Անցնել բովանդակությանը

Հոդված 426.4. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 426.4. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են [եթե] .... Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը…»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

45. Դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝

6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համակցությամբ, բողոքել է, որ դատական քննության ժամանակ իրենց չի տրվել տուժող Հ.Հ.-ին և վկաներ Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին և Ս.Կ.-ին խաչաձև հարցաքննելու հնարավորություն:

46. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի «դ» ենթակետն ունեն հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ....արդարացի ... լսումների իրավունք։

...

3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

...

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

...»:

Ա. Ընդունելիությունը

47. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուները

48. Դիմումատուները պնդել են, որ չեն եղել հիմնավոր պատճառներ՝ տուժող Հ.Հ.-ի և վկաներ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի՝ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու համար՝ դրանք դատական քննության ժամանակ ուսումնասիրելու փոխարեն: Մարզային դատարանը որևէ ջանք չի գործադրել ապահովելու տուժող Հ.Հ.-ի ներկայանալը, ով դիմումատուների համար համարվում էր առանցքային նշանակություն ունեցող վկա: Բոլորին հայտնի էր, որ Հ.Հ.-ն Հայաստանում էր, և նրա հոգեբանական վիճակը դատական քննությանը չներկայանալու պատճառ չէր: Ինչ վերաբերում է Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին և Ս.Կ.-ին, ապա նրանք կանչվել էին դատարան, սակայն չէին ներկայացել, քանի որ մեկնել էին Հայաստանից: Այս վկաների գտնվելու վայրի կապակցությամբ Մարզային դատարանը հղում է կատարել բարեկամների և հարևանների հայտարարություններին, սակայն որևէ ջանք չի գործադրել ստուգելու դրանց ճշմարտացիությունը: Վկաները կարևոր ազդեցություն են ունեցել դիմումատուների գործի վրա, և հետևաբար դատարանը պետք է ջանքեր գործադրեր դիմումատուների կողմից նրանց հարցաքննելու հնարավորությունն ապահովելու համար:

49. Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքները եղել են դիմումատուներին դատապարտելու համար օգտագործված միակ և վճռորոշ ապացույցները: Դատավճիռներում նշվել է, որ դիմումատուների մեղքն ապացուցվել է մինչդատական վարույթի փուլի այդ ցուցմունքներով: Հ.Հ.-ն եղել է այս գործով միակ ականատեսը: Հ.Հ.-ի և դիմումատուների միջև մինչդատական վարույթի ընթացքում իրականացված առերեսումը չէր կարող համարվել որպես դիմումատուների կողմից նրան հարցաքննելու պատշաճ հնարավորություն: Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։

բ) Կառավարությունը

50. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում տեղի չի ունեցել: Մարզային դատարանը հաշվի է առել վարույթի ընթացքում ձեռք բերված մի շարք ապացույցներ, այդ թվում՝ տուժող Հ.Հ.-ի և վկաներ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքները: 2011 թվականի մայիսի 18-ին դիմումատուների և Հ.Հ.-ի միջև տեղի են ունեցել առերեսումներ, որոնց ընթացքում դիմումատուները պատշաճ հնարավորություն են ունեցել վիճարկելու նրա ցուցմունքները: Մարզային դատարանը ջանքեր է գործադրել համապատասխան վկաների ներկայանալն ապահովելու համար, սակայն արդյունքի չի հասել: Դատարանն ընդունել է առնվազն չորս որոշում՝ նրանց դատարան բերման ենթարկելու մասին, և նրանց մասնակցությունն ապահովելու համար դատական նիստերը հետաձգվել են: Քանի որ դատարանը գործադրել է բոլոր ողջամիտ ջանքերը՝ ապահովելու համար նրանց ներկայությունը (թեև ապարդյուն), մինչդատական վարույթի ընթացքում նրանց կողմից տրված ցուցմունքներն ընդունելը եղել է հիմնավորված:

51. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի չճշտված ցուցմունքները չեն հանդիսացել միակ և վճռորոշ ապացույցը՝ կապված դիմումատուի դատապարտման հետ, քանի որ Մարզային դատարանը հաշվի է առել մի շարք այլ ապացույցներ: Դիմումատուների մեղքը կհաստատվեր նույնիսկ Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի ցուցմունքների բացակայության դեպքում: Օրինակ՝ Մարզային դատարանը հղում է կատարել Հ.Պ.-ի մեղադրական մի քանի ցուցմունքներին, որոնցով հաստատվել է դիմումատուների մեղքը:

