Հոդված 11
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության [և այլոց հետ միավորվելու ազատության] իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Ընդունելիությունը
214. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն բերված՝ ազատորեն արտահայտվելու իրավունքի հետ կապված բողոքի մասով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ Կառավարությունն այդ պնդումը հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել։ Նրանք ոչ էլ նշել են իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք դիմումատուն կարող էր օգտագործել։ Հետևաբար Կառավարության պնդումն ընդունելու հիմքեր առկա չեն, և այն պետք է մերժվի։
215. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն։ Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
216. Դիմումատուն նշել է, որ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո՝ 2008 թվականի փետրվարի 20-ին, ընդդիմության կողմից ցույցի կոչ է արվել, որը դարձել է մշտական նստացույց Ազատության հրապարակում և առանց դադարի շարունակվել է մինչև 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան։ Այսպիսով, շարունակաբար իրականացվող ցույցերը նախատեսվում էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքով և վերջինիս իմաստով օրինական էին։ Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակը կարևոր դաշտ էր դարձել ընտրությունների արդյունքների և հանրային մտահոգություն առաջացնող այլ հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների համար, իսկ մի շարք քաղաքական ակտիվիստներ և կառավարությանը քննադատող անձինք անօրինական կերպով կալանավորվել էին նույն ժամանակահատվածում։ Ցույցերը խաղաղ են եղել, ինչի մասին մեծապես վկայում են միջազգային կազմակերպությունների զեկույցները, Հայաստանում հավատարմագրված դիվանագետները և Հայաստանի օմբուդսմենը։ Ավելի ուշ, երբ իշխանությունները առաջ են քաշել Ազատության հրապարակում ցուցարարների մոտ եղած զենքերի և այլ վտանգավոր իրերի մասին պատմությունը, այդ տեղեկատվության աղբյուրը երբեք չի բացահայտվել, և ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել ցույցերի ժամանակ հրազեն կամ որևէ այլ արգելված իր ունենալու համար։ Ոստիկանության գործողությունների իրական պատճառը եղել է ցույցը դադարեցնելը, և զենքերի ենթադրյալ ստուգումը միայն դա քողարկելու միջոց է եղել։ Քննություն իրականացնող մարմինները չեն անդրադարձել Օմբուդսմենի կողմից իր զեկույցում այդ առնչությամբ բարձրացված մտահոգություններից և ոչ մեկին (տե՛ս վերևում՝ 124-րդ պարբերությունը)։
217. Դիմումատուն պնդել է, որ և՛ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան խաղաղ ցույցի ցրման, և՛ իր դեմ հարուցված քրեական գործի հետևանքով տեղի է ունեցել միջամտություն իր՝ ազատորեն արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքին։ Անհնազանդություն հրահրելու և իշխանությունը զավթելուն, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր անելու համար ՔՕ-ի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 301-րդ հոդվածով և 318-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքները նույնպես վկայում են ազատորեն արտահայտվելու իր իրավունքին միջամտության մասին, քանի որ հիմնականում նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել հանրահավաքների ժամանակ իր կարծիքը բարձրաձայնելու համար։ Նույնիսկ եթե այդ մեղադրանքներն ավելի ուշ հանվել են, դրանք, այնուամենայնիվ, հիմք են հանդիսացել նրան կալանքի տակ պահելու համար։
218. Դիմումատուն պնդել է, որ ինքը քաղաքական բանտարկյալ է եղել, քանի որ իր դեմ հարուցված քրեական գործը եղել է շինծու և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ ի պատասխան հետընտրական ցույցերին իր մասնակցությանը և ընդդիմության ակտիվիստ լինելուն։ Ինքը հայտնի է եղել իշխանություններին, քանի որ հանրահավաքներին ակտիվ մասնակից է եղել և մեկ առիթով նույնիսկ ելույթ է ունեցել՝ այդպիսով գրավելով նրանց ուշադրությունը։ Իրեն ձերբակալելիս ոստիկանության ծառայողները հայհոյել ու անունով են դիմել իրեն, ինչից ինքը հասկացել է, որ նրանք իրեն հետապնդել են։ Քննիչի կողմից՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում իր դերի հետ կապված նրան ուղղված հարցերի բնույթը նույնպես հաստատել է նրա նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Նա մեղադրվել է չպարզված ոստիկանության ծառայողներին դիմադրելու համար, և մի քանի ամիս անց նրա դեմ հարուցված վարույթը հիմնավորելու համար առաջ է քաշվել մի կեղծ վարկած, որի համաձայն Ազատության հրապարակից փախչելուց մոտավորապես 30 րոպե հետո նա գտնվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Երևանի Մամուլի շենքի մոտ գտնվող տարածքում, որտեղ նա դիմադրել է նույն ոստիկանության ծառայողներին, որոնց բախվել էր Ազատության հրապարակում, և ձերբակալվել է։ Ոչ մի բացատրություն չի տրամադրվել այդ տարածքում ոստիկանության ծառայողների ներկայության վերաբերյալ։
219. Ինչպես ներկայացվել է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից մի շարք զեկույցներում, միջազգային համայնքի շրջանում հստակ պատկերացում կա, որ, ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի հանձնակատարն իր մամլո ասուլիսների ժամանակ, հետընտրական ցույցերի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը հանգեցրել է «ընդդիմության նկատմամբ քաղաքական վենդետայի»։ Հարյուրավոր ոստիկանության ծառայողների բանակն անօրինական և անհիմն հարձակում է սկսել խաղաղ ցուցարարների վրա, ինչն ուղեկցվել է չափից ավելի ուժի օգտագործմամբ՝ դրանով արհեստականորեն բախում հրահրելով ընդդիմության կողմնակիցների շրջանում՝ նրանց դեմ քրեական գործ հարուցելու և պետության կողմից հովանավորվող քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր դեպքերում միայն ընդդիմության անդամները և նրանց կողմնակիցներն են ձերբակալվել և ավելի ուշ դատապարտվել, մինչդեռ ոչ մի ոստիկանության ծառայողի կամ իշխանության ներկայացուցչի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, և նրանցից ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության՝ չնայած այն փաստին, որ օգտագործվել է չափից ավելի ուժ, ինչի հետևանքով գրանցվել է մահվան 8 դեպք, և ավելի քան 150 անձ վնասվածքներ է ստացել։
220. Դիմումատուն պնդել է, որ քանի որ իր դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընկած են եղել քաղաքական շարժառիթներ, այդպիսի միջամտությունը չի կարելի օրենքով սահմանված միջամտություն համարել։ Ինչ վերաբերում է ցույցերը ցրելուն, ապա Հայաստանի օմբուդսմենի՝ ոստիկանության գործողությունների անօրինականության վերաբերյալ զեկույցում ներկայացված մտահոգություններից և ոչ մեկին քննության ժամանակ կամ Կառավարության դիտարկումներում անդրադարձ չի կատարվել։ Ոստիկանության կողմից ներկայացված բոլոր ապացույցները համարվել են հավաստի, իսկ նրանց գործողությունները, առանց պատշաճ ուսումնասիրման և գնահատման, համարվել են օրինական այն դատարանների կողմից, որոնք չեն իրականացրել փաստերի օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրություն։ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չի եղել ո՛չ քաղաքական կարծիքների արտահայտմանը միջամտությունը, ո՛չ էլ ցույցերի ցրումը։ Ինչ վերաբերում է վերջինին, մի շարք հարցեր մնացել են անպատասխան։ Մասնավորապես, ցույցերը ցրելու անհամաչափ միջոցը, որի հետևանքով վնասվել են հարյուրավոր անձինք, ոստիկանության՝ ընդդիմության առաջնորդի հետ չհաղորդակցվելն այն դեպքում, երբ վերջինս առաջարկել է հետևել նրանց պահանջներին, այդպիսի մեծամասշտաբ գործողություններ իրականացնելու համար այդքան վաղ ժամի ընտրությունը, ավելին, եթե ենթադրենք, որ խուզարկություն և առգրավման գործողություններ են իրականացվել, որոնք արգելված են Քրեական դատավարության [օրենսգրքի] նորմերով, այդքան մեծ քանակությամբ ծառայողների ներգրավմամբ ոստիկանական գործողությունները չտեսաձայնագրելու, միևնույն ժամանակ լրագրողներին խոչընդոտելով իրադարձությունները տեսաձայնագրելու հարցում, նստացույցի բոլոր մասնակիցներին ցրելու պատճառները, ինչպես նաև այն փաստը, թե ինչու է հաջորդ 38 ամիսներին Ազատության հրապարակը փակ մնացել ընդդիմության ցանկացած տեսակի հավաքների համար, եթե ոստիկանական գործողությունների նպատակն է եղել ապօրինի զենքերի խուզարկությունն ու առգրավումը։
