրյալի, օրինակ` համանմանությամբ։ Սույն սկզբունքներից հետևում է, որ հանցանքը պետք է հստակորեն սահմանված լինի օրենքում։ Սույն պահանջը պահպանված է համարվում է այն դեպքում, երբ անհատը համապատասխան դրույթի ձևակերպումից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` դատարանի կողմից տրված դրա մեկնաբանությամբ, կարող է պատկերացում կազմել, թե որ գործողության և անգործության համար է նա քրեորեն պատասխանատու։ Երբ խոսքը գնում է «օրենքի» մասին, 7–րդ հոդվածը ենթադրում է ճիշտ այն նույն հասկացությունը, որը հիշատակվում է Կոնվենցիայի մեկ այլ հատվածում՝ այդ եզրույթը կիրառելիս. հասկացություն, որը ներառում է գրված և չգրված օրենքը, ինչպես նաև ենթադրում է որակական պահանջներ, ինչպիսիք են մատչելիությունը և կանխատեսելիությունը (տե՛ս, այլ գործերի շարքում, S.W. v. the United Kingdom և C.R. v. the United Kingdom, 1995 թվականի նոյեմբերի 22–ի վճիռներ, Սերիա Ա, թիվ 335–C, §§ 34-35 և §§ 32-33, Streletz, Kessler and Krenz v. Germany [ՄՊ], թիվ 34044/96, 35532/97, 44801/98, § 50, ՄԻԵԴ 2001–II)։
57. Ցանկացած իրավական համակարգում, այդ թվում նաև` քրեական իրավունքում, որքան էլ հստակ մշակված լինի իրավական դրույթը, գոյություն ունի դատական մեկնաբանության անխուսափելի բաղադրիչ։ Մշտապես կլինի կասկածելի կետերը պարզաբանելու և փոփոխվող հանգամանքներին հարմարեցնելու անհրաժեշտություն։ Իսկապես, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետություններում դատական օրինաստեղծ գործընթացների միջոցով քրեական օրենսդրության շարունակական զարգացումը իրավական ավանդույթի արմատավորված և անհրաժեշտ մաս է կազմում։ Կոնվենցիայի 7–րդ հոդվածը չի կարող դիտարկվել որպես յուրաքանչյուր գործի դեպքում դատական մեկնաբանության միջոցով քրեական պատասխանատվության կանոնների պարզաբանումը օրենքից դուրս համարող հոդված` պայմանով, որ արդյունքում ստացված մշակված տարբերակը համապատասխանում է հանցանքի էությանը և կանխատեսելի է (տե՛ս, ի թիվս այլոց, վերոնշյալ S.W, § 36, վերոնշյալ Streletz, Kessler and Krenz, § 50 և K.-H. W. v. Germany [ՄՊ], թիվ 34201/97, §§ 45, ՄԻԵԴ 2001–II)։
(բ) Սույն գործի նկատմամբ սկզբունքների կիրառելիությունը
58. Դատարանը նշում է, որ սույն գործում դիմումատուի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարելու ընթացքում Սովետական Հայաստանի նախկին ՔՕ–ն ուժի մեջ է գտնվել։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նախկին ՔՕ–ն ուժը կորցրել է և փոխարինվել Հայաստանի նոր ՔՕ–ով, որի 325–րդ հոդվածով դիմումատուին մեղադրանք է առաջադրվել և ինքը դատապարտվել է։
59. Դատարանը այնուհետև նկատում է, որ Կողմերը չեն վիճում այն հարցի շուրջ, որ նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածը նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածի նախկին տարբերակն է։ Այնուամենայնիվ, դիմումատուն պնդել է, որ 213–րդ հոդվածը սահմանափակվում էր միայն պետության կամ հասարակական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթղթերի կեղծմամբ։ Կառավարությունը, իր հերթին, պնդել է, որ 213–րդ հոդվածը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե կեղծված փաստաթուղթը տրամադրվել է պետական հաստատության, մասնավոր իրավաբանական անձի, թե անհատի կողմից։
60. Այս առումով դատարանը նշում է, որ, ինչպես երևում է Կառավարության ներկայացրած փաստաթղթերից, գոնե Սովետական վարչակարգի անկումից, Հայաստանի կողմից անկախություն ձեռք բերելուց և իրավական, քաղաքական և տնտեսական կարգը փոփոխելուց հետո, Հայաստանի Հանրապետության դատարանները 213–րդ հոդվածը կիրառել են իրավական նշանակություն ունեցող ցանկացած փաստաթղթի, այդ թվում նաև մասնավոր ձեռնարկությունների փաստաթղթերի (տե՛ս վերևում` §§ 37 և 38) կեղծման վերաբերյալ քրեական գործերի նկատմամբ։