52. Կառավարությունը պնդել է, որ նախաքննության փուլում դիմումատուներին հնարավորություն է տրվել հարցաքննելու իրենց դեմ ցուցմունք տված անձանց, ինչը կարևոր հակակշռող գործոն է եղել: Ավելին, ներպետական օրենսդրության համաձայն, քննիչը պետք է իրականացներ առերեսում, եթե մեղադրյալի և այլ անձանց ցուցմունքների միջև էական հակասություններ լինեին: Դիմումատուները զրկված չեն եղել նշված վկաների հետ առերեսման համար քննիչին կամ դատախազին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Դիմումատուները նման միջնորդություն ներկայացրել են միայն նախաքննության վերջում և միայն Ա.Ս.-ի առնչությամբ, ով թաքնվել էր [վարույթից]: Դատական քննության ժամանակ ևս դիմումատուները չեն պահանջել առերեսում և նույնիսկ պահանջել են, որ Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին և Ս.Կ.-ին հանեն դատական քննությանը մասնակցելու համար կանչման ենթակա վկաների ցուցակից՝ նրանց տված ցուցմունքները ոչ արժանահավատ լինելու պատճառով:

53. Կառավարությունը եզրակացրել է, որ վարույթն ընդհանուր առմամբ եղել է արդար և մրցակցային, և պահպանվել է կողմերի հավասարության սկզբունքը: Դիմումատուները կարողացել են օգտվել իրենց բոլոր դատավարական իրավունքներից և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատական քննության փուլում:

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդհանուր սկզբունքները

54. Դատարանը կրկին նշում է, որ 6-րդ հոդվածի կիրառությունը կարգավորող հիմնական սկզբունքն արդարացիությունն է։ Արդար դատաքննության իրավունքը ժողովրդավարական հասարակության մեջ այնքան կարևոր տեղ է զբաղեցնում, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները նեղ իմաստով մեկնաբանելը որևէ կերպ չի կարող արդարացվել (տե՛ս Մորեյրա դե Ազեվեդոն ընդդեմ Պորտուգալիայի [Moreira de Azevedo v. Portugal], 1990 թվականի հոկտեմբերի 23, § 66, շարք Ա, թիվ 189, և Գրեգաչևիչն ընդդեմ Խորվաթիայի [Gregačević v. Croatia], թիվ 58331/09, § 49, 2012 թվականի հուլիսի 10)։

55. Ավելին, Դատարանը վերահաստատում է, որ որպես ընդհանուր կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ մեղադրյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի՝ իր դեմ տված ցուցմունքի թույլատրելիությունը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու՝ վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (տե՛ս Ալ-Խավաջան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Khawaja and Tahery v. the United Kingdom [GC]], թիվ 26766/05 և 22228/06, § 118, ՄԻԵԴ 2011, և Պոլետանը և Ազիրովիկն ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Poletan and Azirovik v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 26711/07, 32786/10 և 34278/10, § 81, 2016 թվականի մայիսի 12):

56. Ալ-Խավաջայի և Թահերիի գործով (վերևում հիշատակված, §§ 119-147) Մեծ պալատը հստակեցրել է այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, երբ վկան դռնբաց դատական քննությանը չի ներկայանում։ Այդ սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ.

i) Դատարանը նախ պետք է քննի այն նախնական հարցը, թե արդյոք հիմնավոր պատճառ կա չներկայացած վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար՝ հաշվի առնելով, որ վկաները պետք է, որպես ընդհանուր կանոն, ցուցմունք տան դատական քննության ժամանակ, և որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց ներկայությունն ապահովելու համար.

ii) չներկայանալու ամենահաճախ հանդիպող պատճառներն են, օրինակ, ինչպես Ալ-Խավաջայի և Թահերիի գործում (վերևում հիշատակված), վկայի մահը կամ վախը վրեժխնդրությունից: Այնուամենայնիվ, վկան դատական քննությանը կարող է չներկայանալ նաև այլ իրավաչափ պատճառներով.

iii) եթե վկան չի հարցաքննվել վարույթի ավելի վաղ փուլում, ապա վկայի ցուցմունքը դատական քննության ժամանակ տեղում տրվող ցուցմունքի փոխարեն թույլատրելը պետք է լինի ծայրահեղ միջոց.