բ) Կառավարությունը
221. Կառավարությունը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո՝ 2008 թվականի փետրվարի 20-ի և 29-ի միջև ընկած ժամանակահատվածում, նախագահի թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը և իր մի խումբ աջակիցներ շարունակաբար անցկացրել են չթույլատրված հասարակական միջոցառումներ, այդ թվում ցույցեր՝ դրանով իսկ խաթարելով հասարակական կարգը, մայրաքաղաքի բնականոն կյանքը, բնակիչների անդորրը, երթևեկությունը, ինչպես նաև հանրային և ուսումնական հաստատությունների ու մասնավոր ձեռնարկությունների գործունեությունը։ Չնայած այս փաստին, իշխանությունները փորձեր չեն կատարել միջամտելու ցույցերի անցկացմանը։ Այնուամենայնիվ, ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին բազմիցս տեղեկացվել է հանրահավաքների անօրինական բնույթի մասին, այդ թվում՝ գրավոր։
222. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իրենց տարբերակի և դրա օգտին բերված ապացույցների վրա հիմնվելով (տե՛ս վերևում՝ 13-րդ և 14-րդ պարբերությունները)՝ Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ի ցույցը խաղաղ չի եղել 11-րդ հոդվածի իմաստով, քանի որ դրա կազմակերպիչները և մասնակիցներն ունեցել են բռնի մտադրություններ։ Կասկածյալ Վ.Ն.-ի ցուցմունքում նույնպես նշվել է ցույցի ոչ խաղաղ բնույթի և դրա մասնակիցների մտադրությունների մասին, որի համաձայն՝ հավաքի մասնակիցների և կազմակերպիչների հրահանգով նա պատվիրել է և նրանց է հանձնել սրածայր մետաղյա առարկաներ, որոնք, ինչպես հետագայում պարզել են փորձագետները, սառը զենքեր են եղել։ Ամեն դեպքում իշխանությունները բավականին երկար ժամանակ անտեսել են ցույցերին դիմումատուի ներկայության խորհրդանշական և ապացուցողական արժեքը, և այդքան երկար ժամանակ անց ենթադրյալ միջամտությունը, հետևաբար, անհիմն չի եղել, պնդել է Կառավարությունը՝ հղում կատարելով Չիսն ընդդեմ Ֆրանիսայի [Cisse v. France] գործին (թիվ 51346/99, § 52, ՄԻԵԴ 2002‑III)։ Այսպիսով, ոստիկանական գործողությունները, դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և հետագայում դատապարտումն օրինական են եղել, և հետևաբար նրա՝ 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին ենթադրյալ միջամտությունը կատարվել է այդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Այն սահմանված է եղել օրենքով, հետապնդել է անկարգություններն ու հանցագործությունները կանխելու իրավաչափ նպատակ, ինչպես նաև համաչափ է եղել։
223. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքին, ապա այդ հոդվածով երաշխավորված իր իրավունքներին միջամտություն չի եղել, քանի որ ցուցարարների կողմից դրսևորված բռնության և զինված դիմադրության պայմաններում ոստիկանության գործողություններն ամեն դեպքում չէին կարող համարվել արտահայտվելու ազատության իրավունքին միջամտություն։
2. Դատարանի գնահատականը
ա) Դիմումատուի բողոքների շրջանակը
224. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք)` 11-րդ հոդվածի նկատմամբ, որը lex speciallis (հատուկ օրենք) է։ Դատարանը, հետևաբար, գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է ուսումնասիրվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, §35, շարք Ա թիվ 202, և Կուդրեվիչուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։
225. Մյուս կողմից, չնայած դրա ինքնավար դերին և կիրառության հատուկ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործով պետք է նաև դիտարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս Էզելինի գործը՝ վերևում հիշատակված, § 37, Հակոբյանը և այլք՝ վերևում հիշատակված, § 86, և Կուդրեվիչուսը և այլք՝ վերևում հիշատակված, § 86)։
բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը։
226. Դատարանը կրկին նշում է, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար իրավունքներից է և ինչպես արտահայտվելու ազատության իրավունքը, այդպիսի հասարակության հիմքերից մեկն է։ Հետևաբար այն չպետք է նեղ իմաստով մեկնաբանվի։ Որպես այդպիսին, այս իրավունքը տարածվում է և՛ մասնավոր հանդիպումների, և՛ հանրային վայրերում հանդիպումների վրա՝ թե՛ մեկ վայրում հավաքվելու, թե՛ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու (երթի) միջոցով. բացի այդ, դա կարող է իրականացվել անհատ մասնակիցների և հավաքներ կազմակերպող մարդկանց կողմից (տե՛ս Ջյավիթ Անն ընդդեմ Թուրքիայի [Djavit An v. Turkey], թիվ 20652/92, § 56, ՄԻԵԴ 2003-III, Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի (որոշում) [Ziliberberg v. Moldova (dec.)], թիվ 61821/00, 2004 թվականի մայիսի 4, և Կուդրեվիչուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 91)։
227. Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը՝ հասկացություն, որը չի ներառում այն ցույցերը, որոնց կազմակերպիչները և մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ։ Հետևաբար 11-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են բոլոր հավաքների նկատմամբ՝ բացի այն հավաքներից, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցներն ունեն այդպիսի մտադրություններ, հրահրում են բռնություն կամ այլ կերպ մերժում են ժողովրդավարական հասարակության հիմքերը (նույն տեղում, § 92)։
228. Դատարանն այնուհետև կրկին նշում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել բացարձակ արգելքի՝ իրավաբանորեն կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Կասպարովի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 84, Նավալնիի և Յաշինի գործը՝ վերևում հիշատակված, § 51, և Կուդրեվիչուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 100)։
229. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործը նախևառաջ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողություններին հանգեցնող դեպքերին, քանի որ դիմումատուն դրանից կարճ ժամանակ անց ձերբակալվել է և չի մասնակցել Երևանում նույն օրն ավելի ուշ ծավալվող իրադարձություններին, այդ թվում՝ հետագայում անցկացված հանրահավաքներին և ոստիկանության ու ցուցարարների միջև ենթադրյալ բախումներին։ Ավելին, թեև տեխնիկապես ոստիկանական տվյալ գործողությունների արդյունքում քանդվել է ճամբարը, այդ ճամբարը 2008 թվականի փետրվարի 20-ից ի վեր Ազատության հրապարակում անցկացվող առավել մեծ հավաքի մի մասն է եղել, որը գրավել է հազարավոր մարդկանց, և որը սույն գործի հիմքում է ընկած։ Կառավարությունը պնդել է, որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել՝ պնդելով, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել առ այն, որ 2008 թվականի մարտի 1-ին զենքեր և ռազմամթերք պետք է մատակարարվեր ցուցարարներին՝ զանգվածային անկարգություն հրահրելու համար, և որ ցուցարարներն առաջինն են հարձակվել ոստիկանության վրա Ազատության հրապարակում։