61. Դատարանը նաև նշում է, որ 2005 թվականի նոյեմբերի 14–ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել, inter alia, նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածի 1–ին կետով այնպիսի փաստաթղթերի կեղծման համար, ինչպիսիք են Բանկի և երրորդ անձի միջև կնքված վարկային համաձայնագրերը։ Ինչպես հետո նշել է Վճռաբեկ դատարանը, ցանկացած փաստաթուղթ, որին իշխանությունները իրավական նշանակություն են տալիս, անկախ նրանից այն տրվել է պետական մարմինների թե առևտրային իրավաբանական անձանց կողմից, նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածով համապատասխանում են «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությանը։ Դատարանը չի գտնում, որ «պաշտոնական փաստաթուղթ» հասկացության նման մեկնաբանությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կեղծման հանցանքի էությանը կամ, այն ընդունելով, ներպետական դատարանները ընդլայնել են հանցանքի հասկացությունը այնքան, որ այն բացահայտ կերպով դուրս է մնացել դրա գործողության շրջանակից։ Հետևաբար, մնում է պարզել, թե արդյոք կեղծման հանցանքի նման մեկնաբանությունը կարող էր դիմումատուն ողջամտորեն կանխատեսել։
62. Այս առումով դատարանը նշում է, որ նախկին ՔՕ–ի 213րդ հոդվածով սահմանված «իրավունք վերագրող կամ պատասխանատվությունից ազատող այլ փաստաթուղթ» հասկացության մեկնաբանությունը համապատասխանում է նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածի հիման վրա ներպետական դատարանների ընդունած «այլ պաշտոնական փաստաթղթեր» հասկացությանը։ Հաշվի առնելով նախկին և նոր Քրեական օրենսգրքերի մեկնաբանության և կիրառության ընդհանրությունը՝ դատարանը գտնում է, որ իրեն վերագրվող արարքները կատարելիս այդ օրենքին ենթարկվելը բավականաչափ կանխատեսելի էր դիմումատուի կողմից եթե ոչ ընդհանուր գիտելիքի, ապա գոնե իրավաբանական խորհրդատվության միջոցով (համեմատե´ք Moiseyev v. Russia, թիվ 62936/00, § 241, 9 Հոկտեմբեր 2008)։ Այն հանգամանքը, որ դիմումատուին մեղադրանք չի առաջադրվել նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածով դիմումատուին այն ժամանակահատվածում, երբ այն դեռևս ուժի մեջ էր, չի կարող, դատարանի կարծիքով, հանգեցնել այն եզրահանգման, որ այդ Հոդվածով դիմումատուի արարքները իրականում չեն համարվել հանցանք այն ժամանակ, երբ դրանք կատարվել են։
63. Ավելին, Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել նոր ՔՕ–ի 325–րդ հոդվածի 1–ին կետի համաձայն, որով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը ավելի քիչ է, քան նախկին ՔՕ–ի 213–րդ հոդվածի 1–ին կետով սահմանված ժամկետը, այսինքն՝ երկու տարի` ի տարբերություն երեք տարվա (տե´ս վերևում` §§ 35 և 36)։ Հետևաբար, սույն գործում չկա քրեական օրենքի հետադարձ կիրառելիություն ի վնաս դիմումատուի։ Ամեն դեպքում, 325–րդ հոդվածի 1–ին կետով նախատեսված ոչ մի պատիժ չի կիրառվել դիմումատուի նկատմամբ, քանի որ առաջին ատյանի դատարանը այդ մասով կարճել է նրա դեմ հարուցված քրեական գործը` վաղեմության ժամկետների կանոնի համաձայն (տե´ս վերևում` § 29)։
64. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 7–րդ հոդվածը չի խախտվել։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
65. Դիմումատուն նաև մի շարք բողոքներ է ներկայացրել Կոնվենցիա 5–րդ հոդվածի 1–ին կետի և 6–րդ հոդվածի 1–ին կետի ներքո:
66. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատազորության ներքո՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք: Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է քրեական օրենքի անկանխատեսելի կիրառության մասին բողոքն ընդունելի, իսկ մնացած մասն անընդունելի:
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2013 թվականի փետրվարի 5-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սանտիագո Քուեսադա
Քարտուղար Ջոզեփ Կասադեվալ
Նախագահ