iv) չներկայացած վկաների՝ նախկինում տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը հնարավոր անբարենպաստ պայմաններ է ստեղծում մեղադրյալի համար, ով, ըստ էության, քրեական դատավարության ժամանակ պետք է ունենա իր դեմ ներկայացված ապացույցները վիճարկելու արդյունավետ հնարավորություն։ Մասնավորապես, նա պետք է կարողանա ստուգել վկայի ցուցմունքների ճշմարտացիությունը և հավաստիությունը՝ վկաներին իր ներկայությամբ բանավոր հարցաքննելու միջոցով՝ վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.

v) «միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքի» համաձայն՝ այն դեպքում, երբ մեղադրյալը դատապարտվում է բացառապես կամ հիմնականում այն վկաների տված ցուցմունքների հիման վրա, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել վարույթի փուլերից որևէ մեկում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն սահմանափակվում են.

vi) այս համատեքստում «վճռորոշ» բառը պետք է ընկալվի նեղ իմաստով՝ որպես այնպիսի նշանակության կամ կարևորության ապացույց, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար: Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա դրա վճռորոշ լինելու հանգամանքը գնահատելը կախված է հիմնավորող ապացույցների ծանրակշիռ լինելուց. որքան ծանրակշիռ են մեղավորությունը հաստատող մյուս ապացույցները, այնքան ավելի քիչ հավանական է, որ չներկայացած վկայի ցուցմունքը համարվի վճռորոշ.

vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի վարույթի արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքստում, միակ կամ վճռորոշ [ապացույցի] սկզբունքը չպետք է կիրառվի ոչ ճկուն եղանակով.

viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցն է մեղադրյալի դեմ, ապա այն որպես ապացույց ճանաչելը, ինքնըստինքյան, չի հանգեցնում 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման: Միևնույն ժամանակ, եթե դատապարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են չներկայացած վկաների ցուցմունքները, ապա Դատարանը պետք է վարույթն առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի: Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ այդ ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, դրանք կարևոր գործոն կհամարվեն հավասարակշռության համար և անհրաժեշտ կլինեն դրանց հակակշռող բավարար գործոններ, այդ թվում՝ հուսալի դատավարական երաշխիքներ։ Ցանկացած դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ կերպով գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճանաչելու համար։ Սա թույլ կտա, որ անձին դատապարտելը հիմնված լինի այդ ցուցմունքների վրա միայն այն դեպքում, եթե դրանք բավականաչափ հավաստի լինեն՝ հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը։

57. Այս սկզբունքները մանրամասնորեն պարզաբանվել են Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]] գործում (թիվ 9154/10, §§ 111-131, ՄԻԵԴ 2015), որում Մեծ պալատը հաստատել է, որ վկայի չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը չի կարող ինքնին վկայել դատաքննության անարդարացի լինելու մասին, թեև ընդհանուր արդարացիությունը գնահատելիս այն ամեն դեպքում կարևոր գործոն է հավասարակշռությունը որոշելու համար և կարող է որոշիչ դեր ունենալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում արձանագրելու հարցում։ Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն էր պարզել՝ արդյոք դատական քննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել, այն պետք է բավարար հակակշռող գործոնների առկայությունն ուսումնասիրի ոչ միայն այն գործերում, որոնց դեպքում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է եղել դիմումատուին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնց դեպքում այն չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք տվյալ ցուցմունքը միակն ու վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները։

Հակակշռող գործոնների՝ դատաքննությունն արդար համարելու համար անհրաժեշտ շրջանակը կախված է չներկայացած վկայի ցուցմունքի նշանակությունից։ Որքան կարևոր նշանակություն ունենա այդ ցուցմունքը, այնքան ավելի կարևոր նշանակություն պետք է ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատաքննությունն ընդհանուր առմամբ համարվի արդարացի (տե՛ս Սեթոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Seton v. the United Kingdom], թիվ 55287/10, §§ 58 և 59, 2016 թվականի մարտի 31)։

58. Քանի որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները պետք է դիտարկվեն որպես 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի հատուկ ասպեկտներ, Դատարանն այս դեպքում 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի մասով ներկայացված բողոքները կքննի համատեղ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Վան Մեխելենը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [Van Mechelen and Others v. the Netherlands], 1997 թվականի ապրիլի 23, § 49, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑III, և Գրեգաչևիչի գործը՝ վերևում հիշատակված, § 52)։

բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

59. Դատարանը նշում է, որ Մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու մեջ և դատապարտել է նրանց համապատասխանաբար տասներեք և տասներկու տարի ժամկետով ազատազրկման: Մինչդատական վարույթի ընթացքում իրականացված միակ առերեսումը եղել է Հ.Հ.-ի՝ որպես վկայի, և դիմումատուների միջև: Դիմումատուները խնդրել են, որ Հ.Հ.-ն և վկաներ Ա.Ս.-ն, Մ.Մ.-ն, Ս.Գ.-ն և Ս.Կ.-ն հարցաքննության համար կանչվեն և բերման ենթարկվեն առաջին ատյանի դատարան, սակայն նրանցից ոչ մեկը չի ներկայացել:

60. Ինչ վերաբերում է չներկայացած վկաների գրավոր ցուցմունքները որպես ապացույց օգտագործելուն, ապա Դատարանը բազմիցս նշել է, որ արդար դատաքննության պահանջներից մեկն այն է, որ մեղադրյալին տրվի այն դատավորի ներկայությամբ վկայի՝ իր դեմ տված ցուցմունքի թույլատրելիությունը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու հնարավորություն, որը վերջնական որոշում է կայացնելու գործի վերաբերյալ, քանի որ դատավորի դիտարկումները տվյալ վկայի վարքագծի վերաբերյալ և այն մասին, թե որքանով կարելի է վստահել նրան, կարող են հետևանքներ ունենալ մեղադրյալի համար (տե՛ս Հանուն ընդդեմ Ռումինիայի [Hanu v. Romania], թիվ 10890/04, § 40, 2013 թվականի հունիսի 4, հաջորդող հղումների հետ միասին)։

i) Արդյոք վկաների չներկայանալու համար եղել են հիմնավոր պատճառներ

61. Դատարանը վերահաստատում է, որ առաջին ատյանի դատարանի տեսանկյունից՝ վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն՝ դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր՝ դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Եթե վկայի չներկայանալու համար այդ իմաստով առկա են հիմնավոր պատճառներ, ապա դա նշանակում է, որ կան հիմնավոր պատճառներ կամ հիմնավորումներ՝ չներկայացած վկայի չստուգված ցուցմունքներն առաջին ատյանի դատարանի կողմից որպես ապացույց ընդունվելու համար (տե՛ս Շաչաշվիլիի գործը՝ վերևում հիշատակված, § 119): Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը (տե՛ս Ալ-Խավաջայի և Թահերիի գործը՝ վերևում հիշատակված, §§ 120-125), ներառյալ այն իրավիճակները, երբ վկային հնարավոր չէ հայտնաբերել (տե՛ս Ցեբերն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Tseber v. the Czech Republic], թիվ 46203/08, § 48, 2012 թվականի նոյեմբերի 22, և Պաիչն ընդդեմ Խորվաթիայի [Paić v. Croatia], թիվ 47082/12, § 34, 2016 թվականի մարտի 29):

62.Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի՝ դատական քննությանը չներկայանալու պատճառը եղել է այն, որ հնարավոր չի եղել գտնել նրանց: Հավանաբար Հ.Հ.-ն և Ս.Կ.-ն դեռևս գտնվում էին Հայաստանում, սակայն Ա.Ս.-ն,Մ.Մ.-ն և Ս.Գ.-ն մեկնել էին երկրից(տե՛ս վերևում՝ 34-36-րդ պարբերությունները): Դատարանը նշում է, որ թեև առաջին ատյանի դատարանը մի քանի անգամ փորձել է ապահովել նրանց մասնակցությունը, նրան չի հաջողվել դա անել: Առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել լրացուցիչ այլ միջոցներ Հ.Հ.-ին և Ս.Կ.-ին Հայաստանի տարածքում գտնելու համար, ինչպես նաև չի դիմել, օրինակ՝ միջազգային իրավական օգնության՝ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի և Ս.Գ.-ի գտնվելու վայրը պարզելու համար, ովքեր, ըստ երևույթին, գտնվում էին երկրից դուրս:

63. Նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ այս անձանց չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, հիմնավոր պատճառի բացակայությունը դեռևս ոչինչ չի նշանակում: Թեև դա շատ կարևոր գործոն է մյուս համապատասխան պնդումների հետ ընդհանուր հավասարակշռության մեջ դիտարկելու հարցում, այնուամենայնիվ, այն մի դիտարկում է, որն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի արդարացիության բացակայության մասին (տե՛ս Սեթոնի գործը` վերևում հիշատակված, § 62):

ii) Արդյոք չներկայացած վկայի ցուցմունքը եղել է «միակն ու վճռորոշը»