230. Դատարանը կրկին նշում է, որ ցույցի կազմակերպիչների բռնի մտադրությունների ապացուցման բեռն ընկած է իշխանությունների վրա (տե՛ս Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի (թիվ 2) [Christian Democratic People’s Party v. Moldova (no. 2)], թիվ 25196/04, § 23, 2010 թվականի փետրվարի 2)։ Այն ի սկզբանե նշում է, որ ապացույցներ չկան այն մասին, որ ընդդիմության շատ կողմնակիցների կարծիքով կեղծված նախագահական ընտրությունների անցկացման դեմ Ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարի 20-ից իրականացված ցույցերում առկա է եղել որևէ բռնություն հրահրելու կամ բռնության գործողություններ՝ մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունները։ Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ ցուցարարները ծրագրել են զինվել զանգվածային անկարգություն հրահրելու համար, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել տվյալ ապացույցները կամ նույնիսկ որևէ համապատասխան մանրամասներ կամ բացատրություններ չի տրամադրել։ Դիմումատուի քրեական գործը քննող դատարանները նույնպես մանրակրկիտ քննություն չեն անցկացրել տվյալ ապացույցների մասով և ուղղակի հիմնվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի՝ 2008 թվականի մարտի 27-ի գրության վրա, որն իր հերթին, ընդհանուր առմամբ, հղում է կատարել «ստացված հետախուզական տեղեկություններին» (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Ենթադրյալ հետախուզական տեղեկությունների բնույթն ու աղբյուրը, այնուամենայնիվ, պարզ չեն և, ըստ երևույթին, երբեք էլ չեն բացահայտվել կամ քննվել վարույթի որևէ փուլում։ Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Ազատության հրապարակում հայտնաբերված զենքերը, այդ թվում՝ ատրճանակները, նռնակներն ու «ծակող» սուր առարկաներն առնչություն են ունեցել ցուցարարներից որևէ մեկի հետ (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։ Ոչ էլ որևէ ապացույց է եղել, որը կհիմնավորեր, որ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ժամանակ ցուցարարների կողմից օգտագործվել են հրազեններ, պայթուցիկ նյութեր կամ սառը զենք, ինչը զարմանալի է՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել և մտադրություն են ունեցել զինված ապստամբություն սկսելու։
231. Դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ դիմումատուն չի հերքել, որ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ժամանակ ընդհարումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այնուամենայնիվ, միայն այն փաստը, ըստ որի՝ հավաքի ժամանակ բռնություն է եղել, ինքնին բավարար չէ՝ համարելու, որ դրա կազմակերպիչները բռնի մտադրություններ են ունեցել (տե՛ս Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Karpyuk and Others v.Ukraine], թիվ 30582/04 և 32152/04, § 202, 2015 թվականի հոկտեմբերի 6)։ Դատարանը նախկինում քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում ցուցարարները ներգրավված են եղել բռնության գործողություններում, և գտել է, որ տվյալ ցույցերը եղել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում այն հիմքով, որ այս հավաքների կազմակերպիչները չեն ունեցել բռնի մտադրություններ, և առկա չեն եղել հիմքեր՝ ենթադրելու, որ հավաքները խաղաղ չպետք է լինեին (տե՛ս Նուրեթին Ալդեմիրը և այլք ընդդեմ Թուրքիայի [Nurettin Aldemir and Others v. Turkey], թիվ 32124/02, 32126/02, 32129/02, 32132/02, 32133/02, 32137/02 և 32138/02, § 45, 2007 թվականի դեկտեմբերի 18, Պրոտոպապան ընդդեմ Թուրքիայի [Protopapa v. Turkey], թիվ 16084/90, § 104, 2009 թվականի փետրվարի 24, Ուզունգեթը և այլք ընդդեմ Թուրքիայի [Uzunget and Others v. Turkey], թիվ 21831/03, § 52, 2009 թվականի հոկտեմբերի 13, Ասպրոֆտասն ընդդեմ Թուրքիայի [Asproftas v. Turkey], թիվ 16079/90, § 106, 2010 թվականի մայիսի 27, Գյունը և այլք ընդդեմ Թուրքիայի [Gün and Others v.Turkey], թիվ 8029/07, § 50, 2013 թվականի հունիսի 18, Գյուլջուն ընդդեմ Թուրքիայի [Gülcü v. Turkey], թիվ 17526/10, §§ 91-97, 2016 թվականի հունվարի 19, Յարոսլավ Բելուսովն ընդդեմ Ռուսաստանի [Yaroslav Belousov v. Russia], թիվ 2653/13 և 60980/14, §§ 169-172, 2016 թվականի հոկտեմբերի 4)։ Ավելին, եթե երկու կողմերը՝ ցուցարարները և ոստիկանությունը, ներգրավված են եղել բռնության գործողություններում, երբեմն անհրաժեշտ է քննել, թե ով է սկսել բռնությունը, և արդյոք դիմումատուն անձամբ ագրեսիայի սկզբնական գործողությունների համար այն պատասխանատու անձանց թվում է եղել, որոնք նպաստել են հավաքի նախնական խաղաղ բնույթի խաթարմանը (տե՛ս Պրիմովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Primov and Others v. Russia], թիվ 17391/06, § 157, 2014 թվականի հունիսի 12)։
232. Կառավարությունը սույն գործով պնդել է, որ առաջինը ցուցարարներն են հարձակվել ոստիկանության վրա, ինչը հաստատում է այն փաստը, որ նրանք բռնի մտադրություններ են ունեցել։ Դիմումատուն, այնուամենայնիվ, և՛ այս Դատարանում, և՛ ներպետական դատարաններում վիճարկել է իրադարձությունների այսպիսի նկարագրությունը (տե՛ս, ի հակադրություն դրա, Պրիմովի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 158) և պնդել է, որ փաստացի տեղի է ունեցել հենց հակառակը, և որ ոստիկանությունն Ազատության հրապարակում առաջինն է հարձակվել խաղաղ ցուցարարների ճամբարի վրա՝ դաժանորեն ցրելով հավաքը և դիտավորյալ հրահրելով բախումներ։ Դատարանը նշում է, որ Կառավարության պնդումը, ըստ երևույթին, հիմնված է եղել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի՝ վերը նշված գրության մեջ ներկայացված իրադարձությունների պաշտոնական նկարագրության վրա (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, նրանք, ըստ երևույթին, այդ եզրահանգումներին չեն եկել անկողմնակալ և անկախ քննության արդյունքում, և դրանք, կարծես թե, լիովին հիմնված են եղել այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվ դեր են ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում, այդ թվում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներում, և ավելին, ենթադրաբար չափից ավելի ուժ են օգտագործել ցուցարարների նկատմամբ։ Տվյալ եզրահանգումները հիմնավորված չեն որևէ օբյեկտիվ ապացույցով և, ավելին, ինչպես երևում է, դրանք հակասում են քրեական գործի մի շարք այլ նյութերի, այդ թվում՝ թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշմանը և մի քանի այլ փաստաթղթերի, որոնցից երևում է, որ Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը կարող է իսկապես լինել ոստիկանության կողմից ձեռնարկված՝ որոշ չպարզված միջոցառումների հետևանք, որի նպատակը եղել է ցույցը հարկադրաբար դադարեցնելը՝ ի հակադրություն ցուցարարների կողմից նախազգուշական հարձակման, ինչպես պնդել է Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 15-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ և 39-րդ պարբերությունները)։ Հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը քննող դատարանները որևէ ձևով չեն անդրադարձել բախման հանգամանքներին, այդ թվում՝ այն հարցին, թե ով է հրահրել այն՝ իրենց վճիռներում չներառելով համապատասխան մանրամասները։ Նույնիսկ դիմումատուի կողմից վիճարկվող՝ ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի վրա հարձակումն է ներկայացվել որպես սպորադիկ բնույթ ունեցող գործողություն, առանց գնահատելու, թե արդյոք բռնությունը դիտավորությամբ է տեղի ունեցել, թե չպլանավորված զարգացումներ են եղել (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը)։ Ճիշտ է, որ պարզվել է նաև, որ դիմումատուի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, որից կարելի է ենթադրել, որ նա բռնի մտադրություններ է ունեցել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն եղանակը, որի միջոցով այդ եզրահանգմանն են եկել, և այն ապացույցները, որոնց վրա հիմնվել են (տե՛ս վերևում՝ 208-210-րդ պարբերությունները), ինչպես նաև այն մասին որևէ ապացույցի կամ տեղեկությունների բացակայությունը, որ դիմումատուն երբևէ փորձել է օգտագործել ենթադրյալ դանակը, Դատարանը գործի հատուկ հանգամանքներում այն չի համարում Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունից նրան զրկելու բավարար և հուսալի տարր։ Դատարանը վերջապես նշում է, որ առկա են տարբեր միջազգային և ներպետական մարմինների կողմից ներկայացված՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մի շարք արժանահավատ զեկույցներ, որոնք հաստատում են, որ Ազատության հրապարակում անցկացվող ցույցերը խաղաղ են եղել և կասկած են հարուցում իրադարձությունների պաշտոնական նկարագրության, այդ թվում՝ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հանգամանքների մասով (տե՛ս վերևում՝ 124-րդ, 125-րդ, 129-րդ, 131-րդ, 132-րդ և 134-րդ պարբերությունները)։ Վերջապես, Կառավարությունը, անդրադառնալով Վ.