Հոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը
Հոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը
«1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը կարող են խափանման միջոց կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է. 1) թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմիններից, 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, 3) կատարել քրեական օրենքով արգելված արարք, 4) խուսափել քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատիժը կրելուց, 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործությունների համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝ 1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, 2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը, 3) տարիքը և առողջական վիճակը, 4) սեռը, 5) զբաղմունքը, 6) ընտանեկան դրությունը և խնամակալների առկայությունը, 7) գույքային դրությունը, 8) բնակության մշտական վայրի առկայություն, և 9) այլ էական հանգամանքներ:»