64. Ալ-Խավաջայի և Թահերիի գործով ստուգման երկրորդ փուլը գնահատումն է, թե արդյոք չներկայացած այն վկայի ցուցմունքը, որի ցուցմունքները որպես ապացույց են ճանաչվել, եղել է մեղադրյալի դատապարտման միակ կամ վճռորոշ հիմքը: Կառավարությունը պնդել է, որ չներկայացած վկաների ցուցմունքները չեն եղել դիմումատուների դատապարտումը հիմնավորող միակ և վճռորոշ հիմքերը, մինչդեռ դիմումատուները պնդել են, որ նրանց ցուցմունքները եղել են իրենց մեղքն ապացուցող միակ ապացույցները: Ավելին, ըստ դիմումատուների, Հ.Հ.-ն եղել է այս գործով միակ ականատեսը:

65. Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ Մարզային դատարանի դատավճռով, որը հետագայում Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ամբողջությամբ թողնվել է անփոփոխ, Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի ցուցմունքներից բացի, հղում է կատարվել նաև այլ ապացույցների: Դատավճռից պարզ է դառնում, որ Մարզային դատարանը նաև հաշվի է առել մինչդատական վարույթի և դատական քննության փուլերում ձեռք բերված՝ ավելի քան քսան վկաների ցուցմունքները, որպես նախաքննության մաս իրականացված առերեսումների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատաձգաբանական և մատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացությունը, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունը, քննչական փորձարարության արձանագրությունը, օպերատիվ- հետախուզական միջոցառումների արձանագրությունները, Հ.Հ.-ի և երկրորդ դիմումատուի ավտոմեքենաների զննության արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, երկրորդ դիմումատուի ավտոմեքենայի պետհամարանիշը ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, մի քանի հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները և մանրաթելերի քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը):

66. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի ցուցմունքները հիմնարար կերպով վերաբերելի էին գործին: Այս ապացույցների հիման վրա՝ ներպետական դատարանները պետք է որոշեին, թե արդյոք դիմումատուները մեղավոր էին սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու մեջ, թե՝ ոչ: Եթե նույնիսկ այս ապացույցը սույն գործով միակ ապացույցը չլիներ, այն առնվազն վճռորոշ դեր ուներ դիմումատուների ներգրավվածության հարցում: Դա այդպես է, հատկապես, որ դատարաններին հասանելի մյուս ապացույցները համոզիչ չեն եղել: Ավելին, ինչ վերաբերում է այդ ապացույցներին, ապա Մարզային դատարանը պարտավոր էր դիմումատուներին հնարավորություն տալ պատշաճ կերպով իրականացնել իրենց պաշտպանությունը և առաջ քաշել իրենց բոլոր փաստարկները: Դրա փոխարեն դատարանն իր եզրակացություններում հիմնվել է այնպիսի վկաների ցուցմունքների վրա, որոնք երբևէ չեն հարցաքննվել դատական նիստի ժամանակ (տես, ի հակադրություն, Կաշլևն ընդդեմ Էստոնիայի [Kashlev v. Estonia], թիվ 22574/08, § 47, 2016 թվականի ապրիլի 26): Այս հանգամանքներում այն, որ Մարզային դատարանն անձամբ չի լսել վկաներ Հ.Հ.-ին, Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին և Ս.Կ.-ին, որոնց ցուցմունքները հետագայում օգտագործվել են դիմումատուների դեմ, կարողացել է էապես ազդել դիմումատուների պաշտպանվելու իրավունքի վրա:

iii) Արդյոք եղել են բավարար հակակշռող գործոններ

67. Դատարանը կրկին նշում է, որ այն պետք է բավարար հակակշռող գործոնների առկայությունն ուսումնասիրի ոչ միայն այն գործերում, որոնց դեպքում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է եղել դիմումատուին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնց դեպքում այն չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք տվյալ ցուցմունքը միակն ու վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այդ ցուցմունքը կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները (տե՛ս Շաչաշվիլիի գործը՝ վերևում հիշատակված, §116, և Սեթոնի գործը՝ վերևում հիշատակված, § 59): Շաչաշվիլիի գործում Մեծ պալատն այս համատեքստում որպես վերաբերելի առանձնացրել է հետևյալ տարրերը՝ առաջին ատյանի դատարանի մոտեցումը չստուգված ապացույցներին, մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունն ու ուժը և դատական քննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը կոմպենսացնելու համար ձեռնարկված դատավարական միջոցները (տե՛ս Շաչաշվիլիի գործը, §145, և Պաիչի գործը, §38՝ երկուսն էլ վերևում հիշատակված):