Ն.անունով անձի կողմից տրված ցուցմունքին, այնուամենայնիվ, չի տրամադրել մանրամասներ կամ բացատրություն՝ տվյալ մարդու ինքնության, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում նրա ենթադրյալ ներգրավվածության կամ դիմումատուի հատուկ գործին նրա ցուցմունքի վերաբերելիության մասին։
233. Այսպիսով, առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել։
234. Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել միջամտության առկայությունը, փոխարենը պնդել է, որ հավաքը խաղաղ չի եղել։ Այն նաև նշում է, որ ոստիկանական տվյալ գործողությունների հետևանքով արդյունավետ կերպով ցրվել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և հետևաբար, միջամտություն է կատարվել դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքին։ Ավելին, հետագայում կիրառված պատժամիջոցները ներառել են դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ենթադրաբար գործած մի շարք արարքների, այդ թվում՝ իշխանությունը բռնությամբ զավթելուն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր հնչեցնելու, ոստիկանության ծառայողների՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանության ծառայողների վրա հարձակվելու համար, [ընդ որում] վերջինը միակ մեղադրանքն է եղել, որը հանգեցրել է դիմումատուի դատապարտմանը (միջամտության նմանատիպ դեպքերի համար տե՛ս, օրինակ, Բալչիկը և այլք ընդդեմ Թուրքիայի [Balçık and Others v.Turkey], թիվ 25/02, §§ 41-42, 2007 թվականի նոյեմբերի 29, Նուրեթինի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 34-35, Պրոտոպապայի գործը՝ վերևում հիշատակված, § 104, Գաֆգազ Մամադովն ընդդեմ Ադրբեջանի [Gafgaz Mammadov v. Azerbaijan], թիվ 60259/11, §§ 52-53, 2015 թվականի հոկտեմբերի 15, և Յարոսլավ Բելուսովի գործը՝ վերևում հիշատակված, §§ 171-172)։ Ճիշտ է, որ դիմումատուն դատապարտվել է նաև երկու այլ արարքների, մասնավորապես, Արշակունյաց փողոցում մեկ այլ ոստիկանության ծառայողի վրա հարձակվելու և դանակ կրելու համար, որը, per se (որպես այդպիսին), ուղղակիորեն կապված չի եղել հավաքների ազատության իր իրավունքը իրացնելու հետ։ Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ գտել է, որ այդ արարքները կատարվել են նույն հավաքին դիմումատուի մասնակցության համատեքստում, որին հաջորդել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումները։ Հետևաբար Դատարանը դժվարանում է սույն գործի շրջանակներում ընդհանուր առմամբ տարանջատել այդ իրադարձությունները դիմումատուի գործի հետ կապված մյուս իրադարձություններից՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առնչությամբ, և պատրաստ է ենթադրել, որ այն փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, վիճելի հիմքով կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք։
235. Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով։
գ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր
i) Օրենքով սահմանված լինելը և իրավաչափ նպատակը
236. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):
237. Դիմումատուն նշել է, որ քանի որ իր նկատմամբ հարուցված վարույթը շինծու է եղել, այն չէր կարող օրինական լինել, իսկ Կառավարությունը միջամտության օրինականության հետ կապված հատուկ փաստարկներ չի բերել և նշել է, որ այն հետապնդել է անկարգություններն ու հանցագործությունները կանխելու իրավաչափ նպատակ։ Դատարանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում այս հարցերի վերաբերյալ որոշում կայացնել՝ հաշվի առնելով միջամտության անհրաժեշտության հետ կապված ստորև նշված եզրահանգումները (տե՛ս, mutatis mutandis, Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, թիվ 28793/02,
§§ 49-54, ՄԻԵԴ 2006-II)։
ii) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
238. Դատարանը կրկին նշում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով՝ հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի։ Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ։ Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման՝ Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս Կուդրեվիչուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 142)։
239. Մանրամասն քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնելն է, այլ 11-րդ հոդվածի համաձայն՝ նրանց որոշումները վերանայելը։ Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակի իրեն՝ պարզելիս, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն ու բարեխղճորեն, թե՝ ոչ. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի՝ որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը», և մասնավորապես, արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» են եղել։ Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և բացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (նույն տեղում, § 143):
240. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործի շրջանակներում միջամտության անհրաժեշտության վերաբերյալ կողմերի տարաբնույթ կարծիքների հիմքում ընկած են գործի փաստական հանգամանքների առնչությամբ հակասող տարբերակները։ Կառավարությունը պնդել է, որ ոստիկանությունն Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելու որևէ մտադրություն չի ունեցել և որ ուղղակի այնտեղ է եղել զննություն կատարելու համար, երբ ցուցարարները, այդ թվում՝ դիմումատուն արձագանքել են ագրեսիվորեն և հարձակվել են նրանց վրա։ Դիմումատուն վիճարկել է իրադարձությունների այս նկարագրությունը և պնդել է, որ ոստիկանական գործողությունների նպատակն է եղել դադարեցնել հավաքը։ Նա վիճարկել է իր նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման փաստական հիմքերը և պնդել է, որ նա ո՛չ հավաքի ժամանակ, ո՛չ էլ այն ցրելու ժամանակ անօրինական որևէ բան չի կատարել, և որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը եղել է քաղաքական շարժառիթներով պայմանավորված ու շինծու՝ ընդդիմության կողմնակից լինելու և ցույցերին ակտիվորեն մասնակցելու համար իրեն պատժելու նպատակով։
241. Դատարանը բազմաթիվ անգամներ շեշտել է, որ գիտակցում է, որ իր դերը երկրորդական է և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի տրիբունալի դեր ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ որոշակի գործի հանգամանքներից ելնելով։ Որպես ընդհանուր կանոն, եթե ներպետական մակարդակով իրականացվել են վարույթներ, Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջիններիս խնդիրն է իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը։ Չնայած այն հանգամանքին, որ Դատարանը սահմանափակված չէ ներպետական դատարանների եզրակացություններով և ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, նորմալ հանգամանքներում պահանջվում են համոզիչ փաստարկներ, որոնք թույլ կտան շեղվել ներպետական դատարանների կողմից արված՝ փաստերի վերաբերյալ եզրակացություններից (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Օստինը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Austin and Others v. the United Kingdom [GC]], թիվ 39692/09 և ևս 2-ը, § 61, ՄԻԵԴ 2012)։ Դատարանը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համատեքստում, այդ թվում՝ Հայաստանի դեմ գործով նախկինում կիրառել է այս հիմնավորումը (տե՛ս Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Others v. Armenia], թիվ 34320/04, §§ 90-99, 2012 թվականի ապրիլի 10, ինչպես նաև Նեմցովի գործը՝ վերևում հիշատակված, §§66-71, Կարպյուկի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 194-206, և Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v.Azerbaijan], թիվ 67360/11 և ևս 2-ը, §§ 87-97, 2016 թվականի փետրվարի 11)։
242. Դատարանը Հակոբյանի և այլոց գործով գտել է, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքների ժամանակ ընդդիմության ակտիվիստների՝ այդ հանրահավաքներին մասնակցությունը խոչընդոտելու և կանխելու կամ մասնակցության համար պատժելու վարչական գործելակերպ է եղել՝ կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարճաժամկետ ազատազրկման ընթացակարգը, այդ թվում՝ այնպիսի հիմքերով, ինչպիսիք հայհոյախառն խոսքեր ասելն է կամ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելը հանրահավաքների հետ առնչություն չունեցող հանգամանքներում։ Գտնելով, որ դիմումատուները՝ ընդդիմության երեք կողմնակիցները, այդ գործելակերպի զոհ են դարձել՝ Դատարանը մերժել է նրանց՝ այդ հիմնավորմամբ դատապարտման փաստական հիմքերը և եզրակացրել է, որ նրանց ազատազրկման իրական պատճառն ընդդիմության կողմից շարունակաբար անցկացվող ցույցերին մասնակցությունը կանխելը կամ նրանց ետ պահելն է եղել (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 90-99)։
243. Դատարանը մի քանի նմանություններ է նկատում սույն գործի ու Հակոբյանի և այլոց գործի միջև։ Նախևառաջ, այն նմանապես վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Հայաստանում քաղաքական զգայունության բարձր մակարդակ էր, որի արդյունքում ընդդիմության կողմից հանրահավաքներ էին անցկացվում ենթադրաբար ոչ արդար նախագահական ընտրությունների արդյունքների դեմ (համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ՝ վերևում հիշատակված, § 90)։ Իշխանությունների՝ դրան հետևող արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել է որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում»։ Առկա է կասկած, որ նրանց դեմ հարուցված մեղադրանքներից շատերը՝ հատկապես միայն ոստիկանության ցուցմունքների վրա հիմնված մեղադրանքները, «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված են եղել» (տե՛ս վերևում՝ 125-րդ և 127-րդ պարբերությունները)։ Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներից մեկից պարզ է դառնում, որ հնարավոր է, որ իշխանությունները տեղեկություններ էին հավաքել ընդդիմության հանրահավաքների մասնակիցների մասին (տե՛ս վերևում՝ 130-րդ պարբերությունը)։ Ավելին, դիմումատուի անունը, մասնավորապես, հայտնվել է Հանձնակատարի՝ տվյալ իրադարձությունների վերաբերյալ զեկույցներից մեկում (տե՛ս վերևում՝ 131-րդ պարբերությունը)։ Երկրորդ, դիմումատուի նկատմամբ վարույթն իրականացվել է համանման ձևով։ Նրա նկատմամբ հարուցված ամբողջ գործը նույն կերպ հիմնված է եղել բացառապես ոստիկանության ցուցմունքների վրա, և ներպետական դատարանների կողմից փաստերի առումով արված եզրահանգումները, ըստ երևույթին, նույն կերպ միակն են եղել և հանգամանքների մասով անվիճարկելի եզրակացությունում, ինչպես ներկայացված է այդ ցուցմունքում, չեն եղել մանրամասներ և զարմանալիորեն կարճ են եղել (տե՛ս վերևում՝ 208-210-րդ պարբերությունները և ստորև՝ 249-րդ պարբերությունը և համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ՝ վերևում հիշատակված, §98)։ Այդպիսի նմանությունները, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների կողմից վերը նշված զեկույցները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս, որոնց համար Դատարանի կողմից դիմումատուի հատուկ գործի հետ կապված պահանջվում է հատուկ ուշադրություն և մանրամասն քննություն։
244. Դատարանը նշում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո մեծ բազմությունը, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներն ու կողմնակիցները 2008 թվականի փետրվարի 20-ից ամեն օր հավաքվել են Ազատության հրապարակում՝ մասնակցելու հանրային լուրջ մտահոգություն առաջացնող հարցերի, մասնավորապես այն նախագահական ընտրությունների անցկացման և արդյունքների վերաբերյալ քաղաքական բանավեճերի, որոնք շատերի կարծիքով կեղծված են եղել։ Կողմերի միջև որևէ վեճ չկա այն մասին, որ հավաքն անցկացվել է առանց նախապես իրազեկելու, ինչպես պահանջվում է ներպետական օրենսդրությամբ (տե՛ս վերևում՝ 119-րդ պարբերությունը)։ Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ չնայած այն, ըստ էության, չի հակասում 11-րդ հոդվածի ոգուն, եթե հասարակական կարգի և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բարձր պայմանավորվող կողմը պահանջում է, որ հանդիպումների անցկացման համար առկա լինի թույլտվություն, անօրինական իրավիճակը, ինչպես օրինակ, առանց նախնական թույլտվության ցույցի անցկացումը չի արդարացնում հավաքների ազատության [իրավունքի] խախտումը: Չնայած հանրային հավաքները կարգավորող կանոնները, ինչպիսին է նախապես իրազեկելու համակարգը, էական են հրապարակային միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար, քանի որ դրանք թույլ են տալիս իշխանություններին նվազեցնել երթևեկության խափանումը և ձեռնարկել անվտանգության այլ միջոցառումներ, դրանց կիրառման ապահովումն ինքնին չի կարող լինել ինքնանպատակ։ Մասնավորապես, այն դեպքում, երբ անկարգ ցուցարարները չեն ներգրավվել բռնության գործողություններում, Դատարանը պահանջել է, որ հանրային իշխանությունները խաղաղ հավաքների մասով որոշ չափով հանդուրժողականություն ցուցաբերեն, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաքների ազատությունը չպետք է ամբողջովին իմաստազրկվի (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի [Oya Ataman v. Turkey], թիվ 74552/01, §§ 39 և 42, ՄԻԵԴ 2006‑XIV, և Կասպարովը և այլք՝ վերևում հիշատակված, § 91): Համապատասխան «հանդուրժողականության աստիճանը» չի կարող սահմանվել in abstracto (վերացական ձևով). Դատարանը պետք է դիտարկի գործի կոնկրետ հանգամանքները և մասնավորապես «բնականոն կյանքի խաթարման» աստիճանը (տե՛ս Պրիմովի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 145)։