68. Դատարանը նկատում է, որ պաշտպանության կողմի համար առաջացած դժվարությունները կոմպենսացնելու համար եղել են որոշ դատավարական երաշխիքներ, ինչպես օրինակ՝ մինչդատական վարույթի ընթացքում տուժող Հ.Հ.-ի և դիմումատուների միջև առերեսումը: Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով, դրանք բավարար չեն եղել կոմպենսացնելու այն հանգամանքը, որ դիմումատուները նույնիսկ հնարավորություն չեն ունեցել վիճարկելու նախաքննության փուլում վկաներ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի կողմից տրված ցուցմունքները: Բոլոր դեպքերում բոլոր ապացույցները պետք է ստուգվեին դատարանում: Ավելին, Մարզային դատարանի դատավճռում ոչինչ չի մատնանշում, որ այն առանձնահատուկ զգուշավորություն է դրսևորել չստուգված ապացույցների նկատմամբ, կամ որ այն ավելի քիչ նշանակություն է տվել նման ցուցմունքներին (համեմատել, օրինակ, Ալ-Խավաջայի և Տահերի գործը, § 157, և Պաիչի գործը, § 43՝ երկուսն էլ վերևում հիշատակված):

iv) Եզրակացություն

69. Վերոնշյալ պնդումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ տվյալ գործում խախտվել է դիմումատուների արդար դատաքննության իրավունքը:

70. Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

71. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

72. Դիմումատուները պահանջել են համապատասխանաբար 24000 և 18000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և յուրաքանչյուրը 20000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

73. Կառավարությունը համարել է, որ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ենթադրյալ խախտման և [դիմումատուի] կրած նյութական վնասի միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէր: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա Կառավարությունը համարել է, որ խախտում արձանագրելն ինքնին կլինի դիմումատուների կրած ոչ նյութական վնասի բավարար արդարացի փոխհատուցում: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանց մեծ էր և պետք է նվազեցվեր։

74. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից, այն դիմումատուներին յուրաքանչյուրին շնորհում է 2400 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

75. Դատարանը նաև անհրաժեշտ է համարում նշել, որ վճիռը, որով այն Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով շնորհվող գումարները, եթե այդպիսիք կան, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և (կամ) անհրաժեշտության դեպքում՝ անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքների համար այնպիսի իրատեսական հատուցում տրամադրելու համար, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ գոյություն ունեցած իրավիճակը (տե՛ս Սկոզարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy [GC]], թիվ 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII, Իլաշկուն և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] [Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC]], թիվ 48787/99, § 487, ՄԻԵԴ 2004‑VII, և Լունգոկին ընդդեմ Ռումինիայի [Lungoci v. Romania], թիվ 62710/00, § 55, 2006 թվականի հունվարի 26)։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրվելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե այդ դրույթի պահանջները չանտեսվեին (տե՛ս mutatis mutandis, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Sejdovic v. Italy [GC]], թիվ 56581/00, § 127, ՄԻԵԴ 2006‑II, և Յանակիևն ընդդեմ Բուլղարիայի [Yanakiev v. Bulgaria], թիվ 40476/98, § 89, 2006 թվականի օգոստոսի 10)։

76. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ և 426.4-րդ հոդվածներով նախատեսվում է ներպետական վարույթը վերսկսելու հնարավորություն, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը)։ Ինչպես Դատարանն արձանագրել է սույն գործին նման նախորդ գործերում, հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի գործը սահմանված կարգով վերսկսելն ու վերանայելը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (տե՛ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի [Gabrielyan v. Armenia], թիվ 8088/05, § 104, 2012 թվականի ապրիլի 10, և Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia], թիվ 13479/11, § 75, 2016 թվականի նոյեմբերի 10, և Ասատրյանն ընդդեմ Հայաստանի [Asatryan v Armenia], թիվ 3571/09, §§ 73-74, 2017 թվականի ապրիլի 27)։

Բ. Ծախսերը և ծախքերը

77. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով պահանջ չի ներկայացրել։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

78. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուներից յուրաքանչյուրին վճարի 2400 եվրո (երկու հազար չորս հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 6-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Աբել Կամպոս

Քարտուղար

Քսենյա Տուրկովիչ

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։