245. Դատարանն արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, և ոչինչ չի վկայում այն մասին, որ այդպես չէր շարունակվելու (տե՛ս վերևում՝ 233-րդ պարբերությունը)։ Իսկապես, պարզ է դառնում, որ իշխանությունները թույլ են տվել հավաք կազմակերպել, այդ թվում՝ ցուցարարներին թույլ են տվել ճամբար կառուցել ու շարունակել այդ կերպ և ինն օր շարունակ այն քանդելու փորձեր չեն կատարել, մինչև հավաքը չի դադարեցվել 2008 թվականի վաղ առավոտյան ոստիկանական գործողությունների արդյունքում։ Ինչպես արդեն վերևում նշվել է, հանգամանքները, որոնցում ոստիկանական տվյալ գործողությունները կատարվել են, այդ թվում՝ դրանց նպատակը և իրականացումը վիճարկվել են կողմերի կողմից։ Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է իր այն եզրահանգմամբ, որ Կառավարությունը չի ներկայացրել իրադարձությունների վերաբերյալ իրենց այն տարբերակը հիմնավորող ապացույցներ, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներին ռազմամթերք է մատակարարվել։ Ավելին, Կառավարությունը տվյալ [ոստիկանական] գործողության պլանավորման, կազմակերպման և հրամանի վերաբերյալ որևէ ապացույց կամ մանրամասներ չի տրամադրել, այդ թվում՝ թե ով է կարգադրել կամ վերահսկել այն, ներգրավված ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները և ձեռնարկված հատուկ միջոցառումները։ Միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ սա լայնածավալ գործողություն է եղել, որում ներգրավված են եղել մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ և ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում՝ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այդպիսի ծավալի գործողություններ պլանավորելու և կազմակերպելու համար անկասկած որոշակի ժամանակ է պահանջվել, և պարզ չէ, թե ինչպես է սա կատարվել 24 ժամից պակաս ժամանակահատվածում, եթե ենթադրվում է, որ հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարի 29-ին։ Վերջապես, ինչպես արդեն վերևում նշվել է, թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշումից և մի քանի այլ փաստաթղթերից, այդ թվում՝ ոստիկանական գործողություններին ենթադրաբար մասնակցած՝ ոստիկանության ծառայողների ցուցմունքներից պարզ է դառնում, որ գործողությունների միակ նպատակն է եղել ցրել Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և որ այդ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են կատարվել (տե՛ս 15-ը, 28-ը, 29-ը, 30-ը և 39-ը)։ Իրադարձությունների վերաբերյալ այս տարբերակը սկզբում մասամբ, իսկ հետագայում ամբողջովին քննությամբ հերքվել է, և զենքերի ստուգումը ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների միակ նպատակ (տե՛ս վերևում՝ 2008 թվականի մարտի 3-ի և օգոստոսի 5-ի՝ դիմումատուին առաջադրված մեղադրանքների մասին որոշումները՝ 41-րդ և 68-րդ պարբերություններում)։ Ոչ իշխանությունների և ոչ էլ Կառավարության կողմից այդպիսի ակնհայտ հակասությունների մասով որևէ բացատրություն չի տրամադրվել։ Դատարանը, այնուամենայնիվ, դժվարանում է հավատալ, որ սա կարող է ուղղակի բացթողում լինել, և իրականում տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանական գործողությունների՝ եթե ոչ միակ, ապա հիմնական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձ է կատարվել։ Այսպիսով, Դատարանը չի գտնում, որ ոստիկանության՝ 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների նպատակի վերաբերյալ պաշտոնական բացատրությունը բավականաչափ արժանահավատ է, և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը՝ պատճառ չունի կասկածելու, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակն Ազատության հրապարակում առկա ճամբարը և ներկա գտնվողներին ցրելն ու հետագայում հավաքների անցկացումը կանխելն է եղել։
246. Կառավարությունը պնդել է, որ ցրումը հիմնավորված է եղել, քանի որ իշխանությունները բավականին երկար են հանդուրժել հավաքները, և հետևաբար այն ցրելը ողջամիտ է եղել։ Ճիշտ է, որ հավաքը տևել է ինն օր, ակնհայտ է, որ իշխանությունների կողմից էապես ընդհատում կամ միջամտություն չի եղել։ Դատարանն այն կարծիքին է, որ այս միակ հիմնավորումը, այնուամենայնիվ, բավարար չէ ցրելու հավաքը՝ առանց որոշակի ապացույցների առ այն, որ դրանով իրական վտանգ է սպառնացել հասարակական կարգին, կամ որ ցուցարարները դիտավորությամբ էապես խաթարել են բնականոն կյանքը և այլոց կողմից իրականացվող օրինական գործունեությունը առավել մեծ չափով, քան եթե նրանք իրենց խաղաղ հավաքների բնականոն իրավունքն իրացնեին (տե՛ս, ի հակադրություն դրա, Կուդրեվիչուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §173, և դրանում հիշատակված գործերը)։ Ըստ երևույթին, հավաքի հետևանքով չի առաջացել երթևեկության դիտավորյալ կամ նույնիսկ ոչ դիտավորյալ խաթարում։ Այն ոչ թե այլոց կողմից գործունեության օրինական իրականացումը խաթարելու, այլ բանավիճելու և քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ ստեղծելու նպատակ է ունեցել, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար։ Հետևաբար առավել բարձր աստիճանի հանդուրժողականություն էր պետք ցուցաբերել սույն գործով, քան իշխանություններն են ցուցաբերել։ Դատարանը չի գտնում, որ Կառավարության կողմից Չիսն ընդդեմ Ֆրանիսայի գործին հղում կատարելը տեղին է, քանի որ ի տարբերություն այդ գործի, սույն գործով Կառավարության կողմից հավաքը ցրելու համար որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ բացառությամբ դրա տևողության վերաբերյալ փաստարկի (տես՛ Չիսի գործը՝ վերևում հիշատակված §§ 51-52)։
247. Դատարանը նաև չի կարող չնկատել հավաքը ցրելու եղանակը։ Այն մատնանշում է մի շարք հավաստի զեկույցների առկայությունը, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ անհիմն և չափից ավելի ուժ է օգտագործել (տե՛ս վերևում՝ 124-րդ, 129-րդ, 132-րդ և 134-րդ պարբերությունները)։ Այդ զեկույցներից որոշներում նաև առկա է պնդում առ այն, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելու նախնական հրաման չի տրվել (տե՛ս վերևում՝ 124-րդ և 134-րդ պարբերությունները)։ Հատկանշական է, որ ոստիկանության գործողությունները, ըստ երևույթին, երբևէ անկախ և անաչառ քննության չեն ենթարկվել։ Վերջապես, Դատարանը նշում է ոստիկանական գործողություններին առնչվող բոլոր հակասությունների և թափանցիկության բացակայության մասին, այդ թվում՝ այդ գործողությունների նպատակի հաճախակի փոփոխվող տարբերակը։
248. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելը անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները:
249. Ինչ վերաբերում է դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն, ըստ երևույթին, հավաքը ցրելուց կարճ ժամանակ անց ձերբակալվել է Ազատության հրապարակից 2կմ հեռավորության վրա գտնվող տարածքում, մասնավորապես՝ Երևանի կրկեսի մոտ գտնվող Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որտեղից նա փախչել է հավաքը ցրվելուց հետո։ Ձերբակալումն իրականացնող ծառայողները պնդել են, որ նրանք ականատես են եղել, թե ինչպես է կրկեսի մոտ դիմումատուն դիմադրել և չի ենթարկվել չպարզված ոստիկանության ծառայողներին, և նշել են, որ դա նրան արգելանքի վերցնելու համար հիմնավորումներից մեկն է եղել։ Այնուամենայնիվ, ինչն է առավել կարևոր. որպես երկրորդ հիմնավորում՝ ծառայողները նշել են, որ դիմումատուն Ազատության հրապարակում կազմակերպել է չթույլատրված ցույցեր՝ ի աջակցություն պրն Տեր-Պետրոսյանին (տե՛ս վերևում՝ 24-րդ, 27-րդ և 28-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ պարզ չէ, թե ինչ հիմքերով են ձերբակալումն իրականացնող այն ծառայողները, որոնք Ազատության հրապարակից բավականին մեծ հեռավորության վրա գտնվող վայրից բերման են ենթարկել դիմումատուին, ենթադրել, որ նա մասնակցել է, ավելին, կազմակերպել է ընդդիմության ցույցերը։ Դրանից հետևում է, որ ծառայողները կա՛մ դիմումատուին ճանաչել են որպես ակտիվ ցուցարար, կա՛մ առնվազն նրան հետևել են Ազատության հրապարակից։ Այդօրն ավելի ուշ քննիչը նշել է ՔՕ-ի 225.1 հոդվածի 2-րդ մասը և 316-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որպես դիմումատուի ձերբակալման հիմքեր, որոնցով սահմանվում են պատժամիջոցներ՝ մի քանի տարբեր արարքների համար, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը։ Թեև դիմումատուի ձերբակալման արձանագրությունն այս կասկածները հիմնավորող որևէ փաստական տեղեկություն չի պարունակել, այնուամենայնիվ, ավելի ուշ դիմումատուին առաջադրված մեղադրանքներից կարելի է եզրակացնել, որ այդ կասկածանքներն առնչվել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին և այն ցրելու ժամանակ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարած արարքներին (տե՛ս վերևում՝ 34-րդ և 41-րդ պարբերությունները)։ Կրկին պարզ չէ, թե ինչ հիմքեր են առկա եղել ենթադրելու, որ դիմումատուն մասնակցել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին, և ավելին, այդ համատեքստում կատարել է որոշ անօրինական արարքներ, հատկապես, եթե այդ փուլում նա դեռ նույնիսկ չէր հարցաքննվել այդ իրադարձությունների կապակցությամբ։
250. Դատարանն այնուհետև նշում է, որ հետագայում դիմումատուն մեղադրվել և կալանավորվել է ՔՕ-ի վերը նշված 225.1 հոդվածի 2-րդ մասի և
316-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 301-րդ հոդվածի և 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որոնցով պատժամիջոցներ են սահմանվում իշխանությունը զավթելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր անելու համար (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ հավաքի կամ այն ցրելու ժամանակ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների մասով այս մեղադրանքների կապակցությամբ չի տրամադրվել որևէ կոնկրետ ապացույց կամ փաստական հիմք։ Թեև մեղադրանք առաջադրելու մասին որոշման և դիմումատուին կալանավորելու մասին որոշման մեջ նշված է եղել, որ նա կազմակերպել է և անցկացրել է ցույցեր, որոնց ժամանակ արվել են իշխանությունը զավթելուն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր, որ նա ավելի ուշ չի ենթարկվել և հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա (տե՛ս վերևում՝ 41-րդ և 45-րդ պարբերությունները), այդ փաստաթղթերից և ոչ մեկում հղում չի կատարվել որևէ ապացույցի, կամ չի ներառվել փաստական մանրամասներ։ Չի նշվել, թե արդյոք դիմումատուն ինքն արել է կոչեր կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր, և եթե արել է, ապա այդպիսի կոչերի կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչերի բնույթը։ Ոչ էլ նշվել է ենթադրյալ հարձակումներ կատարելու բնույթը և ձևը, ինչպես նաև այդպիսի հարձակումների ենթադրյալ զոհերի ինքնությունը։ Նույնը վերաբերում է անհնազանդության ենթադրյալ հրահրմանը։ Այսպիսով, այն փաստերը, որոնց վրա հիմնված են եղել մեղադրանքները, հիմնավորված չեն եղել որևէ ապացույցով, կազմված են եղել շատ ընդհանուր և վերացական եզրույթների կիրառմամբ՝ առանց դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների վերաբերյալ հատուկ մանրամասների, և ըստ երևույթին, միայն մեջբերվել են ՔՕ-ի համապատասխան հոդվածները։ Հետևաբար պարզ է դառնում, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, և նա կալանավորվել է ուղղակի Ազատության հրապարակի հավաքին ակտիվորեն մասնակցելու և այն կազմակերպելու և ոչ թե դրա ընթացքում կատարած հատուկ դատապարտելի արարքի համար։ Ավելին, ինչպես նկարագրված է վերևում, դիմումատուի ձերբակալման հանգամանքներից պարզ է դառնում, որ նա հնարավոր է իշխանություններին հայտնի է եղել որպես ակտիվ ցուցարար։ Նույնը պարզ է դառնում Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի զեկուցագրից, որում նշվել է, որ դիմումատուն արգելանքի է վերցվել Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի «ակտիվիստ» լինելու համար (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը)։ Դատարանը համարում է, որ խաղաղ հավաքը ցրելը և այնուհետև դադարեցնելը, ինչպես նաև դրա ակտիվիստներին կամ այլ խաղաղ մասնակիցներին կալանավորելն առանց որևէ ապացույցի առ այն, որ նրանք անձամբ գործել են որևէ դատապարտելի արարք, ինչպես դիմումատուի դեպքում է եղել, չեն կարող համարվել «ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ» միջոց։
251. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել և նա առնվազն 5 ամսով կալանավորվել է այդպիսի հիմքերով, մինչև նրան առաջադրված մեղադրանքները հանվել են՝ մեծամասամբ ապացույցների բացակայության պատճառով (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը)։ Գրեթե միևնույն ժամանակ նոր ապացույցներ և մեղադրանքներ են ի հայտ եկել, և դիմումատուն մեղադրվել է ոստիկանության ծառայողների վրա երկու հարձակումների և ապօրինի զենք կրելու մեջ։ Դիմումատուն պնդել է, որ այդ մեղադրանքները եղել են արհեստական և շինծու, որպեսզի ամեն գնով նրան դատապարտեն ընդդիմության ակտիվիստ լինելու համար։ Դատարանը նշում է, որ դիմումատուի պնդումները, ըստ էության, անհիմն չեն և ընդգծում է հետևյալը: Նախևառաջ, դիմումատուի նկատմամբ քրեական գործն ի սկզբանե վարելու եղանակը և այն փաստը, որ, ինչպես արդեն նշվել է վերևում, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել և նա կալանավորվել է գրեթե հինգ ամսով մասնավորապես ցույցերին ակտիվորեն մասնակցելու համար, ինքնին հարց է առաջացնում դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման շարժառիթների առնչությամբ։ Երկրորդ, պարզ չէ, թե ինչու մեղադրանք չի առաջադրվել դիմումատուին այդքան երկար ժամանակ, եթե նրա մոտ իրոք դանակ է հայտնաբերվել ձերբակալման հենց առաջին օրը։ Նույնը վերաբերում է Արշակունյաց փողոցում դիմումատուի կողմից ոստիկանության ծառայողի վրա ենթադրյալ հարձակմանը (ինչն ավելի վաղ նկարագրվել էր որպես «ոստիկանության ծառայողներին դիմադրություն և չենթարկվել»)։ Չնայած այն հանգամանքին, որ այս պնդումն արվել է նրան ձերբակալելու ժամանակ, այդ ամբողջ ժամանակահատվածում այդ կապակցությամբ ապացույցներ ձեռք բերելու, այդ թվում՝ տուժողների ինքնությունը պարզելու համար քննչական միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ոչ էլ փորձեր են կատարվել՝ ձեռք բերելու Ազատության հրապարակում հարձակման մասով մեղադրանքը հիմնավորող ապացույցներ՝ չնայած այն փաստին, որ ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ը և Ա.Առ.-ն, ըստ երևույթին, ցուցմունք են տվել, համապատասխանաբար, դեռևս 2008 թվականի մարտի 2-ին և 11-ին (տե՛ս վերևում՝ 19-րդ և 20-րդ պարբերությունները)։ Երրորդ, ինչպես արդեն նշվել է վերևում, ԵԽԽՎ-ի զեկույցների համաձայն՝ ընդդիմության կողմնակիցներին առաջադրված մեղադրանքները, որոնք հիմնված են եղել միայն ոստիկանության ցուցմունքների վրա, կարող էին լինել «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» (տե՛ս վերևում՝ 125-րդ և 127-րդ պարբերությունները)։
252. Չնայած վերը նշվածը լուրջ մտահոգության առարկա է, Դատարանը, այնուամենայնիվ, այն կարգավիճակում չէ, ոչ էլ իր պարտականությունն է որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը։ Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ որոշման համար հիմնավորում ներկայացնելը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված էական դատավարական երաշխիք է, քանի որ դրանով կողմերին ցույց է տրվում, որ իրենց փաստարկները լսվել են, նրանց հնարավորություն է ընձեռում որոշման մասով առարկություններ ներկայացնելու կամ այն բողոքարկելու, ինչպես նաև հիմք է ծառայում հանրության շրջանում դատական որոշման պատճառաբանությունները հիմնավորելու համար։ Ավելին, այս ընդհանուր կանոնն ապահովվում է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություններով՝ ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ ներկայացնել։ Այս պարտավորությամբ անհատներին հնարավորություն է տրվում, ի թիվս այլնի, ծանոթանալ դատարանի՝ իրենց արտահայտվելու ազատությունը կամ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հիմքում ընկած հիմնավորումներին և վիճարկել դրանք, և հետևաբար այն կարևոր դատավարական երաշխիք Է՝ ընդդեմ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով պաշտպանված իրավունքներին կամայական միջամտության (տե՛ս Գյուլջուի գործը՝ վերևում հիշատակված, § 114)։
253. Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները սույն գործով պատշաճ կերպով չեն կատարել նշված պարտավորությունը՝ դիմումատուին որոշ բռնության արարքներ կատարելու և ապօրինի զենք կրելու համար դատապարտելիս։ Այն մտահոգված է այն եղանակի մասին եզրահանգմամբ, որով դիմումատուի գործով դատական քննությունն իրականացվել է, և որով հաստատվել են մեղադրանքների հիմքում ընկած փաստերը (տե՛ս վերևում՝
208-210-րդ պարբերությունները)։ Այն նշում է, որ միայն արդյունքում կայացված վճիռներով է ամփոփվել դիմումատուի դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որն իր հերթին լիովին հիմնված է եղել գործի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա։ Ավելին, ինչպես և ներպետական դատարաններն են հաստատել, փաստերում բացակայել են մանրամասներ, և դրանք լի են եղել անհստակություններով։ Այնպիսի կարևոր փաստեր, ինչպիսիք Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հանգամանքներն են, լիովին անտեսվել են և նույնիսկ չեն նշվել՝ չնայած նրան, որ այդ հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության գործողությունների գնահատումն ուղղակիորեն առնչվել են դիմումատուին առաջադրված մեղադրանքներին։ Որոշ կարևոր հակասությունների այդպես էլ անդրադարձ չի կատարվել, և դրանք մնացել են չբացատրված, այդ թվում՝ այն փաստը, թե դիմումատուն ինչպես կարող էր կատարել տվյալ մեղսագրվող արարքներն այն ժամանակ, երբ նա, համապատասխան զեկույցի համաձայն, արդեն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում էր։ Ներպետական դատարանները, հետևաբար, չեն իրականացրել դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերի մանրամասն և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չեն կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, որը, գործի հատուկ հանգամանքներում և ընդհանուր համատեքստը հաշվի առնելով, պահանջվում էր նրանցից՝ 11-րդ հոդվածով երաշխավորված՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Այսպիսի հանգամանքներում չի կարելի ասել, որ ներպետական դատարանների կողմից ներկայացված՝ միջամտությունը հիմնավորող պատճառներն իսկապես «համապատասխան և բավարար» են եղել, ինչի հետևանքով դիմումատուն զրկվել է պաշտպանության այն դատավարական երաշխիքից, որը նա ունեցել է 11-րդ հոդվածով սահմանված իրավունքի ուժով (տե՛ս, mutatis mutandis, Գյուլջուի գործը՝ վերևում հիշատակված, § 114)։ Ոչ էլ կարելի է ասել, որ դատարաններն իրենց որոշումները հիմնել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատականի վրա։
254. Այսպիսով, նույնիսկ եթե ենթադրենք, որ ցույցի ցրումը և դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը և դատապարտումը համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և հետապնդել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված իրավաչափ նպատակներից որևէ մեկը, ենթադրաբար՝ անկարգությունները և հանցագործությունները կանխելու նպատակը, տվյալ միջոցներն անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, հավաքի ցրումը և դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չէին կարող նրա՝ քաղաքական հանրահավաքներին մասնակցությունը կանխող հետևանք ունենալ։ Անշուշտ, այդ միջոցներով նույնպես հնարավոր է եղել խոչընդոտել այլ ընդդիմադիր կողմնակիցներին և լայն հասարակությանը՝ մասնակցել ցույցերին և ընդհանրապես, մասնակցել բաց քաղաքական բանավեճերին (տե՛ս, mutatis mutandis, Գաֆգազ Մամադովի գործը՝ վերևում հիշատակված, §67)։
255. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
256. Վերջապես, դիմումատուն ներկայացրել է մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, 6-րդ և 13-րդ հոդվածներով։
257. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք։ Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի։
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
258. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
259. Դիմումատուն պահանջել է 70000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
260. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի խախտում տեղի չի ունեցել, և հետևաբար որևէ վնասի համար դիմումատուն չպետք է վճարվի։ Ամեն դեպքում նա չի ապացուցել, որ ինքն իրականում կրել է ոչ նյութական վնաս, կամ որ ենթադրյալ խախտումների և ներկայացված նյութական վնասի միջև եղել է պատճառահետևանքային կապ։
261. Դատարանը համարում է, որ բացահայտված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս, և դիմումատուին շնորհում է 15600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
262. Դիմումատուն նաև պահանջել է ընդհանուր 2640000 ՀՀ դրամ՝ որպես Դատարանում կրած ծախսերի փոխհատուցում։ Այս գումարից դիմումատուն արդեն 275000 ՀՀ դրամ վճարել է իր իրավաբանին և, պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է մնացած մասը վճարեր Դատարանի վճիռը կայացվելուց հետո։
263. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն վճարել է պահանջվող գումարի միայն մի մասը, և հետևաբար ենթադրյալ ծախսերի մնացած մասն իրականում չի կատարվել։ Ավելին, պահանջվող ժամավճարի չափը չափազանցված է և անհիմն։ Վերջապես, պահանջը նաև անհիմն է, քանի որ դիմումատուի և իր իրավաբանի միջև պայմանագիրը կնքվել է միայն 2010 թվականի մայիսին, և իրավաբանը դիմումատուի նախնական գանգատի հետ կապված աշխատանքներ չի տարել։
264. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները, Դատարանը ողջամիտ է համարում [դիմումատուին] շնորհել 5000 եվրո գումար՝ որպես Դատարանի վարույթում [կրած ծախսերի ու ծախքերի] հատուցում։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
265. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի, արդյունավետ քննություն չիրականացնելու, նրան անօրինական կերպով ձերբակալելու, ձերբակալման պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելու, հիմնավոր կասկածի բացակայության և նրա ձերբակալման ու կալանավորման համար համապատասխան ու բավարար հիմնավորումներ չներկայացնելու, նրա նկատմամբ ենթադրյալ ոչ արդարացի դատաքննության, վկաներ կանչելու, արտահայտվելու ազատության և հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ խախտման մասով բողոքները և գանգատի մնացած մասն անընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում.
5. Վճռում է, որ դիմումատուի ձերբակալման օրինականության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
6. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա ուսումնասիրելու Կոնվենցիայի
5-րդ հոդվածի 1-ի կետի «գ» ենթակետի համաձայն բերված բողոքը` դիմումատուի ձերբակալման և կալանավորման համար հիմնավոր կասկածի բացակայության առնչությամբ.
7. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.
8. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում այն առնչությամբ, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար հիմքեր չեն ներկայացրել.
9. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ դիմումատուի գործով դատական քննության արդարացիության առնչությամբ.
10. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.
11. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
12. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 15600 եվրո (տասնհինգ հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 5000 եվրո (հինգ հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
13. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Աբել Կամպոս
Քարտուղար Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Նախագահ